Անցած տարում ադոնցագիտությունը հարստացավ մի նոր ու շատ կարեւոր ձեռքբերումովՙ լույս տեսավ ականավոր պատմաբանի «Պատկերների խնդիրը» անտիպ աշխատությունը։ Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն կրոնագիտության, այլեւ բյուզանդագիտության ու հայագիտության շահախնդրությունների տեսանկյունից։
Այն տարիներին, երբ Ադոնցն ամբողջությամբ զբաղված էր բյուզանդագիտական հետազոտություններով, ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս նաեւ հայոց եկեղեցու պատմության առանձին մանրամասներինՙ Գրիգոր Լուսավորչի կենսագրությանը, հայոց դարձի թվականի ճշգրտմանը, հայացած Աստվածաշնչի գրական-գեղարվեստական արժանիքներին նվիրված ուսումնասիրություններով։ Համազգայինի Բեյրութի գրական արխիվում գտնվող Ադոնցի անձնական դիվանի բազմաբնույթ նյութերի մեջ հանդիպում են հայոց եկեղեցու պատմությանը նվիրված չհրապարակված այլ ձեռագրեր եւս։
Ցայսօր անհայտ մնացած ադոնցյան այդ մասունքների մեջ առանձնանում է «Պատկերների խնդիրը» փոքրածավալ աշխատությունը (ձեռագիր 65 էջ)։ Այն չորս գլուխներից բաղկացած մի երկասիրություն է, որը վեր է հանում 726-842 թթ. քրիստոնեական եւ մասնավորապես բյուզանդական եկեղեցու պատմության ամենահետաքրքրական դրվագներից մեկիՙ պատկերամարտության եւ պատկերապաշտության միջեւ տեղի ունեցած դրամատիկ ու ողբերգական իրադարձություններով առլեցուն պայքարի մանրամասները։ Ն. Ադոնցը շեշտում է, որ այդ պայքարը, բացի դավանաբանականից, եղել է նաեւ գաղափարական, քաղաքական շարժում եւ հաճախ զենք է հանդիսացել Բյուզանդական կայսրության տիրապետող վերնախավի այս կամ այն խմբավորման ձեռքումՙ իշխանության համար մղվող պայքարում։ Վեր հանելով ընդդիմադիր երկու ճամբարներում գործող հայ քաղաքական տարրի դերըՙ Ադոնցը եկել է այն եզրակացության, որ այդ դերը եղել է չափազանց վճռական ու որոշիչ։ Պատկերամարտներ էին Բյուզանդիայի հայազգի կայսրեր Վարդան Փիլիպպիկոսը, Լեւոն V Հայկազնը, կայսրեր հռչակված բռնատիրողներ Վարդանը, Թովմա Գազիրացին, Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես Քերականը, նշանավոր գիտնական Լեւոն Մաթեմատիկոսը, ականավոր քաղաքական գործիչ Արշավիր Պատրիկը եւ շատ ուրիշներ։ Քիչ չէր նաեւ թիվը այն հայերի, որոնք ներկայացնում էին պատկերապաշտների խմբավորումը։ Այստեղ էին կայսրուհի Թեոդորա Մամիկոնյանը, կեսար Վարդ Մամիկոնյանը, սպարապետ Մանուել Մամիկոնյանը եւ ուրիշներ։ Ադոնցը հանգում է միանգամայն տրամաբանական հետեւյալ եզրակացությանՙ հայ տարրը Բյուզանդիայում հետապնդել է քաղաքական ու կրոնական իշխանություններն իր ձեռքում կենտրոնացնելու նպատակ։ Արդյունքը եղել է հայկական հարստության գահակալումըՙ հանձին Վասիլ I Հայկազնի (867 թ.) եւ եկեղեցական գերագույն աթոռի գրավումըՙ հանձին հայազգի Փոթ պատրիարքի։
Բյուզանդիայում վերջնականապես հաղթանակեց պատկերապաշտությունը։ Իսկ հայոց եկեղեցին որդեգրեց միջինՙ ճշմարիտ ուղին։ Այն է ո՛չ պատկերապաշտություն եւ ո՛չ էլ պատկերամարտություն, այլՙ պատկերահարգություն։
Ն. Ադոնցի սույն աշխատությունը լույս է տեսել Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Շահե արք. Աճեմյանի «արդեամբ եւ ծախիւք»։
Ա. ՔԱԼԱՇՅԱՆ