Տեղական «կոալիցիան» նախ հասարակ էթիկա պետք է սովորի
Որքան մեզ հայտնի է, իշխող քաղաքական կոալիցիայի կուսակցությունների տեղական կառույցները Գյումրիում, գուցե առանձին բացառություններով, երբեւէ աչքի չեն ընկել ԶԼՄ-ների հետ գործուն շփումներով։ Նման ավանդույթ ստեղծելուն ուղղված մի խոստումնալից քայլ կարելի էր համարել երկու ամիս առաջ ՀՅԴ Գյումրու կոմիտեի հրավիրած մամուլի ասուլիսը, որտեղ մասնավորապես հայտարարվել էր, որ նոյեմբերին ընտրված նոր կոմիտեն մտադիր է ոչ միայն ակտիվացնել կառույցի գործունեությունը քաղաքում ու մարզում, առավել ուշադրություն դարձնել հասարակայնության հետ կապերին, այլեւ նախաձեռնել կոալիցիայի կուսակցությունների համագործակցությունը տեղական մակարդակով։ Սա նկատի ունենալով էլ մի շարք լրատվամիջոցներ սիրով արձագանքել էին նաեւ անցած շաբաթ օրը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի միջոցով փոխանցված հրավերինՙ լուսաբանելու ՀՅԴ գրասենյակում նույն օրը ժամը 17-ին կայանալիք միջկուսակցական առաջին եռակողմ հանդիպումը, որտեղ նախատեսվում էր քննարկել ընթացիկ քաղաքական իրադրությունը։
Սակայն հանդիպմանը ներկայացած լրագրողները հենց սկզբից տարօրինակ իրավիճակում հայտնվեցին։ Վարողը բացելով նիստն առանց ուշացող ՀՀԿ ներկայացուցիչների եւ հայտնելով օրակարգը, անմիջապես հայտարարեց, թե հանդիպումը դռնփակ է լինելու։ Ապա լրագրողներին «թույլ տվեց» հանդիպումից հետո ցանկության դեպքում դիմել լրատվության գծով իրենց պատասխանատուին եւ նրանից ստանալ ուզած տեղեկությունները։ Մեր եւ այլ թղթակիցների տարակուսած հարցին, թե այդ դեպքում ո՞րն էր մեզ հրավիրելու իմաստը, որեւէ գոհացուցիչ պատասխան չտրվեց։ Որքան հասկացանք, իրենք պարզապես ցանկացել էին հանրությանը մեր միջոցով տեղեկացնել, որ գործում են (ոչ ավելին)։ Այսինքնՙ եկեք տեսեք, որ աշխատում ենք ու թողեք գնացեք...
Եթե ուզում են փակ դռների հետեւում աշխատել, իրենց գործն է։ Նիստը վարող երիտասարդ կուսակցական ղեկավարը այդ կապակցությամբ վկայակոչեց (մեր կարծիքովՙ տվյալ դեպքում ոչ տեղին) պետական դիվանագիտական նորմը։ Սակայն վատ չէր լինի նաեւ իմանալ ու պահպանել էթիկայի տարրական նորմերը եւ այդքան մարդկանց անտեղի չկտրել գործից ու չհրավիրելՙ ընդամենը դուռը ցույց տալու համար, ինչն առնվազն վիրավորական էր։
Անձամբ հակված ենք տեղի ունեցած բավական անդուր միջադեպը վերագրելու որեւէ մեկի պարզ անփորձությանը, քան թե դիտավորության։ Այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ եթե լրատվամիջոցների կամ մեկ ուրիշի հետ համագործակցելու ցանկությունն անկեղծ է, ապա դրա պարտադիր նախապայմաններից մեկը պետք է լինի նաեւ մյուս կողմին ու նրա աշխատանքը հարգելը։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ