20-րդ դարասկզբին Հայաստանի թշվառությունն առավել սաստկացրին Մեծ եղեռնը եւ Արեւմտահայաստանի ամլացումը։ Առանց օգնության դժվար էր հաղթահարել համատարած գաղթականության ու աղքատության ներքին ճգնաժամը։ Այդ տարիներին անգնահատելի էր սփյուռքահայ գաղութների նորակազմ հայրենակցական ընկերությունների նպաստը Խորհրդային Հայաստանին։ Մեր երկրի տնտեսության վերականգնմանը, ժողովրդի ֆիզիկական, կրթական ու մշակութային զարգացմանը մեծապես նպաստեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, բազմաբնույթ ծրագրեր իրականացնելով ամենաանհրաժեշտ ոլորտներում։ Դրանցից մեկը 1927 թ. հունվարին ՀԽՍՀ կառավարության եւ ՀԲԸՄ-ի կնքած պայմանագրի համաձայն Երեւանում Պողոս Նուբար փաշայի ծախսերով կլինիկայի ու ամբուլատորիայի կառուցման արտոնությունն էր։ Ակնաբուժական կլինիկան կրելու էր հանգուցյալ տիկին Մարի Նուբարի անունը։
Կլինիկայի եւ ամբուլատորիայի կառուցումը նախատեսված էր 1927 թ., գլխավոր նպատակն աչքի հիվանդությունների անվճար բուժումն էր։ Ըստ պայմանագրի «Այդ նպատակը հիմնական է եւ անջնջելի»։
Առողջապահական հաստատությունն անցնում էր համապատասխան նախարարության (առժողկոմատ) տրամադրության տակՙ ստանձնելով վարչական եւ բժշկական կազմի նշանակումները։ Իր հերթին ՀԲԸՄ-ն արտերկրից ուղարկելու էր անհրաժեշտ շինարարական նյութերը, մասնագիտական կահավորումը, սանիտարական եւ բժշկական գործիքները։
Խորհրդային տարիներից մինչեւ այսօր գործում են Մարի Նուբարի անվան ակնաբուժական կլինիկայի ախտորոշման, ամբուլատոր եւ վիրաբուժական բաժանմունքները։ Բարեբախտորեն 1,5 տարի առաջ Ազգային ժողովի օրակարգ մտած սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկից հանվեց սույն ակնաբուժարանը։ Այսօր կլինիկան խիստ կարիք ունի վերանորոգման եւ բուժսարքավորումների վերազինման։ Երեկ եգիպտահայ համայնքի կողմից կլինիկան ստացավ արժեքավոր նվիրատվություն. ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքին տրամադրվեցին 25.000 դոլարի արժողությամբ իտալական եւ ճապոնական ամենաարդիական սարքավորումներ, որի առիթով երախտագիտություն հայտնեց կլինիկայի գլխավոր բժիշկ Արմեն Շաքարյանը, եգիպտահայ համայնքի հայրենանվեր քայլը ողջունեց տիկին Նանի Օսկանյանը։
Անցյալ տարի հուլիսին Երեւանում կայացած հայ բժիշկների միջազգային համագումարին մասնակից սփյուռքահայ բժիշկներն այցելելով մայրաքաղաքի մի շարք կլինիկաներՙ որոշեցին բուժսարքավորումներով օգնել Երեւանի մանկական ակնաբուժարանին։
Եգիպտահայեր Հրայր Ջղալյանի, Արման Մազլումյանի, Գեւորգ Երզնկյանի, Հրաչ Միքայելյանի մասնակցությամբ կազմված հանձնաժողովը Եգիպտոսում Հայաստանի դեսպանի հովանավորությամբ կարողացավ կատարել համապատասխան աշխատանքներՙ իրականացնելով ծրագրի առաջին փուլը։ Ծրագրի երկրորդ փուլը նախատեսված է իրականացնել 2005 թ, կլինիկան կվերազինվի վիրաբուժական սարքավորումներով։ Պրն Մազլումյանը նկատեց, որ առանձին անհատներից միշտ էլ եղել են նվիրատվություններ, բայց սա առաջինն էր ամբողջ գաղութի մակարդակով, որի օրինակը տվեցին Նուբարյան-Գալստյան վարժարանի 1997 թ.-ի շրջանավարտները։ Բարեգործական ակցիային մեծապես աջակցել էր եգիպտահայ թեմի առաջնորդ, այժմ հանգուցյալ Զավեն արք. Չինչինյանը։
Բժշկական սարքավորումների կարիք ունեցող կլինիկաները շատ են, սակայն ակնաբուժության ոլորտն ընտրվեց մի պարզ պատեհությամբ. երբ հիվանդ երեխաներին սփյուռքահայ բարերարները հարցրել են, թե որոնք են աշխարհի հրաշալիքները, նրանցից շատերը պատասխանել ենՙ տեսողությունը։
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ