«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2004-02-03 | #17, 2004-02-04 | #18, 2004-02-05


ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. «ՏԵՂՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ»

Վրաստանի նախագահը ՆԳ նախարար Գեորգի Բարամիձեին հանձնարարել է երկրի տարածքում, հատկապես Աբխազիային սահմանակից Զուգդիդի շրջանում, սկսել հակաքրեական գործողություններ, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը։ Նման գործողությունները, ըստ Սաակաշվիլու, հնարավորություն կտան զինաթափելու Վրաստանում գործող «զինված ավազակախմբերին, որոնք ահաբեկում են բնակչությանը»։ «Դիմադրության դեպքում հանցագործներին վերացնել տեղում», կարգադրել է Սաակաշվիլին։

Արդեն երեկ սկսված հակաքրեական գործողություններով ձերբակալվել է 25 գրոհային, եւս մի քանիսը վիրավորվել եւ սպանվել են։ Զուգդիդում հակաքրեական գործողությունները ղեկավարում են ՆԳ նախարար Բարամիձեն, ՆԳ ներքին զորքերի հրամանատարը, գործի է դրվել վրացական ավիացիան։

Վրացական զինված ավազակախմբերը ոչ միայն ահաբեկում եւ թալանում են տեղի բնակչությանը, այլեւ, անցնելով Ինգուրի գետը, ահաբեկչական գործողություններ իրականացնում Աբխազիայում։ Վրաստանի նոր իշխանությունները նրանց մեղադրում են մարդկանց առեւանգելու, թմրանյութերի առեւտրով եւ մաքսանենգությամբ զբաղվելու մեջ։

Երեկ երեկոյան «Անտառային եղբայրներ» դիվերսիոն ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Դավիթ Շենգելիան, որ ազատ ելումուտ ուներ Շեւարդնաձեի առանձնասենյակ, հայտարարել է. «Մենք ունենք զգալի քանակությամբ զենք, պատրաստ ենք հանձնելու, խնդրում եմ չսպանել իմ մարդկանց»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4