ԲԱՔՈՒ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ինչպես հաղորդում է Բաքվի «525» թերթը, հունվարի 30-31-ը կայացել է Ամերիկայի թուրքական կազմակերպությունների ընկերակցության հերթական համագումարը։ Համագումարին մասնակցել են ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքի կազմակերպությունները, ինչպես նաեւ մի քանի պաշտոնական անձինք, այդ թվում արտասահմանի ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը եւ Ադրբեջանի մշակույթի նախարար Փոլադ Բյուլբյուլօղլին։ Չորեքշաբթի Ն.Իբրահիմովը ամերիկյան ուղեւորության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում տեղեկացրել է, որ ուղեւորության ընթացքում սերտ կապեր են հաստատվել ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների հետ, որոնք խոստացել են մշտապես աջակցել Ադրբեջանին լոբբիինգի հարցերում։ Ն. Իբրահիմովը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը Նյու Յորքում այցելել է աշխարհահռչակ Բնագիտության թանգարան, «Այդ թանգարանում Ադրբեջանի հետ կապված եւ ոչ մի ցուցանմուշ չկա, ինչը շատ վշտացրեց մեզ։ Հրեա բարեկամների օգնությամբ մենք հանդիպեցինք թանգարանի վարչակազմի հետ, որը համաձայնեց ստեղծել ժամանակավոր ցուցադրությունՙ կապված Ադրբեջանի հետ, նշելով, որ հետո հնարավոր է նրան տրվի մշտական բնույթ»։