«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2004-02-04 | #18, 2004-02-05 | #19, 2004-02-06


ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ, ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՓՈՐԱՑԱՎԸ» ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Արտաշես Գեղամյանը թյուրիմացաբար Եվրախորհրդում անձամբ իր, հայկական պատվիրակության մյուս երեք անդամներիՙ Տիգրան Թորոսյանի, Արմեն Ռուստամյանի եւ Շավարշ Քոչարյանի ձախողման մեղքը բարդում է Հայաստանի արտաքին գերատեսչության եւ նրա ղեկավար Վարդան Օսկանյանի վրա։

«ԵԽ ԽՎ-ում հայ պատվիրակության ձախողումը Հայաստանի արտաքին գերատեսչության խղճի վրա է», ասել է Գեղամյանն ու հավելել, որ եթե Օսկանյանն արժանապատվություն ունի, պետք է հրաժարական տա։

Ավելի վաղ Գեղամյանն «Առավոտ» թերթում ասել է. «ԵԽ ԽՎ քննարկումներում, ցավոք, մեր երկրի արտաքին քաղաքականությունը կրեց դաժան պարտություն... Փաստորեն, 45 երկրների 313 պատվիրակներից ընդամենը 17-ի քվեարկությամբ որոշվեց մեր երկրի համար հույժ կարեւոր հնչեղություն եւ հետեւանքներ ունեցող հարցը։ Սա Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի որդեգրած արատավոր կոմպլեմենտարիզմի քաղաքականության ամենախայտառակ պտուղներից է։ Թող Օսկանյանը հաշվետու լինի հայ ժողովրդին, թե ինչպես է ստացվում, որ 313-ից ընդամենը 17 պատվիրակներ են պաշտպանում Հայաստանի դիրքորոշումը։ Մեր այդ բազմաթիվ դեսպանատներըՙ իրենցից չափազանց գոհ դեսպաններով ու դիվանագիտական անձնակազմով ինչո՞վ էին զբաղված, եթե մեզ թեւ ու թիկունք չեն կանգնում այս բախտորոշ հարցի ժամանակ»։

ԵԽ ԽՎ-ում ոչ այնքան ՀՀ արտաքին քաղաքականությունը կրեց դաժան պարտություն, ինչպես պնդում է «Ազգային միաբանության» առաջնորդը, այլ առաջին հերթին Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության մյուս երեք անդամները։ Երբ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի եւ Ղարաբաղի համար ընդունվում է տհաճ փաստաթուղթ, ապա սա ոչ թե Օսկանյանի ու Քոչարյանի արատավոր կոմպլեմենտարիզմի քաղաքականության ամենախայտառակ պտուղներից է, ինչպես պնդում է Գեղամյանը, այլ իր եւ մյուս երեք հայ խորհրդարանականների անգործության, այլ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հետ թույլ կապերի, եվրոպական լեզուներ չիմանալու (կամ վատ իմանալու) ու մի շարք այլ նրբությունների հետեւանք է։

Անշուշտ, Եվրախորհրդի հետ համագործակցությունը ՀՀ արտաքին քաղաքականության մաս է կազմում եւ Ստրասբուրգում մեր պետության յուրաքանչյուր ձախողման եւ հաջողության համար մեղքի ու գովասանքի բաժին է հասնում նաեւ արտգործնախարարությանը։ Բայց չմոռանանք, որ Եվրախորհուրդը, տվյալ դեպքումՙ ԵԽ ԽՎ-ն 45 տարբեր պետությունների պատգամավորների մի «խառնարան» է, եւ Հայաստանի գործունեության արդյունավետությունն առաջին հերթին պայմանավորված է մեր երկրի խորհրդարանական պատվիրակության արդյունավետ (կարդալՙ անարդյունավետ) աշխատանքով։

Ի՞նչ կապ ունի ՀՀ դիվանագիտական անձնակազմը (որ մեր շատ դեսպանություններ անարդյունավետ են աշխատում եւ պատշաճ կերպով չեն ներկայացնում ՀՀ պետական շահերը, կասկած չի հարուցում, բայց սա խոսակցության այլ թեմա է) ԵԽ ԽՎ-ի նստաշրջանի աշխատանքների հետ, երբ նույն ԵԽ ԽՎ-ում քննարկվում է Ադրբեջանի եւ Հայաստանի քաղբանտարկյալների խնդիրը, իսկ Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության մյուս երեք անդամները ներկա չեն դահլիճում։

Առնվազն տարակուսանք է հարուցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի մասին զեկույցի քննարկումներում «Ռուսաստանի պատվիրակությունից ոչ մի պատգամավոր ներկա չէր հարցի քննարկմանը եւ քվեարկությանը։ Ուկրաինայիցՙ նույնպես, թեպետ իրենք խնդրում էին մեր աջակցությունն իրենց հարցի քննարկման ժամանակ»։ Անշուշտ, տհաճ է, երբ տարբեր երկրների խորհրդարանականներ, այդ թվումՙ դաշնակից համարվող երկրների, խոստանում, բայց չեն օժանդակում։ Բայց այստեղ էլ նախ մեր պատվիրակության վատ աշխատանքն է պատճառը, եւ ոչ այնքան ՀՀ ԱԳՆ-ի։

Արմեն Ռուստամյանը ԵԽ-ում ՌԴ պատվիրակության ամենաակտիվ անդամ Դմիտրի Ռոգոզինի հետ ունի լավ կապեր։ Ուրեմնՙ երբ ռուս պատգամավորները ներկա չեն Հայաստանի հարցերով քննարկումներում, առաջին հերթին Ռուստամյանի մեղքն է, ոչ թեՙ ՌԴ-ում ՀՀ դեսպանության։

ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը պետբյուջեի փողերով մի խումբ պատգամավորների հետ զբոսնում էր այլ պետությունների խորհրդարաններում եւ կարեւորում էր «խորհրդարանական դիվանագիտությունը»։ Նույնն է գործող խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը. 60 հոգով հինգ օրով մեկնում են Կիպրոս, 100 հոգով մեկ շաբաթովՙ Ֆրանսիա։ Ուրեմնՙ վատ չէր լինի պետբյուջեի փողերը մսխելու հետ մի քիչ էլ զբաղվել «խորհրդարանական դիվանագիտությամբ»։ Առաջին հերթին Արթուր Բաղդասարյանը պիտի իր կապերով լոբբիինգ աներ եւ ոչ թե միայն Օսկանյանը կամ արտերկրում ՀՀ դեսպանատները։

Մեր պատվիրակությունը ԵԽ ԽՎ-ում մարդավայել աշխատելու փոխարեն Ստրասբուրգ մեկնելուց առաջ եւ վերադառնալուց հետո զբաղվում է դեմագոգիայով, անտանելի պոպուլիստական հայտարարություններով։ Ու ցավալի է, երբ նրանք փորձում են հայրենասեր ձեւանալ։ Շավարշ Քոչարյանը Ստրասբուրգում «լացում» է, թե «օգնեք իմ երկրին», որպեսզի դառնա ժողովրդավար։ Անկասկած, պրն Քոչարյանն իրավունք ունի եվրոպացիներին (եվրոպացիները դա լավ գիտեն) ասելու, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են։ Բայց ոչ մի եվրոպացի պաշտոնյա լուրջ չի ընդունի Քոչարյանի ելույթի ձեւը, ավելինՙ կծիծաղի նրա վրա, քանզի «լացը» դիվանագիտության մեջ լուրջ կռվան չէ եւ ավելի շուտ ընկալվում է որպես ստրկամտություն։

Խորհրդարանական մեր պատվիրակությունը հետագայում էլ խնդիրներ է ունենալու ԵԽ ԽՎ-ում, քանի որ մեր պատվիրակները լեզու «չունեն», ով էլ ունիՙ կիսատ-պռատ է։ Մեր պատգամավորները հիմնականում խոսում են ռուսերեն։ Դիվանագիտության մեջ սա էլ կարեւոր նրբություն է, մանավանդՙ Ստրասբուրգում, որտեղ Ռուսաստանի, ռուսների հանդեպ կա ոչ բարյացակամ տրամադրություն։ Հետեւաբար, երբ դու խոսում ես ռուսերեն, քեզ ընկալում են ռուսների կցորդ։

Շավարշ Քոչարյանը ԵԽ ԽՎ-ում թեկուզ հոգեբանորեն պատրաստ չէ Հայաստանի, Ղարաբաղի շահերը պաշտպանելու, քանի որ նրա «փորացավն» առաջին հերթին հանրաքվեի հարց դնելն է։ Քոչարյանն, անշուշտ, գիտեր, որ հանրաքվեի հարցը չի դրվի քվեարկության, սակայն ուղեղն այդ հարցի վրա էր սեւեռել, քանի որ ԵԽ-ում նա ներկայացնում է ոչ թե Հայաստանի շահերը, այլ «Արդարություն» դաշինքի հանձնարարականը։ Դատապարտելի բան չկա։ Պարզապես պետք չէ հեռուստաէկրանից կեղծ հայրենասեր ձեւանալ։ ԵԽ ԽՎ-ի հաջորդ նիստերում, եթե «Արդարություն» դաշինքը հանձնարարի, Շ. Քոչարյանի ուղեղը կրկին սեւեռվելու է հանրաքվեի հարցինՙ վստահ լինելով, որ Եվրախորհրդում նման հարց չի կարող քննարկվել։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4