Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւի անդրանիկ պաշտոնական այցը Մոսկվա մեծ հետաքրքրություն է առաջացրել ռուսական մամուլում։ Թերթերը գրեթե միաձայն մեջբերում են նախագահի որդի նախագահիՙ այցի նախօրեին արված հայտարարությունները, որ ինքը շարունակելու է Ռուսաստանի հանդեպ հոր վարած քաղաքականությունը, այսինքն, այն ուղղորդելու է դեպի կայուն բարելավում սակայն ոչ արեւմտյան ուղղությամբ զիջումներ անելու հաշվին։ Հատկապես այս հանգամանքը շատ է հետաքրքրում ռուսաստանյան քաղաքական վերնախավին ու վերլուծաբաններինՙ այս կամ այն քողի տակ կամ առանց քողի, ինչպես արել է «Վրեմյա նովոստեյ» թերթի մեկնաբան Արկադի Դուբնովը։ Ըստ նրա, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների հիմքում լինելու է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը։ Նա, հղում կատարելով անանուն աղբյուրներին, ենթադրում է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հինգ շրջանների վերադարձի դիմաց կփորձի երաշխիքներ ստանալ այդ երկրում արեւմտյան զորքերի չտեղակայման վերաբերյալ։ Ամբողջ խնդիրն, ըստ նրա, Հայաստանին համոզելու մեջ է։ Դուբնովի կարծիքով, սակայն, Ռուսաստանը իր դիրքորոշումը որեւէ փոփոխության չի ենթարկի, եւ ավելի հակված է առճակատումը 10-15 տարով սառեցնելու տարբերակին, որի ընթացքում հակամարտ կողմերը ի վերջո կկարողանան ընդհանուր լեզու գտնել։ Այստեղ, սակայն, նա մեծ վերապահում է անումՙ նշելով, որ այդ տարիները Իլհամը պետք է օգտագործի նախՙ իշխանությունը պահելու, ապաՙ հոր հեղինակությանը գոնե համարժեք հեղինակություն ձեռք բերելու համար։
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, կրտսեր Ալիեւը այս այցով ուղղակիորեն փորձելու է չեզոքացնել Ռուսաստանի հնարավոր կոշտ վերաբերմունքը Ադրբեջանի արեւմտամետ քաղաքականության հանդեպՙ միաժամանակ ակնկալելով ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դիրքորոշման արմատական վերանայում։ Նա գրեթե բացառում է նման տարբերակըՙ նշելով, որ Բաքու- Ջեյհան նավթատարի շահագործման պայմանները ակնհայտորեն դուր չեն գալիս Ռուսաստանին, ինչը չի կարող անդրադարձ չունենալ այդ երկրիՙ ղարաբաղյան հարցում ունեցած դիրքորոշմանը։
Մեկ այլ հայտնի քաղաքագետ, Ալեքսանդր Մալաշենկոն, «Նովիե իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, նույնպես վստահություն հայտնելով, որ Պուտին- Ալիեւ բանակցությունների առանցքային թեման ղարաբաղյան կարգավորումն է լինելու, համարյա վստահ է, որ ժամանակ անց Ադրբեջանում այնուամենայնիվ, կտեղակայվեն արեւմտյանՙ ամերիկյան զորքեր, քանզի տարածաշրջանը անկայուն է այնքան, որ ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարող սեփական ուժերով պաշտպանել նավթամուղը։ Նա քիչ հավանական է համարում Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանի տեղաբաշխումը, այնուամենայնիվ չբացառելով նման հնարավորությունը։
Լրաքաղըՙ Ո. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ, Մոսկվա