ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ քաղաքակրթությունների երկխոսության զարգացման գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Փարիզում ստորագրել են ընդհանուր համաձայնագիր։ Փաստաթղթում մասնավորապես նշված է, որ շրջանային եւ համաշխարհային մակարդակներով քաղաքակրթությունների երկխոսության խորացմանն օժանդակելու եւ խոշոր ձեռնարկումները համակարգելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռազմավարական պլանավորման բյուրոն եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը 2003 թ. դեկտեմբերի 12-ին համաձայնեցրել են 2004 թ. համատեղ գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ պայմանավորվել են 2004-2005 թթ. քաղաքակրթությունների երկխոսության հարցերին նվիրված համագործակցության մշակումը շարունակել այլ նախագծերի շրջանակներում։
Նախատեսվում է 2004 թ. մասնավորապես անցկացնել երիտասարդության համաժողով Օքրիդում (Մակեդոնիա)ՙ Արա Աբրահամյանի եւ այլ հովանավորների ֆինանսավորմամբ, մասնակցել համաժողովի փաստաթղթերի հրատարակմանը, «Կովկաս» ծրագրի շրջանակներում 2004 թ. երկրորդ կեսին Ռուսաստանում կազմակերպել «Երիտասարդությունը եւ համակարգիչների օգտագործումը» տարածաշրջանային խորհրդաժողով, մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ժառանգություն, երկխոսություն եւ հաշտեցում» նախագծին, Ղրղզստանում կազմակերպել «Եվրասիան 21-րդ դարում» համաժողով, ռուսաստանյան ծրագրային ապահովմամբ համակարգիչներ մատակարարել Հայաստանի դպրոցներին (Ա. Աբրահամյանի ֆինանսավորմամբ), Հռոմում Ա. Աբրահամյանի միջոցներով ստեղծել եւ բացել Աբամելիք Լազարյանի արձանը եւ այլն։
Քաղաքակրթությունների երկխոսությանն առնչվող տարբեր բնագավառներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով Արա Աբրահամյանը Փարիզում կբացի ներկայացուցչություն։
Հ. Զ.