Տոն Սուրբ Սարգիս զորավարի
Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այս տարի այն նշվում է փետրվարի 7-ին։
Արիության համար Ս. Սարգսին Մեծն Կոստանդիանոս կայսրը (285-337) կարգում է իշխան եւ սպարապետՙ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Ս. Սարգիսը ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հավատքի քարոզիչ։ Օգտվելով կայսեր հոժարությունիցՙ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում կառուցում է եկեղեցիներ, տարածքում քրիստոնեություն։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսն աստվածային հայտնությամբ հեռանում է կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ ապաստանում քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան։ Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, հայոց արքան հորդորում է Ս. Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ։ Վերջինս սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում զորագնդերի հրամանատար։ Զորականներից շատերը, տեսնելով զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում են հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա։ Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել։ Զորավարը մերժում էՙ ասելով, որ ինքը երկրպագում է մեկ Աստծու, որը ստեղծողն է երկնքի եւ երկրի։ Իսկ կրակը կամ կուռքերն ի բնե աստվածներ չեն, այլ մարդու ստեղծածը, որը կարելի է քանդել։ Այս ամենից հետո սուրբը կործանում է բագինը։ Զայրացած ամբոխը հարձակվում է սրբի եւ նրա որդու վրաՙ սպանելով 14 զինվորներին ու նրա Մարտիրոս որդուն։
Շապուհը կարգադրում է Սրբին բանտարկելՙ հույս ունենալով, որ այս ամենից հետո սուրբը կհրաժարվի իր հավատքից։ Սակայն տեսնելով նրա անսասանությունըՙ հրամայում է նրան սպանել։
Ս. Սարգիսը մեզանում ամենասիրված սրբերից է, եւ պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)ՙ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի, որը դառնում է ուխտատեղի։ Ամեն տարի քրիստոնյաները ուխտի են գնում սրբի գերեզմանին։
Ս. Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական, նվիրական սովորույթներով։ Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի հաստատած առաջավորաց պահքը։ Առաջավորաց պահքի վերջին օրըՙ փետրվարի 6-ին, Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը, երիտասարդներն աղի բլիթ են ուտում եւ այդ բլիթի հետ են կապում իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը։ Երեկոյան աղի բլիթ ուտելուց հետո ոչինչ չեն ուտումՙ պահքով, աղոթքներով ուղեկցելով սպասումը։
Փետրվարի 7-ին Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ