Հաստատվեց նոր «Ընտանեկան օրենսգիրքը»
Կառավարությունը երեկ հաստատել է նոր «Ընտանեկան օրենսգիրքը», որի առանձին դրույթներին անդրադարձավ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը։
Ամուսնության համար նվազագույն տարիք է սահմանվել աղջիկների համար 17 տարեկանը, տղաների համարՙ 18-ը։ Մինչ ամուսնանալը ապագա ամուսնացողները կարող են անվճար բժշկական հետազոտություն անցնել, որն ընդգրկված է պետպատվերի շրջանակներում։ Առողջական վիճակի տվյալները եւս մեկը մյուսին կարող են փոխանցվել ցանկության դեպքում։ Սակայն եթե ամուսիններից մեկը թաքցրած լինի որեւէ հիվանդություն, ապա մյուսը իրավունք ունի դատի տալու եւ փոխհատուցում պահանջելու։
Ամուսնալուծությանը վերաբերող բաժնում նախատեսված է առանց դատարանի ամուսնալուծություն, եթե կողմերը փոխադարձ համաձայնություն ունեն։ Կողմերից մեկի անհամաձայնության կամ այլ բարդությունների դեպքում միայն պետք է դիմել դատարան։ Հաշտեցման համար տրվող ժամկետը նույնպես կրճատվել էՙ 6 ամսվա փոխարեն 3 ամիս։
Նոր օրենսգրքում ամրագրված է նաեւ ամուսնության պայմանագիր հասկացությունը, որով ապագա ամուսինները իրենց պարտավորություններն ու իրավունքներն են ստանձնում։ «Ազգի» հարցին, թե որքան այդպիսի կնքված պայմանագրեր կան Հայաստանում, արդարադատության փոխնախարարը պատասխանեց, որ դրանք քիչ են։
Մեկ այլ դրույթ է երեխայի անվան փոփոխությունը։ Ծնողների համաձայնությամբ երեխայի անունը կարելի է փոխել մինչեւ 16 տարեկանը։ Երեխայի շահերից բխող մեկ այլ կետով հնարավոր է 6 ամսով վարքի պատճառով ծնողին զրկել երեխայի դաստիարակության իրավունքից, իսկ եթե դրանից հետո նա չի ուղղվում, ապա նաեւ զրկել ծնողական իրավունքից։
Որդեգրումը պետք է կատարվի դատարանի որոշմամբ, արգելվում է միջնորդությունը որդեգրման հարցում, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված։ Օտարերկրացիների կողմից որդեգրումը պետք է տեղի ունենա կառավարության որոշմամբ, նրանց առջեւ 9 պահանջներ են դրված նախկին 3-ի փոխարեն։ Սահմանվելու է կարգ, որով Հայաստանի հյուպատոսական ծառայությունները կհետեւեն որդեգրված երեխաների ճակատագրին։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ