Հուրախություն Հայաստանում եւ Հայաստանից դուրս հայերի, ինչու ոչ, նաեւ օտարերկրացիների, վերջերս Հայաստանում համացանցային (ինտերնետ) էջերի շարքը համալրվեց եւս մեկով։ Այն կոչվում է «Մանկության մոլորակ»։ Խոսքս մի հրաշք ու հեքիաթային մոլորակի մասին է, որտեղ իրենց սիրելի հեքիաթների հերոսներին կարող են հանդիպել աշխարհում ամենահրաշալի ու զգացմունքային էակներըՙ երեխաները։ Նրանց համար վերջապես առիթ է ստեղծվել համացանցում կարդալու մանկական հեքիաթներ, բանաստեղծություններ, առակներ, ծանոթանալ իրենց իրավունքներինՙ անցկացնելով հետաքրքրական ու անմոռանալի ժամեր։
Այս անգնահատելի աշխատանքի հեղինակը Գայանե Կլեկչյանն է, մարդ, որին ոչ միայն հաճելի է աշխատել այս մոլորակումՙ մանուկների հետՙ մանուկների համար կարգախոսով, այլեւ պահանջ է, տեսնել նոր սերնդին հայեցի սնված ու դաստիարակված։
Մանկության մոլորակաշինությանն իրենց մասնակցությունն են ունեցել Դավիթ Հակոբյանը (էջի ձեւավորող), Անուշ Ղուշչյանը, Կարո Հակոբյանը (Շվեդիա), Գայանե Միքայելյանը (Հանրապետական ազգային գեղագիտական կենտրոնի ուսուցիչ), Օֆելյա Միքայելյանը, Կարեն Մոսինյանը, Լեւոն Պետրոսյանը (Ֆրանսիա)։
Մի շատ հաճելի նորություն եւս. էջն իր զարգացման գործընթացի մեջ է, շուտով հեքիաթների թիվը կհամալրվի եւս 13 նկարազարդ հեքիաթներով, կավելանան «Հոգեբանի անկյուն», «Պատկերասրահ» եւ շատ այլ խորագրեր ու նաեւ կտեղադրվեն ռուսերեն եւ անգլերեն տարբերակները։
Այսպիսով, շտապեք գտնվել «Մանկության մոլորակ»www.mankutyanmolorak.comհասցեումՙ համաձայնելով Ժան Ժակ Ռուսոյի «Թողեք մանկությունը հասունանա մանկության մեջ» մտքի հետ։
ՆԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ