Բաքուն հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Երեւանի հետ բանակցություններն սկսել զրոյական կետից։ «Բանակցային գործընթացում սկզբունքների մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ դա ընդունում են երկու կողմերը, որից ելնելով հնարավոր կլիներ շարժվել առաջ։ Այսօր ղարաբաղյան կարգավորման գործընթացում չկա այնպիսի սկզբունք, որն ընդունված լիներ երկու կողմերից, այդ պատճառով Ադրբեջանն ունի լիիրավ իրավունք դրանք զրոյից սկսելու», Ինտերֆաքս գործակալությունը մեջբերում է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի խոսքերը։ «Իրականում եթե բանակցությունների արդյունքում չի հաջողվել համաձայնեցնել եւ ոչ մի հարց, դա արդեն խոսում է այն մասին, որ կարգավորման գործընթացն առայժմ գտնվում է զրոյական կետում։ Պարզապես հայկական կողմը ցանկանում է Ադրբեջանին պարտադրել որոշ առաջարկներ, բայց դա նրան չի հաջողվի», ընդգծել է Գուլիեւը։
Նկատենք, որ սա առաջին դեպքն է Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ 20-ից ավելի տեղի ունեցած հանդիպումներից հետո (Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ), երբ պաշտոնական Բաքուն հստակ հայտարարում է, որ նախկին երեք տարիներին նախագահների մակարդակով տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները ոչ եւս են եւ պատրաստակամություն է հայտնում բանակցային գործընթացն սկսել մաքուր էջից։
Մի քանի ամիս առաջ Ժնեւում կայացած Քոչարյան-Ալիեւ առաջին հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մի քանի անգամ կրկնել է, որ ցանկալի կլիներ, եթե Իլհամ Ալիեւը բանակցությունները շարունակեր այն կետից, որը նրան թողել էր հայրըՙ Հեյդար Ալիեւը։