Երեկ Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները պիտի հանդիպեին մարդու իրավունքների գլխավոր պաշտպանիՙ ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածու Լարիսա Ալավերդյանի հետ։ Ինչպես տեղեկացրեց Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խորհուրդն ու «Միասնություն» խմբակցությունը ոչ միայն հանդիպել, այլեւ համատեղ նիստով արտահայտել են իրենց հավանությունը թեկնածուի հանդեպ։ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները միայն հաստատ են մնում իրենց համոզմանը եւ մտադիր չեն մասնակցել անընդունելի կարգով առաջադրված թեկնածուի հետ հանդիպումներին։ «Ղարաբաղյան կլանը ներկայացնող հերթական թեկնածուն է բերվել, որը կլանի շահերը պաշտպանելու հետ «ձեռքի հետ» նաեւ ժողովրդի շահերը պիտի պաշտպանի։ Եվ հետո, դա դեմոկրատիայի ի՞նչ արտահայտություն է. նշանակում էր, թող նշանակեր (նախագահը), կոալիցիայի կարծիքն ի՞նչ նշանակություն ունի, եթե չի տարբերվում իր կարծիքից», այսպես արտահայտվեց ԱՄ խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը օմբուդսմենի հայկական ընտրակարգի վերաբերյալ։
Իր հերթին «Արդարություն» խմբակցության քարտուղարը «մարդու իրավունքների պաշտպանի նշանակման ձեւական գործընթացներին» իրենց մասնակից չլինելը պայմանավորեց այն իրողությամբ, որ խորհրդարանական մեծամասնությունը չընդունեց Եւրախորհրդի պահանջների ոգով արված իրենց առաջարկը օմբուդսմենի ընտրության վերաբերյալ, այն էՙ օմբուդսմենին նշանակելիս ՀՀ նախագահը պետք է ոչ թե խորհրդակցի, (որը իրավական որեւէ հետեւանք չի ենթադրում), այլ թեկնածությունը համաձայնեցնի Աժ խմբակցությունների հետ։ Վ. Դալլաքյանը ավելացրեց, որ ողջ աշխարհում ընդունված կարգի համաձայն օմբուդսմենը նշանակվում է պառլամենտի կողմից, եւ կոչվում է պառլամենտական օմբուդսմեն։