«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2004-02-07 | #21, 2004-02-10 | #22, 2004-02-11


ՀԻՄՔԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՓՈ՞ՐՁ, ԹԵ՞ ԱՐԴԱՐԱՑԻ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Մի օր աչքերս բացեցինք ու տեղեկացանք, որ ապրում ենք 3-րդ աշխարհիՙ զարգացող երկրում։ Արդեն զարգացած երկրներն էլ ունեւոր առաջադեմի դիրքից մատ թափ տվեցին ու հասկացրին, որ եթե չենք ուզում մեկուսացած ապրել եւ անգամ մեր իսկ յուղում տապակվելու հնարը չունենալ, ապա պետք է ձգտենք համապատասխանել միջազգայինՙ եվրոպական չափանիշներին։ Մեր ձգտումը տեսնելովՙ արդեն ժպտադեմ հայտնեցին օգնելու իրենց պատրաստակամությունը, եւ երկուստեք լծվեցինք գործի։ «Միջազգայնացման» այս ընթացքում Հայաստան ներմուծվեցին նոր հասկացություններ, հներին տրվեցին նոր անվանումներ եւ եղած ու չեղած արատների անընդհատ բարձրաձայնումներով սկսեցին փորձեր արվել դրանք հասարակության մտածողությունում ամրապնդելու։

Եվ դրանցից մեկըՙ գենդերային կոչված երեւույթն ամրապնդվեց, թեՙ ոչ, հայտնի չէ, բայց որ հայտնի դարձավ մեր հասարակությանը եւ ընկալվեց իմաստըՙ հաստատ է։ Դե քանի որ խնդիրը կա, դրանցով զբաղվող կազմակերպություններ էլ ստեղծվեցին եւ գործում են բավականին ջանադիր։ Եվ այսպես, համադրելով «Կանանց ֆորում» ՀԿ-ի «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից եւ «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները, կարելի է եզրահանգել, որ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունները խոչընդոտում են ՀՀ-ում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, քանի որ, ըստ հարցման արդյունքների, սեռական ոտնձգությունները կատարվում են աշխատանքի ընդունվելիս կամ ընթացքում։ Իսկ զոհ են դառնում 31-40 տարեկան բարձրագույն կրթությամբ, բարեկեցության որոշակի մակարդակ ունեցող կանայքՙ անկախ ամուսնական վիճակից։

Համաձայն հարցման հեղինակների ձեւակերպման, մինչամուսնական տարիքի կանայք սեռական ոտնձգության անհաջող փորձերի օբյեկտ են։ Հետաքրքիր է, ի՞նչ է ենթադրվում սեռական ոտնձգություն ասելիս եւ ո՞րն է հայաստանաբնակ կնոջ մինչամուսնական տարիքը։ Եթե հիմք ընդունենք օրենքով սահմանվածը, ապա Հայաստանում ամուսնական տարիքը համարվում է 17 տարեկանը։ Այստեղից պետք է ենթադրել, որ մինչամուսնականը սկսվում է, ասենք, 15 տարեկանից։ Հիմա պատկերացնենք ոչ հիվանդ հոգեբանության տեր հայ տղամարդու, որը պատրաստ է սեռական ոտնձգության ենթարկել մինչամուսնական տարիքում գտնվող կնոջը։ Եվ փորձենք նաեւ մոտավոր հաշվել նրանց հնարավոր քանակը։ Անկեղծ ասածՙ ինքս ուղղակի չեմ պատկերացնում ոչ այդ տղամարդուն, ոչ էլ, առավել եւս, նրանց շատ լինելը։

Նույն հարցման արդյունքով պարզվել է, որ ոչ պակաս վտանգված են նաեւ ուսանողուհիները, որոնք նույնպես սեռական ոտնձգության քիչ անհաջող փորձերի չեն արժանանում։ Ասենք, որ Երեւանի 10 համայնքներում ու հանրապետության 4 մարզերում հարցվել են 500 կին եւ 100 տղամարդ։ Պարզվել է, որ հարցվածների 63-64 տոկոսը ենթարկվել է սեռական ոտնձգության։ Ըստ այդ տվյալների, Հայաստանի յուրաքանչյուր 600 բնակչից 384-ը ենթարկվում է սեռական ոտնձգության։ Ստացվում է, որ հարցվածները, բաժանված 2 խմբի, զբաղված են ոտնձգելո՞վ եւ ոտնձգվելո՞վ։

Հարցման մյուս տվյալների համաձայն, կանանց 78 տոկոսն իրեն համարում է ճնշված, ոտնահարված ու բռնության ենթարկված։ Հնարավո՞ր է պարզել, այդ կարգավիճակում չգտնվելու համար կինն անելիք ունի՞, թե՞ ոչ։ Նշված հարցումը դա չի պարզել, բայց պարզել է, որ կանանց 2/3-ը, իսկ տղամարդկանց 1/10-ն է հավատում սեռական ոտնձգությունների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությանը։ Եվ որպես հարցման եզրակացությունՙ հեղինակներն այս տվյալների հիման վրա փոփոխման ենթակա են համարում տղամարդկանց մտածողությունը եւ ընդգծում, որ նրանք որոշումներ են ընդունում հասարակության բոլոր մակարդակներում։ Ենթադրության տողատակում ընկալեցինք հետեւյալըՙ որ կանայք պետք է ծանրակշիռ դեր ստանձնեն իշխանության մարմիններում։ Ահա թե Հայաստանում ուր հասան սեռական ոտնձգությունների չափը, «տեղն ու դերը» ուսումնասիրելիս։ Բայց ի վերջո առանց այս ամենի էլ արդեն երկրում փթթում է գենդերային քաղաքականությունը, տրոփում կնոջ լիակատար ազատության գաղափարը, դրանք ամրապնդելու կոչված շքեղ ձեռնարկների տարածումը։ Հնարավոր էՙ մի օր էլ արթնանանք ու տեսնենք, որ փորձում են մեր մտածողության մեջ ամրապնդել կնոջ առաջնայնության գաղափարը։ Կարիք կա՞ հիշեցնելու, որ հակառակն ավանդվում է Արարչի կողմից։

Եվ վերջին հարցըՙ գուցե միջազգայնացման այս ընթացքում չփորձենք սեփականել նաեւ «միջազգային» արատները։

Հ. Գ. Ներկայացրինքՙ զերծ մնալով բացառման գաղափարից։

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4