ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանրապետության արդյունաբերության եւ կապիտալ շինարարության աճը 2003 թ.։ Համաձայն այդ տվյալների, արդյունաբերության ոլորտում 2003 թ. համադրելի գներով թողարկվել է 11287.0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, որը 2002 թ. նկատմամբ կազմել է 138.6 տոկոս։ Ըստ տնտեսական գործունեության տեսակներիՙ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի կառուցվածքում 65.9 տոկոսը կամ 7436.5 մլն դրամը կազմել է «Վերամշակող արդյունաբերությունը», իսկ 9.6 տոկոսը կամ 1084.4 մլն դրամըՙ հանրապետությունում նոր ստեղծված «Հանքագործական արդյունաբերությունը»։ Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում պետական եւ ոչ պետական հատվածների կազմակերպությունների թողարկած արտադրանքի տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբարՙ 32.9 եւ 67.1 տոկոս։ Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալն ըստ շրջանների կազմել է. Ստեփանակերտ քաղաքումՙ 7266.4 մլն դրամ (117.5 տոկոս), Ասկերանի շրջանումՙ 884.5 մլն դրամ (121.5 տոկոս), Հադրութումՙ 48.3 մլն դրամ (79.2 տոկոս), Մարտակերտումՙ 1166.0 մլն դրամ (5.2 անգամ), Մարտունիումՙ 1471.8 մլն դրամ (2.6 անգամ), Շուշիումՙ 55.9 մլն դրամ (140.3 տոկոս), եւ Քաշաթաղումՙ 394.1 մլն դրամ (115.2 տոկոս)։
Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 3465 մարդ եւ 2002 թ. համեմատ ավելացել է 352 մարդով կամ 11.3 տոկոսով։ Մեկ աշխատողի արտադրած արտադրանքը կազմել է 3257.4 հազ. դրամ կամ 2002թ. համեմատ աճել է 24.5 տոկոսով։
Շինարարության ոլորտում եւս աճն առկա է։ Այսպես, 2003 թ. հանրապետությունում իրականացվել է 8375.2 մլն դրամի կապիտալ շինարարություն, որը 2002 թ. համեմատ կազմել է 124.4 տոկոս կամ ավելացել է 1640.8 մլն դրամով։ Իրականացված կապիտալ շինարարությունը 2002 թ. համեմատ, ըստ ֆինանսավորման աղբյուրների, կազմել էՙ ԼՂՀ պետբյուջեիՙ 140.7 տոկոս, համայնքներիՙ 121.9 տոկոս, Քաշաթաղի շրջանի բյուջեիՙ 100.0 տոկոս, օտարերկրյա ներդնողներիՙ 169.4 տոկոս, մարդասիրական օգնությանՙ 112.8 տոկոս, կազմակերպություններիՙ 101.1 տոկոս, արտաբյուջետայինՙ 63.4 տոկոս, բնակչության միջոցների հաշվինՙ 41.6 տոկոս։
Աճի այս դինամիկայի պահպանման դեպքում, մասնագետների համոզմամբ, 2004 թ. արդյունաբերության եւ շինարարության ոլորտներում դրական արձանագրումներն ավելի շոշափելի կլինեն։
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ