Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովն ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ ղարաբաղյան հարցում Ռուսաստանը միջնորդ է, կարող է լինել Հայաստանի եւ Ադրբեջանի համար ընդունելի կարգավորման ցանկացած տարբերակի երաշխավորը, բայց չի կարող կողմերից որեւէ մեկի վրա ճնշումներ բանեցնել։ Ըստ «Զերկալո» թերթի, ռուս դիվանագետն ասել է, որ հակամարտող կողմերի բանակցությունների ձեւաչափը թերի է, քանզի կարգավորման լուծումը պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների համար։ «Այդ պատճառով ես կողմ եմ բանակցային ձեւաչափի ընդլայնմանը, որն իմ անձնական տեսակետն է», ասել է Տրուբնիկովը։
Ռուս դիվանագետին անհանգստացնում է մեկ գործոն. որքան Ադրբեջանի որոշ քաղաքական ուժերի եւ հասարակության կողմից հնչեն ռեւանշիստական հայտարարությունները, այնքան դժվար կլինի հայկական կողմին համոզել «զավթած տարածքներն ազատելու անհրաժեշտությունը»։
Ռազմատենչ հռետորության բացակայության պայմաններում ավելի հեշտ է հայ գործընկերներին հորդորել «զավթած տարածքներից հեռանալու» անհրաժեշտությունը, ասել է Տրուբնիկովը եւ նկատել. «Լեռնային Ղարաբաղն առանձին հարց է, իսկ հայերի կողմից ադրբեջանական զավթած տարածքների խնդիրըՙ մեկ այլ»։