«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2004-02-04 | #18, 2004-02-05 | #19, 2004-02-06


«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԼԱՅՖԸ» ՓԱԿՈՒՄ Է ՀԱՅՑՎՈՐՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ

Կարգավորումՙ մի շարք մտահոգիչ հարցադրումներով

Մեծ եղեռնից 90 տարի անց «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերությունը վերջապես համաձայնեց որոշակի գումար փոխհատուցել իր այն հաճախորդների իրավահաջորդներին, ովքեր մինչեւ 1915 թվականն Օսմանյան կայսրությունում ձեռք էին բերել ընկերության ապահովագրական տոմսեր։ Հունվարի 27-ին «Նյու Յորք լայֆն» ու Կալիֆոռնիայի «Լա Կանադա ֆլինտրիջ» ընկերությունից 88-ամյա Մարտին Մարությանի եւ 11 այլ հայցվորների փաստաբանները ստորագրեցին «կարգավորման մի համաձայնագիր», որով ավարտին է հասցվում 1999 թ.-ի նոյեմբերին Լոս Անջելեսում ընկերության դեմ հարուցված գործը։ «Նյու Յորք լայֆը» համաձայնեց 20 մլն դոլար վճարել 1875-1915 թթ. ընթացքում ձեռք բերված եւ առ այսօր չվճարված 2.400 ապահովագրական տոմսերի դիմաց։ Երկու կողմերի համաձայնությամբ, 20 մլն դոլար գումարը բաժանվելու է հետեւյալ կերպ. մինչեւ 11 մլն 2.400 ապահովագրական տոմսեր ունեցողների իրավահաջորդներին, 4 մլնՙ հայցվորների ներկայացուցիչ 4 փաստաբաններին, 3 մլնՙ հայկական 9 բարեգործական կազմակերպություններին եւ 2 մլն (կամ ավելի)ՙ վարչարարական ծախսերի համար։

Համաձայնության երկարաշունչ տեքստը, որը դեռ չի հրապարակվել (բայց տողերիս հեղինակը կարողացել է մեկ օրինակ ձեռք բերել), լի է մի շարք մտահոգիչ հարցադրումներով, որոնցից մի քանիսը ներկայացնում եմ այստեղ։ Զանգվածային լրատվամիջոցներով հաղորդված լուրերն ամբողջական պատկերացում չեն տալիս դրանց մասին։

1. «Նյու Յորք լայֆի» ցուցակում 2.400 չվճարված ապահովագրական վկայականներ են նշված։ Այդ թիվն ամբողջական չի կարող լինել։ Ապահովագրական վկայականներ ունեցողներից ոմանք հավանաբար չեն հայտնաբերվել ոչ հայկական (թուրքական) անուններ կրելու կամ «յան» մասնիկից զրկված լինելու պատճառով։ Դժբախտաբար «համաձայնագիրը» չի մատնանշում, որ այդպիսիք հայտնվելու դեպքում հավելյալ վճարումներ կկատարվեն նրանց տերերի իրավահաջորդներին։

2. Նշված 2.400 ապահովագրական վկայականների տերերի իրավահաջորդներին տրվում է 11 մլն դոլար։ Սա նշանակում է, որ հաշվարկված է վկայականների անվանական արժեքի 15-ապատիկն առանց նրանում ընդգրկելու 90 եւ ավելի տարիների տոկոսներն ու դրամական տույժերըՙ վճարումները ժամանակին չկատարելու համար։ Մինչեւ համաձայնության կնքումը փաստաբաններից ոմանք խոսում էին «հարյուրավոր միլիոնների» կամ նույնիսկ «միլիարդների» փոխհատուցման մասին։ Նրանք այժմ պետք է բացատրություն տան այս հսկայական տարբերության վերաբերյալ։

3. Դժբախտաբար իրավահաջորդները նշված 11 մլն դոլարն էլ թերեւս ամբողջությամբ չստանան։ Համաձայնագրում նշված է, որ եթե վարչարարական ծախսերը գերազանցեն հատկացված 2 միլիոնը, ապա հավելյալ 4 միլիոնը կարելի է վերցնել 11 միլիոնից։ Ավելին, 2.400 վկայականների ընդհանուր արժեքը միայն այժմ կազմում է 20 միլիոնից ավելի։ Բացի այդ, ըստ համաձայնության, 250 հազար դոլար հատկացվում է գլխավոր հայցվոր Մարությանին, իսկ 385 հազարՙ մյուս 11 հայցվորներին (յուրաքանչյուրին 35 հազարական)։

2.400 պահանջատերերին տրվում է նվազագույն 450-ից առավելագույնը 1 միլիոն դոլար։ Եթե մենք ընդհանուր գումարից հանենք 100 ամենաբարձր արժեքներով վկայականների վճարումներն ու հայցվորներին տրամադրված գումարները, մնացած 2.300 պահանջատերերին կմնա ընդամենը 2-6 միլիոն դոլար, որը նշանակում է 870-2.600 դոլար յուրաքանչյուր իրավահաջորդին, անկախ իրենց ունեցած վկայականների գումարից։

4. Ի՞նչ հաշվարկներով է նախատեսված 4 մլն դոլար վճարել չորս փաստաբաններին։

5. Ամերիկահայ շատ կազմակերպությունների հետաքրքրում է, թե ինչու իրենք չեն ընդգրկված այն ցուցակում, որտեղ նշվածներին հասնում է 3 մլն դոլար։

6. «Նյու Յորք լայֆը» պահանջել է, որ ինքը ներկա լինի 9 կազմակերպություններին փողը տալու արարողություններին եւ որ գրավոր շնորհակալագիր գրվի իր հասցեով։ Սա նշանակում է, որ ապահովագրական այդ ընկերությունը ցանկանում է առիթն օգտագործել եւ իբրեւ «բարեգործություն» ներկայացնել իր կատարածը, ըստ այդմ էլ ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերել։ Մինչդեռ այդ գումարները «Նյու Յորք լայֆին» չեն պատկանում, այլ 1915 թ.-ի զոհ դարձած հայերին, որոնք գնել են այդ վկայականները։

7. Համաձայնության կետերից մեկը պահանջում է, որ փաստաբանները ձեռնպահ մնան «որեւէ ձեւով արհամարհական արտահայտություններ» անելուց «Նյու Յորք լայֆի» գործունեության վերաբերյալ։ Նրանց արգելվում է «նշել, ակնարկել կամ հասկացնել, որ «Նյու Յորք լայֆի» գործունեությունն այդ վկայականների վերաբերյալ եղել է անազնիվ, անպատշաճ, անժամանակ, անարդար կամ որեւէ ձեւով անհամապատասխան»։ Նրանք չպետք է «դատապարտեն, նշավակեն, զրպարտեն կամ ոչ նպաստավոր կերպով ներկայացնեն «Նյու Յորք լայֆին»։ Եթե փաստաբաններից որեւէ մեկը խախտի այս կետը, «Նյու Յորք լայֆն» իրավունք է վերապահում «100 հազար դոլար լիկվիդացնել որպես վնասի հատուցում խախտման յուրաքանչյուր դեպքի համար»։ Հավանաբար այս սահմանափակումների հետեւանքով է, որ փաստաբանները ցարդ բարենպաստ արտահայտություններով են հանդես գալիս ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Հատկանշական է, որ «Նյու Յորք լայֆի» նկատմամբ որեւէ նման սահմանափակում չի նախատեսված։

8. Համաձայնությունը նշում է, որ «Նյու Յորք լայֆը» նման կարգավորման դիմում է խուսափելու համար հայցի առաջացրած եւ հետագայում առաջացնելիք անբարենպաստ մթնոլորտից»։ Այլ խոսքերով ասածՙ ընկերությունն այդ քայլին դիմում է ոչ թե պարտավորվածությունից, այլ պարզապես իր դեմ ստեղծված բացասական վերաբերմունքը կասեցնելու մտադրությունից դրդված։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ այդ դեպքում փաստաբանները համաձայնեցին 20 միլիոնով փակել հարցը։ «Նյու Յորք լայֆը» հավանաբար այդ գումարն առաջարկել է, որովհետեւ իր հաշվարկներով հայցի առկայությունն այդքան կորուստ է նախատեսել իր գործունեությանը։

Եթե ամերիկահայ հասարակությունը լայնածավալ ցույցեր կազմակերպեր ընկերության բոլոր գրասենյակների առջեւ, բոյկոտեր նոր ապահովագրական վկայականներ գնելը, չեղյալ համարեր արդեն գնված վկայականները եւ հազարավոր բողոքագրերով ողողեր ընկերության մայր գրասենյակները, ապա «Նյու Յորք լայֆը» վստահաբար ավելի մեծ գումար կառաջարկեր պահանջատերերի իրավահաջորդներին։

9. Վերջապես վիրավորական էր, որ համաձայնության շուրջ հունվարի 28-ի մամուլի հրապարակման իրենց ելույթում ընկերության ներկայացուցիչները Հայոց ցեղասպանությանն անդրադարձան որպես «1915 թ.-ի դժբախտ դեպքերի»։ Ինչպե՞ս են փաստաբանները համաձայնել նման վիրավորական ձեւակերպմանը։ Նրանք մեղավոր են հաշվի առնելով, որ մամուլի հրապարակումները նույնպես նախօրոք համաձայնեցվում են կողմերի հետ։ Նրանք պետք է մերժեին ստորագրել համաձայնությունը, եթե «Նյու Յորք լայֆը» մերժեր իրերն իրենց անունով, այսինքնՙ ցեղասպանությունը «Ցեղասպանություն» կոչել։ Մի՞թե հրեական հոլոքոսթի պարագայում նրանք այդ կերպ կվարվեին։ Մամուլի հրապարակման լեզուն շարունակությունն է այն արհամարհական արտահայտությունների, որոնցով «Նյու Յորք լայֆը» դատարանում փորձել է հակազդել իր դեմ հարուցված գործին։ Ահա դրանցից երկուսը. «Հայոց ցեղասպանության ճանաչումը հակասում է ազգի շահերին» եւ «Թուրքական կառավարությունը լրջորեն կվիրավորվի, եթե (Մ. Ն.) կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նման վիրավորանքը կարող է պատճառ դառնալ, որ Մ. Նահանգները կորցնի Թուրքիայի իր գլխավոր թռիչքուղիները» (բազաները)։

Մեծապես կասկածելի է, որ հայ համայնքը երբեւէ ճշգրիտ պատասխաններ ստանա վերոնշյալ հարցերի առնչությամբՙ հաշվի առնելով, որ «Նյու Յորք լայֆը» փակել է ինչպես հայցվորների, այնպես էլ փաստաբանների բերանը։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆորնիա կուրյեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4