«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2004-01-31 | #16, 2004-02-03 | #17, 2004-02-04


ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ

Վրաստանում վարչապետի պաշտոնի վերականգնման եւ սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունների հարցը, որը խորհրդարանի օրակարգ կմտնի վաղը, պառակտում է առաջացրել հեղափոխական եռյակի եւ նրանց կուսակիցների շարքերում։ Միխայիլ Սաակաշվիլու ամենահավատարիմ համախոհներից Կոբա Դավիթաշվիլին, որ Վրաստանի նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարն է, երեկ հրաժարական է տվել։ «Ես հեռանում եմ, քանի որ համաձայն չեմ սահմանադրական փոփոխություններին, ինչն արվում է մեկ մարդուՙ Զուրաբ Ժվանիայի համար», ասել է Դավիթաշվիլին եւ կոչ արել Սաակաշվիլուն չաջակցել կուսակցությունը Ժվանիայի «Միացյալ ժողովրդավարների» հետ միավորելու գաղափարին։

Նինո Բուրջանաձեն, որը եւս կողմնակից չէ վարչապետի ինստիտուտի հաստատմանն ի հաշիվ խորհրդարանի լիազորությունների սահմանափակման, կանխավ հայտարարել է, թե ինքը չի ուզում լինել «թույլ խորհրդարանի» նախագահ, ցավ է հայտնել Դավիթաշվիլու նման «փորձառու իրավաբանի» հրաժարականի առնչությամբ։ Ի դեպ, երեկ Բուրջանաձեն ակնարկել է, որ ինքը թերեւս էլ մաս չկազմի Սաակաշվիլու եւ Ժվանիայի կուսակցությունների միավորման ընտրացուցակին։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 28-ին։

Հեղափոխական եռյակը, ակնհայտորեն, չի կարողանում բաշխել իշխանությունը, իշխանական պորտֆելները։ Բուրջանաձեն դժգոհ է Սաակաշվիլուց, որը հիմնականում «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստներին է պաշտոններ տալիս։

Ստեղծված իրավիճակն, անշուշտ, բնական է։ Չէ՞ որ հեղափոխությունը «վարդյա» էր, իսկ վարդերն ունեն նաեւ փշեր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4