«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2004-02-07 | #21, 2004-02-10 | #22, 2004-02-11


ՕՊԵՐԱՏՈՐ ՄԱՐՏԻԿԸ

Վոլոդյա Հարությունյանը հեռուստատեսություն էր եկել «Հայֆիլմ» կինոստուդիայից։ Ինչպես իր սերնդակից օպերատորներից շատ շատերը, աշխատանքային գործունեությունը սկսել էր որպես լուսավորող։ Հեռուստատեսության սկզբնավորման տարիներին բոլոր օպերատորների նման եւ նկարահանումներ էր կատարում նեղ ժապավենով, եւ արդիական տաղավարից հաղորդումներ էր եթեր տալիս։ Հետագայում, երբ բաժանում եղավ ստուդիական եւ նկարահանող օպերատորների, նա ընտրեց նկարահանման խցիկը։

Վոլոդյան շատ էր սիրում խցիկը։ Ընկերները հիշում են, թե ինչպիսի ողբերգություն ապրեց նա, երբ ղարաբաղյան մարտերից մեկում կորցրեց նկարահանման խցիկը։ Վոլոդյան շատ էր սիրում իրադարձություն նկարահանել, դրա մեծ վարպետն էր։ Հետաքրքիր մանրամասներ էր գտնում, այնպիսի կադրեր, որ մեկ ուրիշը դժվար թե գտներ։ Չափից ավելի խանդոտ էր իր նկարահանած նյութի նկատմամբ։ Որոշ մարդիկ դա ընկալում էին որպես ժլատություն։ Սակայն նա պարզապես բարձր էր գնահատում իր կատարած աշխատանքը, այն տանջանքն ու տառապանքները, որ կրել էր նկարահանման ժամանակ։

Վոլոդյան աշխատել էր հեռուստատեսության բոլոր բաժինների համար, աշխատել էր մեծ սիրով ու նվիրումով։ Պաշտոնական կարեւոր նկարահանումները նրան էին վստահվում։ Հայրենասեր էր եւ ակտիվ դիրքորոշում ուներ։ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից եղել էր թեժ կետերում, դիրքերում եւ խրամատներում։ Պատերազմի տեսարաններ, մարտեր շատ էր նկարահանել։ Մեծ քանակությամբ ժապավեն ուներ։ Նկարահանումները կատարում էր սեփական տեսախցիկով, որը, ի դեպ, սիրողական էր։ Այժմ այդ ժապավեններն իսկապես պատմական արժեք ունեն եւ օգտագործվել են «Արցախյան տարեգրություն» հաղորդաշարի ժամանակ (սցենարի հեղինակՙ Ռենալ Միրզոյան, ռեժիսորՙ Ռազմիկ Ավագյան)։ Ստեղծվեց անչափ հետաքրքիր ֆիլմ։ Եվ այսօր նրանք մեծ երախտագիտությամբ են հիշում Վոլոդյային, նրա նկարահանած շատ կադրեր տեղ են գտել այդ կինոնկարում։

Պատերազմի տարիներին Վոլոդյան ոչ միայն նկարահանեց, այլեւ որպես ազատամարտիկ կռվեց «Արաբո» ջոկատում։ Կռվեց Շահումյանում, Լաչինում, Մարտակերտում... Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվեց։ Նա մտերիմ էր բարոնուհի Քերոլայն Քոքսի, Նորայր Դանիելյանի, Ֆելիքս Գուլոյանի հետ, նրանց սիրելի բարեկամն էր։ Մարդկանց շատ էր սիրում։ Միշտ պատրաստ էր օգնություն ցույց տալու։ Պատգարակներով վիրավորված զինվորներին նա տեղափոխում էր դեպի ուղղաթիռ, զինվորական մեքենա։

Կենսուրախ էր ու կյանքով լի։ Երբեք չէր նվնվում, ընկճվում, հիվանդություններն անտեսում էր, արհամարհում։ Նկարահանումներից մեկի ժամանակ ավտովթար եղավ։ Բացի Վոլոդյայից ոչ ոք չտուժեց. բավականին ծանր վիճակում նրան հասցրին հիվանդանոց։ Մեկ ժամ էլ չէր անցել, երբ Վոլոդյան հայտնվեց իր գործընկերների կողքին։ Բոլորը շատ զարմացան, հետո ուրախացան։ Տղաներից մեկը փորձեց կատակել. «Մենք էլ պատրաստվում էիք ծաղիկ առնել քեզ համար»։ «Ծաղիկ կառնեք, պսակվեմ», ասաց Վոլոդյան։

Երկա՜ր, շատ երկար եմ զրուցում Վոլոդյայի այրուՙ հեռուստատեսության բազմավաստակ աշխատակից Նորա Հունանյանի հետ։ Շատ բան ենք հիշում, ժպտում ու տխրում, տխրում, որ Վոլոդյան այլեւս մեզ հետ չէ։

ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4