«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2004-02-04 | #18, 2004-02-05 | #19, 2004-02-06


ՍԻԼՎԻՈ ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻՆ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՋԱԿՑԵԼ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

2004 թ. դարձյալ հագեցած է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի համար։

Ռուսական եւ համաշխարհային բիզնեսի ու գործարար աշխարհի հանրաճանաչ ներկայացուցիչը չնայած բազմազբաղությանը, կարողանում է ժամանակ գտնել ու զբաղվել նաեւ ակտիվ հասարակական գործունեությամբ։

Այսօր էլ Արա Աբրահամյանի հետ շարունակում են համագործակցել ինչպես համաշխարհային բիզնեսի ու գործարար աշխարհի, այնպես էլ քաղաքական եւ հասարակական ոլորտի ամենաազդեցիկ դեմքերը։

Վերջերս իտալական կառավարության հրավերով Հռոմ էր մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը։ Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում իտալացի գործընկերների հետ Ռուսաստանից ժամանած հանրաճանաչ ձեռներեցը քննարկեց ռուս-իտալական բիզնեսին առնչվող կարեւոր հարցեր։ Հանդիպումների ընթացքում Արա Աբրահամյանը շեշտում էր, որ նման այցելություններն, անշուշտ, ավելի են ամրապնդում երկու պետությունների ավանդական կապերը։

Հռոմում ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի նախագահին ընդունեց նաեւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում անցած երկխոսության ընթացքում դարձյալ քննարկվեցին երկու երկրների տնտեսական եւ քաղաքական ոլորտներին առնչվող մի շարք հետաքրքրական ծրագրեր։

Իտալիայի կառավարության նախագահին Արա Աբրահամյանը պատմեց նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի մասին, անդրադառնալով համահայկական այդ կազմակերպության առաջիկա խնդիրներին ու անելիքներին։ Զրույցի ընթացքում Մոսկվայից ժամանած հյուրն ընդգծեց, որ Ռուսաստանը եղել ու մնում է Եվրոպայի անքակտելի մասը, իսկ Իտալիայի վարչապետի ակտիվ ջանքերի շնորհիվ այսօր ռուսական պետության վարկանիշը զգալիորեն բարձրացել է ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում։

Շնորհակալություն հայտնելով նման բարձր գնահատականի համար, Սիլվիո Բեռլուսկոնին ասաց, որ ինքն ամեն ինչ անում էՙ ելնելով ռուս-իտալական միջպետական համագործակցության բոլոր ուղղություններն ընդլայնելու եւ ամրապնդելու շահերից։

Վարչապետը նշեց, որ իրեն անչափ հետաքրքրեց Արա Աբրահամյանի առաջարկը, համաձայն որի մոտակա 2-3 ամիսներին հնարավոր է ստեղծել ռուս եւ իտալացի ձեռներեցների խորհուրդ, ինչը հնարավորություն կտա երկու երկրների ձեռներեցներին իրականացնել փոխշահավետ ֆինանսատնտեսական մեծածավալ ծրագրեր։

Պրն Բեռլուսկոնին Արա Աբրահամյանին հավաստիացրեց, որ ինքն ամեն ինչով կաջակցի եւ կօգնի այդ հրաշալի առաջարկը իրականացնելու համար։

Հրաժեշտից առաջ Իտալիայի վարչապետը բարի կամքի դեսպանին խնդրեց իր ջերմագին ողջույնները հաղորդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրանք իրոք մտերիմ բարեկամներ են։

Հ. ՂՈՒՇՉՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4