«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ՀԱՅ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԿՈՍՈՎՈ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերի հրաձգային 34 հոգանոց դասակըՙ հրամանատար, ավագ լեյտենանտ Արտյոմ Ավդալյանի գլխավորությամբ, այսօրվանից 6 ամիս ժամանակով խաղաղարար առաքելություն կիրականացնի Կոսովոյում։ Առավոտյան հունական «C-130» Հերկուլես ռազմական ինքնաթիռը հատուկ չվերթով մեկնեց Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղից էլ կուղեւորվի Կոսովո։ Հայկական դասակն այնտեղ կմիանա հունական գումարտակին եւ վերջինիս կազմում էլ կիրականացնի իր առաքելությունը։ Սա թերեւս նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ՀՀ զինված ուժերն անմիջական մասնակցություն են ունենում եվրոպական անվտանգության ապահովման գործընթացներին։

Դասակի անձնակազմն անհրաժեշտ պատրաստություն է անցել Հունաստանի խաղաղապահների ազգային կենտրոնում։ Հանդերձավորման խնդիրը հոգացել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։ Հայ զինծառայողները տիրապետում են անգլերեն լեզվին, ապահովված են կապի ժամանակակից, այդ թվում նաեւՙ արբանյակային հաղորդակցության միջոցներով։ Դասակն ամենօրյա կապի մեջ կլինի 12-րդ գումարտակի հրամանատարի հետՙ զեկուցելով նրան առաջադրանքների կատարման ընթացքի մասին։ Զինծառայողների ապահովագրական խնդիրները, ստորագրված հուշագրի համաձայն, կհոգա հունական կողմը։ Այս ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կպահպանվի նրանց աշխատավարձն ամբողջությամբ, բացի այդ, շարքային անձնակազմին որպես օրապահիկ կտրվի 12, իսկ սպայական կազմինՙ 17 եվրո գումար։

«Զվարթնոց» օդանավակայանի բեռնափոխադրումների համալիրում զինծառայողներին ճանապարհելու էր եկել ՀՀ բարձրաստիճան սպայական կազմըՙ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Հայաստանի Հանրապետության օրհներգ, ապա հանդիսավոր շքերթից հետո դասակի անձնակազմին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը։ Հայրապետական աղոթք կատարեց բանակի հոգեւոր առաջնորդ հայր Արշին աբեղա Սանոսյանը։

Պաշտպանության նախարարն իր խոսքում նշեց, որ այսօր ՀՀ զինված ուժերի համար պատմական օր է։ Ըստ նրա, հայ խաղաղապահներն առաջին անգամ են մեկնում հայրենիքի սահմաններից դուրսՙ մասնակցելու միջազգային խաղաղարար գործողությունների։ «Միջազգային անվտանգությանն իր նպաստը բերելու պատրաստակամության մասին մեր երկիրը հայտարարել է դեռեւս 2000 թ.-ինՙ ձեռնամուխ լինելով ՀՀ ԶՈւ կազմում խաղաղապահ գումարտակի կազմավորմանը։ Այսօր ուրախությամբ պետք է փաստենք, որ հետեւողական աշխատանքի եւ բարեկամ պետությունների աջակցության շնորհիվ Հայաստանը պատրաստ է իր հնարավորության սահմաններում սատարել աշխարհի տարբեր հատվածներում խաղաղության եւ կայունության ամրապնդման մարդասիրական ջանքերին», ասաց նախարարը։ Ս. Սարգսյանը զինծառայողներին մաղթեց խաղաղ երկինք եւ անվտանգ ծառայություն, միաժամանակ կոչ արեց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ իրականացնել առաքելությունըՙ գիտակցելով, որ իրենցով կարծիք են կազմելու հայ զինվորի մասին։

Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անտոնիուս Վլավիանոսն իր հերթին նշեց, որ հայ զինվորները եւս մեկ անգամ կապացուցեն, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են մարտունակ եւ բարձր մակարդակում։ Նրա խոսքերով, ՀՀ զինված ուժերը հակված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4