ՀՀ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության միջոցով ստացել ենք Իտալիայում Հայաստանի դեսպան Գ. Բաղդասարյանի հետեւյալ նամակը մեր թերթի փետրվարի 3-ի համարում տպագրված «Ստրասբուրգում հայկական պատվիրակության պառակտում չի եղել» հոդվածի կապակցությամբ։
Հարգելի խմբագրություն.
«Այնուամենայնիվ պատվիրակությունը կարողացել է ձեռք բերել պատահական դաշնակիցՙ Իտալիայի պատվիրակությունը»։ Տարակուսանք հարուցող այս նախադասությունը, որը բառացիորեն մեջբերում եմ «Ազգ» օրաթերթի փետրվարի 3-ի համարում տպագրված «Ստրասբուրգում հայկական պատվիրակության պառակտում չի եղել» հոդվածից, վերագրված է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽ հայաստանյան պատվիրակության նախագահ Տիգրան Թորոսյանին։
Համոզված եմ, որ հայաստանյան պատվիրակության նախագահը չէր կարող իրեն թույլ տալ «պատահական դաշնակից» բառակապակցությամբ բնութագրել մի երկրի պատվիրակությանը, որը միշտ իրեն դրսեւորել է իսկապես իբրեւ դաշնակից։
Հարկ չեմ համարում թվարկել բոլոր այն դեպքերը, երբ, ընդառաջելով մեր հայցերին, Իտալիան աջակցել է Հայաստանին բոլոր այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամակցում են երկու երկրները, այդ թվում եւ Եվրոպայի խորհրդում։
Բացառություն չէր կազմում նաեւ ԵԽ ԽՎ 2004 թ. առաջին լիագումար նստաշրջանը, որտեղ հենց Իտալիան առաջարկեց Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ զեկույցից Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումից հանել «այլ» բառը, որը եւ ընդունվեց։ Իմ կարծիքով, Եվրամիության հիմնադիր անդամ երկրի առաջարկը վերջնական արդյունքը դարձնում է ավելի ծանրակշիռ։
Ափսոսանք հայտնելով առ այն, որ իր հավասարակշռությամբ եւ տեղեկատվության մատուցման բարձր մակարդակով աչքի ընկնող «Ազգ» օրաթերթ է սպրդում նման վրիպում, կոչ եմ անում արտաքին քաղաքականության բնագավառը լուսաբանող լրագրողներին ավելի ուշադիր լինել ձեւակերպումների մեջ։
Հարգանոքՙ Գագիկ Բաղդասարյան, ՀՀ դեսպան Իտալիայում, Հռոմ, 3 փետրվարի 2004 թ.
Խմբագրության կողմից.- Պրն դեսպանի նամակը պատճառ դարձավ, որ մեր խմբագրությունում փոքրիկ հետաքննություն անցկացվի ԱԺ փոխնախագահին վերագրված հիշյալ արտահայտության շուրջ։ Պարզվեց, որ պրն Տ. Թորոսյանը «պատահական դաշնակից» արտահայտությունը չի ունեցել, փոխարենը նա օգտագործել է «անսպասելի, խուճուճ ճանապարհով ստացանք» արտահայտությունը, որը չգիտենքՙ արդյոք ավելի ճի՞շտ է արտահայտում Իտալիայում ՀՀ դեսպանության նպաստը իտալացիների օգնությունն ապահովելու գործում։