«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2004-02-03 | #17, 2004-02-04 | #18, 2004-02-05


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԿՈՂՄԻ

Կողմերը դժգոհ են իրավապահ տարբեր մարմիններում գործի ձգձգումից

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկ, գաստրո-էնտերոլոգ Վաղինակ Դովլաթյանը մեղադրվում է ուրիշի խոշոր չափի գույքին խաբեությամբ տիրանալու մեջ։ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում լսվող այս գործին անդրադարձել էինք մեր թերթի հունվարի 24-ի համարում, հիմք ընդունելով տուժող կողմի տրամադրած տեղեկությունները եւ դատական մեկ նիստի ընթացքը, որին ներկա ենք եղել։ Այսօր նշված գործին անդրադառնում ենք մյուս կողմի փաստարկները հիմք ընդունելով։

Այժմ դատարան հասնելու նախապատմությունը։ 2002 թ.-ի ձմռանը ողջ մարմնում ուժեղ եւ սուր ցավեր զգացած երեւանաբնակ Գոհար Խաչատրյանի հարազատներըՙ քույրն ու վերջինիս ամուսինը, հիմնվելով հին ծանոթության եւ իրենց իսկ խոսքերովՙ բժշկի մասնագիտական բարձր եւ վստահելի պատրաստվածության վրա, դիմել են Վաղինակ Դովլաթյանին։ Վերջինս հետազոտելով հիվանդին, արգելել է կոլոնոսկոպիկ (հաստ աղիքի ներզննում) ստուգումը, քանի որ ինքը մի քանի անգամ ականատես է եղել, թե ինչպես նշված ստուգման ընթացքում ուռուցքը պայթել էՙ հանգեցնելով հիվանդի մահվանը։ Հիվանդի քրոջ ամուսնունՙ Ռուբեն Սանոսյանին բժիշկը հայտնել է, որ անհրաժեշտ է համակարգչային տոմոգրաֆիկ ստուգում, սակայն Սանոսյանը խնդրել է այլ ելք գտնել, քանի որ իրենք միջոցներ չունեն։ Դովլաթյանն էլ իրիդոդիագնոստիկայով (աչքի ծիածանաթաղանթի ուսումնասիրում) վերջնականապես ախտորոշել է հաստ աղիքի քաղցկեղ։

Ասենք, որ 1980 թ.-ի վերջում նշանակվել է ռադիոկենսաբանական սեկտորի թիվ 1 պետական փակ գաղտնի գործունեությամբ զբաղվող լաբորատորիայի վարիչ եւ շարունակելով իր հոր սկսածը, ինչպես պնդում է բժիշկը, ինքը հայտնաբերել է մի դեղամիջոց, որի շնորհիվ կարողանում է քաղցկեղի բուժման հարցում անել ավելին, քան հնարավոր էր մինչ այժմ բժշկությանը հայտնի մյուս միջոցներով։ Սակայն նշված դեղամիջոցի արտոնագրման տարբեր ժամանակներում արած իր մի քանի փորձերը ձախողողներ են գտնվել, եւ բժիշկը խուսափելով հետապնդումից, սպասել է հարմար ժամանակի թե՛ խորհրդային ժամանակներում, թե՛ այժմ։ Ցավոք, մինչ օրս այդ ժամանակը դեռ չի եկել։ Իսկ դատական հայցի ներկայացումից հետո բարձրացած աղմուկին հետեւել են տարբեր գործարարներիՙ դեղամիջոցը բիզնեսի վերածելու առաջարկները, որոնցից ոչ մեկն էլ բժիշկը, բնականաբար, չի ընդունել, խուսափելով ոչ ճիշտ օգտագործման դեպքում մարդկությանը վնասներ հասցնելու հեռանկարից։

Դովլաթյանն անվտանգության նպատակով փորձել է գաղտնի պահել իր հայտնագործությունը, սակայն այն հայտնի է դարձել ընկեր-մտերիմների մի շրջանակի, այդ թվում եւ Ռուբեն Սանոսյանին։ Վերջինիս խնդրանքով էլ բժիշկն ստանձնել է տկն Գոհարի բուժումը, որի ինքնարժեքը 19 հազար 500 ԱՄՆ դոլար է։ Գումարը քրոջՙ Հասմիկ Խաչատրյանի խնդրանքով տրամադրել է Միացյալ Նահանգներում բնակվող եղբայրըՙ Հրաչիկ Խաչատրյանը, որն, ի դեպ, հեռախոսազանգով իր հերթին շնորհակալություն է հայտնել քրոջ բուժման համար եւ վստահեցրել, որ ինքը գոհ է բժշկի աշխատանքից։ Գոհար Խաչատրյանի մյուս հարազատների հավաստմամբ էլ, նա կարճ ժամանակում ոտքի է կանգնել։ Հիվանդության բուն էությունն իրենՙ հիվանդին հայտնել են բուժման ավարտին։ Եվ որոշակի կասկածներ ունենալով նա համապատասխան ստուգումներ է անցել Երեւանի թիվ 17 պոլիկլինիկայում եւ Ռենտգեն ինստիտուտում, որտեղ պարզվել է, որ Գոհար Խաչատրյանը քաղցկեղով հիվանդ չէ եւ չի եղել։ Մինչդեռ բժիշկը պնդում է, որ հնարավոր չէ քաղցկեղի բուժումից հետո որոշել, թե տվյալ մարդը նշված հիվանդությունն ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Հարազատների եւ հարեւանների հաճախակի այցերն անհանգստացնում էին հիվանդին, ինչն էլ հիմք ընդունելով բժիշկը հայտնել է, թե բուժման ընթացքում անհրաժեշտ է գաղտնիություն, նպատակը հիվանդի հանգիստն ապահովելն է եղել։ Ու քանի որ բուժման գումարն աներորդուց ստացել եւ բժշկին է փոխանցել Ռուբեն Սանոսյանը, իսկ Գոհար Խաչատրյանն ու նրա ամուսինը չեն մասնակցել դրան, որոշակի կասկածներ ունեն, որոնց մասին բժշկին հայտնել է ինքըՙ Սանոսյանը։ Հայտնաբերված դեղամիջոցը, որը գործում նշվում է որպես կարմիր հեղուկ, Վաղինակ Դովլաթյանի հավաստմամբ, կարող էր ունենալ նաեւ այլ գույն, քանի որ ամեն մի դեղամիջոց պաշտպանական նպատակներով ներկվում է որոշակի գույնով։

Հապացույց իր հայտնագործած դեղամիջոցի արդյունավետության, պրն Դովլաթյանը ներկայացնում է 19 տարի առաջ երեւանաբնակ Ռիմա Շահպարյանի լյարդի քաղցկեղի եւ 25 տարի առաջ նույնպես երեւանաբնակ Լերա Արամյանի ձվարանիՙ լյարդի եւ պարաաորտալ լիմֆատիկ գեղձերի չարորակ ճյուղավորման ասցիտի առկայության ախտորոշմամբ հիվանդության իր բուժման փաստերը։ Իսկ երեւանաբնակ Աշոտ Խաչատրյանի հարազատներիՙ գոնե զույգ թոռների ծնունդը տեսնելու հնարավորության հույսով բուժումն սկսելու խնդրանքին բժիշկը դժվարությամբ է անսացել եւ ստանձնել ՌԴ օնկոլոգիական գիտական կենտրոնի ախտորոշմամբ հաստատված չհայտնաբերված առաջնային օջախով եւ ողջ մարմնով ճյուղավորված 4-րդ աստիճանի (քաղցկեղի զարգացման վերջին աստիճան) քաղցկեղով հիվանդ եւ արդեն մահվան կես ճանապարհն անցած Աշոտի բուժումը։ Այն պետք է ընթանար 4 փուլով եւ արժենար 26 հազար 800 ամերիկյան դոլար։ Եվ եթե 2002 թ.-ի մայիսին եւ հուլիսին Երեւանի «Դիագնոստիկա» բժշկական միավորման ստուգման տոմոգրաֆիայի արձանագրությունում նշվում է հիվանդության զարգացում, ապա հոկտեմբերի 25-ին նույն կենտրոնի ստուգման արձանագրությունում նշված է, որ նախապես աջ թիակի եւ գլխուղեղի շրջանում հայտնաբերված փոփոխությունների զարգացում չի հայտնաբերվել եւ արձանագրվել է դրական միտում։ Հիվանդությունը դադարեցրել է Դովլաթյանն իրիդոդիագնոստիկայի միջոցով առաջնային օջախի հայտնաբերմամբ եւ բուժման դեռ 3 ամիսը չլրացած։ Սակայն 4 ամիս բուժում ստանալուց հետո Աշոտ Խաչատրյանն անցել է ակտիվ գործունեության եւ մասնակցել բացօթյա համերգի, որի ժամանակ տեղացած հորդ անձրեւն ու ցուրտը մեծապես ազդել են դեռ լիովին չվերականգնված օրգանիզմի վրա, եւ Դովլաթյանի մոտ ստացած բուժմանը հաջորդած 5 ամիսների ընթացքում որեւէ բուժում չստացած Աշոտ Խաչատրյանն ի վերջո մահացել է 2003 թ.-ի մայիսի 24-ինՙ թոքերի այտուցից, շնչառական անբավարարությունից, թարախային բրոնխոպլեւմանիայից։ Նշվածը պատալոգոանատոմի եզրակացությունն է, որ ինչ-ինչ պատճառներով չի ներառվել մահվան թղթում։

Աշոտ Խաչատրյանի մահվանը հաջորդել է Վաղինակ Դովլաթյանի կալանումը եւ 108 օր կալանավայրում գտնվելը։ Սակայն դատափորձաքննությամբ հաստատված Դովլաթյանի առողջական բարդ վիճակը, որն ավելի վատթարացել էր կալանավայրում, հիմք է դարձել բժշկին պայմանականորեն ազատ արձակելու։ Թե՛ կալանքից առաջ, թե՛ դրանից հետո Վաղինակ Դովլաթյանը որեւէ կերպ չի խոչընդոտել դատավարության ընթացքին։

Մեր զրույցի ավարտին պրն Դովլաթյանն ափսոսանք հայտնեց, որ հայտնագործության ճիշտ գնահատականը չի տրվել մինչ այժմ, եւ եթե անգամ դեղամիջոցի կատարելագործում դեռ կարելի է ենթադրել, ապա չի կարելի չնկատել, որ այն վերջին հաշվով որեւէ վտանգ չի ներկայացնում, որեւէ կերպ չի վնասում, իսկ միակ անժխտելի թերությունը դեղամիջոցի բարձր ինքնարժեքն է։

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4