Հյուսիսային պողոտայի շուրջ կրքերը թեժանում են։ Երեկվա օրը հագեցած էր իրադարձություններով։ Մի քանի ընտանիքների վտարեցին, բողոքի ցույց տեղի ունեցավ կառավարության շենքի դիմաց, բնակիչներին բախտ վիճակվեց իրենց խնդիրները պատմել քաղաքապետ Երվանդ Զախարյանին, «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Սերգեյ Բայբուրթյանի փոխարեն նշանակվեց Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքաշինության» ձեռնարկություն ղեկավար Միքայել Մարգարյանը։ Սակայն ամեն ինչի մասին հերթով։
Երեկ հարկադիր կատարածուները վտարեցին Արամի 36 հասցեում բնակվող Մաթեւոսյանների ընտանիքին։ Սակայն նրանք միակ վտարվողները չէին։ Երեկ նույն ճակատագրին արժանացան մի քանի այլ ընտանիքներ։ Մաթեւոսյաններին այդպես էլ չհաջողվեց ստանալ այն գումարը, որ իրենք էին ուզում, ԾԻԳ-ը վճարեց այն գումարը, որ նախատեսել էր։
Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի հերթական ցույցը։ Մարդիկ պահանջում էին, որ տների դիմաց փոխհատուցումն իրականացվի նախկին կարգովՙ բնակարանային տարբերակով։ Մինչեւ անցյալ տարեվերջ իրացվող տների դիմաց տան տերերին տրամադրում էին բնակարան։ Սակայն վերջերս կառավարության թիվ 950 որոշումը փոփոխվել է, փոխհատուցվելու է գույքը, ինչը սեփականատերերին հնարավորություն կտա բնակարան գնել միայն Երեւանի ծայրամասում։ Ինչ վերաբերում է ուղղակի գրանցվածներինՙ մեկ անձին 2200 դոլար, եթե, իհարկե, նրանք տունն ազատեն առանց դատական քաշքշուկի։ Գործը դատարան հասնելու դեպքում փոխհատուցումը կկազմի 1800 դոլար։ Երեւանում տների շուկայական գներին քիչ թե շատ ծանոթը կհասկանա, որ այս գումարը զավեշտի է հասնում։ Որեւէ արդյունքի հասնել Հյուսիսային պողոտայի բնակիչներին այդպես էլ չհաջողվեց, միայն հանդիպեցին կառավարության նիստից դուրս եկած քաղաքապետ Երվանդ Զախարյանին, շրջապատեցին նրան, բազմաթիվ խոստումներ լսեցին։
Սերգեյ Բայբուրթյանն այլեւս «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի տնօրենը չէ։ Նրան ազատել են աշխատանքից։ Թե ինչո՞ւ, առայժմ հստակ ասել չենք կարող, սակայն համառորեն շրջանառվող լուրերի համաձայնՙ պաշտոնական դիրքի չարաշահում։ Գուցե պատահական չէ՞ր, որ մի քանի օր առաջ Երվանդ Զախարյանը մամլո ասուլիսում հայտարարեց, թե Հյուսիսային պողոտայի ԾԻԳ-ի բյուջեն ճեղքվածք է տվել։ Այս մասին դատել կարելի կլինի այն ժամանակ, երբ ենթադրվող չարաշահումների համար պրն Բայբուրթյանին պատասխանատվության ենթարկեն։ Թեեւ մեր երկրում իրադարձությունների նման զարգացումը կասկածելի է թվում։ Այստեղ տեղին է նշել, որ Սերգեյ Բայբուրթյանից դժգոհում են ոչ միայն Հյուսիսային պողոտայի բնակիչները։ Հիշենք ոչ հեռավոր անցյալը, երբ իրացվեց Կոնդի մի հատվածը։ Այն ժամանակ շատերը փողոցում հայտնվեցին, նրանց Սերգեյ Բայբուրթյանի անունը քաջ ծանոթ է։
Արդեն երկու տարի է, ինչ սկսվել է Հյուսիսային պողոտայի ծրագրի շրջանակներում տարածքի իրացումը։ Մինչ անցյալ տարեվերջ բնակիչները չէին դժգոհում։ Կան դեռեւս շուրջ 300 ընտանիքներ, որոնց տները եւս իրացման գոտում են։ Ի՞նչ կլինի նրանց հետ։ Կհայտնվեն փողոցո՞ւմ, թե՞ ուրիշ երեւանցիների նման կկարողանան ուրախանալ, որ քաղաքի կենտրոնը վերջապես վերակառուցվում է։ Այս հարցի պատասխանը կախված է իշխանությունների կամքից։
Հ. Մ.