Շրջանի ղեկավար Խվիստանիան հակասական գնահատականներ է տալիս հայ-աջարական բախումներին
Վրաստանի Ծալկայի շրջանում վերջին տարիներին տեղի ունեցած դեպքերը համառորեն փորձում են որակել ազգամիջյան։ Ընդ որում, դա անում են ե՛ւ հայկական, ե՛ւ վրացական մամուլի որոշ օրգաններ։ Այսպես, հունվարին Ծալկայում տեղի ունեցած երկու ընդհարումները (տեղի հայերի եւ նախկին հունաբնակ գյուղում վերաբնակեցված աջարների միջեւ) վրացական մամուլը որակել է որպես «Սաակաշվիլու նախագահության ժամանակ տեղի ունեցած առաջին ազգամիջյան միջադեպ»։ Հունվարի կեսերին եւ վերջին արձանագրված միջադեպերից մեկի ժամանակ ծեծվել էր Ծալկայի շրջանի ղեկավար Էլդար Խվիստանիան։ «Չթուլացող լարվածության» հիմնական մասնակիցներ են համարվում հայերը եւ վրացիները (հատկապես սվանները եւ աջարները)։
Վրաստանում ընդգծված հակահայ հոդվածներով հայտնի «Ջորջիան թայմս» շաբաթաթերթին տված հարցազրույցում Խվիստանիան ասել է, թե պաշտոնի նշանակվելուց հետո (2000 թ.) սկսել է Ծալկայի շրջանի բնակեցումը վրացիներով։ «Եթե մինչ այդ շրջանում ապրում էին միայն 72 վրացական ընտանիքներ, ապա այսօր նրանց թիվը հասել է 1300-ի։ Հայերը չեն ցանկանում հաշտվել նման իրադրության հետ։ Ինչ վերաբերում է հույն բնակչությանը, որ ժամանակին շրջանում բացարձակ մեծամասնություն էր կազմում, ապա նրանց 80 տոկոսն արդեն լքել է Ծալկայի շրջանը»։
Խորհրդային ժամանակներում Ծալկայի շրջանում կար 44 գյուղ, որից 13-ըՙ հայաբնակ։ Շրջանը, որ գտնվում է Հայաստանին սահմանակից Քվեմո Քարթլիի երկրամասում, հիմնականում բնակեցված է եղել հույներով։ Այսպես, ըստ 1989 թ. Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալների, հույները կազմել են շրջանի բնակչության 61 տոկոսը։ Հայերի թիվը կազմել է մոտ 13 հազար կամ բնակչության 29 տոկոսը։ Հայերից եւ հույներից բացի, Վրաստանի այս շրջանում բնակվել են ադրբեջանցիներ, վրացիներ, ռուսներ, օսեր, այլ ազգություններ, որոնք կազմել են շրջանի բնակչության ընդամենը 9 տոկոսը։
Ծալկան վրացիներով վերաբնակումն սկսվել է Խորհրդային Միության փլուզման նախօրեին, շարունակվել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի, ապա եւ Էդուարդ Շեւարդնաձեի օրոք։ Թբիլիսիի իշխանությունները հույների լքած տները հանում էին աճուրդի եւ խորհրդանշական գումարներով տրամադրում աջարներին, ինչպես նաեւ Սվանեթիայի լեռներից իջած սվաններին։ Վերաբնակեցումը միշտ չէ, որ ընթացել է հանդարտ։ Այսպես, դեռ 2000 թ. Քվեմո Քարթլիում Շեւարդնաձեի լիազոր եւ հեղինակություն վայելող Լեւան Մամալաձեն վրացական «Ալիա» (թարգմանաբարՙ հայրենադարձություն) թերթում մեղադրել էր «որոշ սադրիչների», ովքեր փորձում են խոչընդոտել Ծալկայում վրացիների վերաբնակեցմանը։ Իսկ Վրաստանի Ազգայնական կուսակցության առաջնորդ Զազա Վաշակմաձեն Ծալկայում ստեղծված իրավիճակը համեմատել էր 1980-ական թթ. վերջերին Աբխազիայում ստեղծված իրավիճակի հետ։
1989 թ. մարդահամարի տվյալներով, հույները կազմում էին Վրաստանի բնակչության մոտ 2 տոկոսը կամ 102.324 մարդ։ Հույները հավաք բնակվում էին Ծալկայի եւ հարեւան շրջաններում, ինչպես նաեւ Աբխազիայում։ 1992-93 թթ. վրաց-աբխազական պատերազմի ժամանակ ինքնավար հանրապետությունում բնակվող պոնտացի հույները գաղթեցին Հունաստան, այլ երկրներ։ Ծալկայի եւ հարակից շրջաններում բնակվող հույները, որոնց մի մասը թուրքախոս է, եւս մեկնեցին պատմական հայրենիքՙ Հունաստան, այլ պետություններ։ 2002 թ. վրացական մարդահամարի տվյալներով, Վրաստանում հույների թիվը կազմում է մոտ 15 հազար, այսինքնՙ 13 տարիների ընթացքում նրանց թիվը պակասել է մոտ 7 անգամ։
Շրջանի ղեկավար Խվիստանիան հայտնի է հայերի հանդեպ ունեցած, մեղմ ասած, անբարյացակամ վերաբերմունքով եւ համարվում է նախկին նախագահ Շեւարդնաձեի ու տարածաշրջանում նրա նախկին լիազոր Մամալաձեի դրածոն։
Փաստը, որ հունվարյան բախումները տեղի են ունեցել հայաբնակ Աշկալա գյուղի բնակիչների եւ հունական Գումբատի գյուղում վերաբնակեցված վրացիների (աջարների) միջեւ, «Ջորջիան թայմսում» հրապարակված հոդվածի համաձայն, Խվիստանիան որպես տուժող հետեւյալ կերպ է ներկայացնում. «Հույների հեռանալուց հետո շրջանում ձեւավորվեց հողային ռեսուրսների ավելցուկ, մենք էլ Ծալկան բնակեցրինք վրացիներով, ինչը բնական է։ Հայերի մեջ կան սադիստներ, այդ թվումՙ վրացիների լուրջ թշնամի, դաշնակցական Հայկ Մելտոնյանը, ովքեր չեն համաձայնում իշխանությունների դիրքորոշմանը։ Ավելացնեմ, որ շրջանում բնակեցված վրացիները մտադիր չեն երկար համբերել»։
Հայկ Մելտոնյանը դաշնակցական է թե ոչ, թողնենք մի կողմ եւ փաստենք հետեւյալը. 2003 թ. նոյեմբերին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Շեւարդնաձեն եւ տարածաշրջանում նրա դրածո Մամալաձեն ամեն կերպ փորձում էին թույլ չտալ, որպեսզի Մելտոնյանն ընտրվի պատգամավոր։ Փորձերը ձախողվեցին, եւ Մելտոնյանը, վրացական «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության օժանդակությամբ նաեւ, ընտրվեց մեծամասնական պատգամավոր Ծալկայի շրջանից։
«Ազգի» հետ զրույցում Խվիստանիան հունվարյան դեպքերի կապակցությամբ նշեց. «Հայ երիտասարդները վրացական Գումբատի գյուղով անցնելիս վիճաբանել են 3 վրացիների հետ, ծեծել նրանց, բայց դա եղել է երիտասարդների վեճ, այլ ոչ թե ազգամիջյան ընդհարում։ Նույն գիշեր հայաբնակ Աշկալա գյուղից մարդիկ գնացել են Գումբատի եւ կոտրել մի քանի մեքենաների ու տան ապակիները»։
Այդ դեպքում ինչպե՞ս է տարածվում տեղեկություն, թե ազգամիջյան բախում է եղել։ Խվիստանիան ասաց. «Ես չեմ տարածել նման տեղեկություն եւ չգիտեմ, թե ով է դա արել։ Հայերի մեջ կան մի քանի հրահրիչներ, որոնք էլ նման բաներ են անում, բայց դա միայն երիտասարդների վեճ է եղել»։
Ծալկայի շրջանի մեծամասնական պատգամավոր Հայկ Մելտոնյանի ասելովՙ շրջանում ազգամիջյան բախումներ չեն եղել, իսկ շրջանի ղեկավար Խվիստանիան նման որակումներ է տվել, քանի որ ցանկանում է պահպանել իր պաշտոնը։ Տեղեկացնենք, որ վրացական նոր իշխանությունները շատ դեպքերում փոխում են Շեւարդնաձեի կադրերինՙ նրանց փոխարեն նշանակելով իրենց համախոհներին։ «Ժողովուրդը Խվիստանիային չի ցանկանում տեսնել այդ պաշտոնում, քանի որ երեք տարիների ընթացքում նա շրջանի համար ոչինչ չի արել, չի հանդիպել ո՛չ հույների, ո՛չ վրացիների եւ ո՛չ հայերի հետ։ Խվիստանիայից մենք որեւէ լավ բանի հույս չունենք», ասաց Մելտոնյանը։ Ծալկայի շրջանի ղեկավարի տեղակալ Վարդո Եղոյանը պնդեց, որ ազգամիջյան բախումներ չեն եղել։ Ողջ պատմությունն այն է, որ աջարական գյուղով անցնող հայ երիտասարդներին ճանապարհ չեն տվել, դրա պատճառով վեճ է բացվել։ Բայց դա ազգամիջյան հարց չէ, ինչպես որակել է շրջանի ղեկավարը։ Եղոյանի խոսքերովՙ Խվիստանիայի նման վերաբերմունքի պատճառն այն է, որ դեպքից մի քանի օր առաջ շրջանի տարբեր գյուղերիցՙ մեծամասնությամբ հայեր, բողոքի ակցիա են կազմակերպել Խվիստանիայի տան մոտ։
Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ Ծալկայի դեպքերից հետո Թբիլիսիում կազմակերպել են հայերի, հույների, վրացիների հանդիպում տարածաշրջանային դեպարտամենտի ղեկավար, Վրաստանի անվտանգության խորհրդի անդամ Մալխազ Բագիաշվիլու մասնակցությամբ։ Քննարկվել են առկա խնդիրները, եւ, ինչպես նշեց պրն Մուրադյանը, ամբողջ աղմուկը բարձրացրել են լրագրողներըՙ նկարելով կոտրված ապակիներն ու տեղի ունեցածը մեկնաբանել որպես ազգամիջյան բախում։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի, ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ