ԼՂՀ կառավարությունն օրերս կայացած հերթական նիստում հաստատեց Եղիշեի անվան ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։
1992 թվականից կազմակերպվող այս մրցանակաբաշխությունն ամեն տարի ամփոփում է գրականության, գիտության, մշակույթի ոլորտներում աչքի ընկած գործերը։ Մրցանակային գումարը յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է 100 ԱՄՆ դոլար։
Մրցանակային հանձնախմբի որոշմամբ 2003 թ. հաղթող են ճանաչվել հետեւյալ հեղինակները. գրականության բնագավառում մրցանակի է արժանացել բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանըՙ «Անկշռելիություն» բանաստեղծական շարքի, իսկ արձակագիր Համլետ Մարտիրոսյանը (գրական ծածկանունըՙ Մարտիրոս Ոբն)ՙ արցախյան հետպատերազմյան իրողություններն արտացոլող պատմվածքների համար։ Գիտության բնագավառում մրցանակի են արժանացել Հակոբ Ղահրամանյանը եւ Մանուշ Մինասյանը «Լեռնային Ղարաբաղի հարկային համակարգը» աշխատանքի համար։ Պատմագրության բնագավառում երկու մրցանակները նվաճել են Արցախ Բունիաթյանըՙ «Արյունոտ օրեր» (3-րդ հատոր) գրքի եւ Սլավա Սարգսյանըՙ «Խաչենի ամրոցները» գրքի համար։
Թատերական արվեստի անվանակարգում լավագույն է ճանաչվել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճանաչված դերասան Միքայել Հարությունյանըՙ Բենոյի («Քառասուն օր համբառնելուց առաջ», Ս. Խալաթյան), Սիմոն Կոլինի («Համր կինը», Ա. Ֆրանս), Բադոյի («Գիքորը» Հովհ. Թումանյան) դերակատարումների համար։
Կերպարվեստի եւ կիրառական արվեստի բնագավառում հանձնախումբը մրցանակ է շնորհել քանդակագործ Ալբերտ Հարությունյանինՙ «Նարեկացինՙ Արցախում», «Նելսոն Ստեփանյան» գործերի համար։
Կինեմատոգրաֆիայի անվանակարգում մրցանակներ են շնորհվել ռեժիսոր Հրայր Ավետիսյանինՙ «Գթասրտության ժամանակը» տեսաֆիլմի ռեժիսորական աշխատանքի եւ Սիրվարդ Մարգարյանինՙ «Քայլող խաչքար, Արցախամայր» տեսաֆիլմի սցենարի համար։
Գրող-հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի «Հրանտ կամ դառնամուխ կյանք» ժողովածուն արժանացել է հրապարակախոսության անվանակարգի մրցանակին։ Հանձնախմբի որոշմամբ երաժշտության բնագավառում մրցանակ է շնորհվել Արցախում լայնորեն ճանաչված երաժիշտ Լեւոն Սարգսյանինՙ «Ժողովրդական նվագներ»-ի համար։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ