Վարդան Օսկանյանը նույնիսկ կուզեր ինքը վերցնել «հաջողության» դափնին
«Այն խնդիրը, որ մենք առաջադրել էինք ԵԽ ԽՎ-ում, համարում եմ լուծված, այն ձեւակերպումը, որ մեզ համար ձեռնտու չէր, հաջողվեց հանել», այսպես պատասխանեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազգ»-ի հարցին, թե ինչպես է գնահատում ստրասբուրգյան առաքելությունը եւ ինչ կարծիքի է Արտաշես Գեղամյանիՙ իբրեւ ֆիասկո բնորոշելու եւ ձախողման մեղքը արտգործնախարարության վատ աշխատանքի հետ կապելու վերաբերյալ։ «Սա խորհրդարանական գործընթաց էր, եւ մեծ հաշվով հիմնական պատասխանատվությունը խորհրդարանականների վրա է մնում։ Բայց այս դեպքում ես մեծ սիրով կուզենայի հաջողության դափնին վերցնել, որովհետեւ մեծ դժվարությամբ, բայց պրոբլեմը լուծվեց, եւ ես շնորհավորում եմ մեր խորհրդարանականներին դրա առթիվ», ասաց նա։ Արտգործնախարարը ընդդիմության ոչ մի գնահատականի համաձայն չէ եւ կրկնեց իր տեսակետը, թե այն ընթացքում, երբ ղարաբաղյան հարցի վրա ճակատագրական վտանգ էր կախված, հանրաքվեի հարցը մեջտեղ քաշելը սխալ էր։ Իսկ կեղտոտ լվացքի վերաբերյալ իր ձեւակերպումը ընդամենը անկեղծ պոռթկում է եղել։
Որ հայ դիվանագիտական կորպուսը ոչինչ չի ձեռնարկել հայ եվրապատվիրակների գործունեության հաջողության համար, այս մեղադրանքը եւս Վարդան Օսկանյանը չի ընդունում։ Իսկ ստրասբուրգյան «հաջողության» գաղտնիքն այն է, ուր «Ղարաբաղը եւ այլ գրավյալ տարածքներ» արտահայտությունը դեռ 2000 թ. եղել է Եվրախորհրդի եւ այլ զեկույցներում եւս։ Այս անգամ վերջապես հաջողվել է ոչ միայն «այլ» բառը հանել, այլեւ նոր, վտանգավոր ձեւակերպումներից խուսափել։
Այսպիսին է մեր երկչոտ հաղթանակների բովանդակությունը։
Կ. Դ.