Նախագահ Պուտինի, Ռուսաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ բանակցությունների ավարտին Վրաստանի նախագահը ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության գրասենյակում տված մամուլի ասուլիսում կարեւորել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի հետ իր երկրի կապերի խորացումը։ Սաակաշվիլին համոզմունք է հայտնել, որ իր երկրի առանցքային գործընկերներն են Ադրբեջանը եւ Հայաստանը։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ։ Իլհամ Ալիեւը նոր սերնդի նախագահ է, եւ ինձ համար հեշտ է աշխատել նրա հետ, ինչպես Ռուսաստանի ղեկավարության հետ։ Ես ու Ալիեւն ստացել ենք նույն կրթությունը։ Հեշտ ենք միմյանց հասկանում, Եվրախորհրդում մենք ղեկավարել ենք մեր երկրների պատվիրակությունները», ասել է Սաակաշվիլին, հավելելով, որ Ադրբեջանը Վրաստանի կարեւոր գործընկերն է, ինչպես նաեւ Հայաստանը։
Սաակաշվիլին ասել է, թե մտադիր է սերտ հարաբերություններ հաստատել Իրանի հետ։ Նա նշել է, որ Դավոսում հանդիպել է նախագահ Խաթամիին եւ ստացել շատ լավ տպավորություն։ «Իրանը կարող է ավելի ակտիվ ներգրավվել Հարավային Կովկասի առեւտրային ծրագրերում», ասել է նախագահըՙ նկատելով, որ «մեր հարեւան Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ», եւ «մենք նույնպես կցանկանայինք ավելի սերտ հարաբերություններ հաստատել Թեհրանի հետ»։