«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2004-02-04 | #18, 2004-02-05 | #19, 2004-02-06


ՔԱՆԻ ՄԵՆՔ ԿԱՆՔ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՃԳՆԱԺԱՄ ՉԻ ԼԻՆԻ

Հոխորտում է «Օրինաց երկիրը»

Խորհրդարանական ճեպազրույցների գլխավոր թեման, բնականաբար, նոր իրավիճակում հայտնված դեպուտացիայի ներկա եւ ապագա տրամադրությունների գնահատումն ու կանխատեսումներն էին։ Խորհրդարանական կոալիցիայի ներկայացուցիչները, ըստ ամենայնի, այնքան էլ «ազդված» չէին ընդդիմության բոյկոտից եւ նրա վերադարձի վերաբերյալ ամենամարդասիրական ցանկություններ էին հայտնում։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դժգոհեց, թե ընդդիմությունը բարդացրել է իրենց աշխատանքային ռեժիմը, քանի որ հիմա օրինագծերի քննարկման ժամանակ իրենք ստիպված են ավելի ուշադիր լինել։ Եվ նա ամենեւին դեմ չէ ընդդիմության հետ գոնե նախկին հարաբերությունները վերականգնելուն։ Եվ ինչքան շատ լինեն հաշտեցնելու դեր ստանձնած միջնորդները, այնքան ավելի լավ կլինի։ Հայտնի է, որ միջնորդելու ցանկություն արդեն հայտնել է «Ժողովրդական պատգամավոր» խումբը։ Թե ինչպիսին կլինի նրա առաքելության հաջողությունը, եթե մյուսների հետ միահամուռ դեմ քվեարկեց հանրաքվեի օրենքում փոփոխությունների նախագծին, դժվար չէ գուշակել։ Բայց շատ իրողությունների նման սա էլ հեշտ ու հանգիստ տեղավորվում է քաղաքական դաշտի անտրամաբանական շատ գործընթացների շարքում։

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը համագործակցությունը նույնպես հնարավոր է համարում, եթե խոսքը վերաբերի համապետական նշանակության որեւէ հարցի։ Դաշնակցական խմբավորումը եւս հակված է «համոզելու իրենց գործընկերներին, որ օրինաստեղծ աշխատանքում ընդդիմության մասնակցությունը միայն դրական հետեւանքներ է ունենալու»։

Արտաշես Գեղամյանի այն հայտարարությանն ի պատասխան, թե սկսվել է խորհրդարանական ճգնաժամը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասաց. «Այսօր պառլամենտում ճգնաժամ չկա այն պարզ պատճառով, որ խորհրդարանի մեծամասնությունը առկա է, մեծամասնությունը որակյալ է եւ որակյալ մեծամասնությունը շարունակելու է իր օրինաստեղծ գործունեությունը։ Այս իմաստով առկա է միայն իրավիճակի սրում, եւ դա կարող է պառլամենտից տեղափոխվել քաղաքական դաշտ»։ Այս հարցում առավել ոգեշունչ էր տրամադրված «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը. «Քանի դեռ «Օրինաց երկիրը» կա, խորհրդարանում ճգնաժամ չի լինի»։

Ինչ են մտածում ստեղծված վիճակի մասին խորհրդարանը բոյկոտած խմբակցությունների ներկայացուցիչները։ Առանց ընդդիմության խորհրդարանի աշխատանքները, ըստ ընդդիմադիրների, զավեշտի են վերածվել, քանի որ «մարդիկ իրենք իրենց հարցեր են տալիս եւ քննարկումների իմիտացիա ստեղծում»։ Վ. Դալլաքյանը հայտարարեց, որ ինքը, իբրեւ ընդդիմության մեջ մեծամասնական ընտրակարգով ընտրված միակ պատգամավոր, իրեն իրավունք է վերապահում մասնակցելու իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը։

«Ազգային միաբանությունը» իր կոշտ դիրքորոշումներով հանդերձ, այնուամենայնիվ, գտնում է, որ թերեւս միայն Ղարաբաղի ճակատագրին վերաբերող հարցերում է հնարավոր, որ իրենք համագործակցեն իշխանությունների հետ, քանի որ դա համաժողովրդական խնդիր է։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4