ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը երեկ «Առավոտ» թերթում հեռուստաբանավեճի հրավիրելով պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, գրել է. «Փաստերը հետեւյալն են. զինադադարից մինչեւ 2002 թ. Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը լիովին անվտանգ էր, երթեւեկությունըՙ անխափան։ Ներկայումս ադրբեջանական հենակետերը հայտնվել են այնպիսի դիրքերում, որտեղից հնարավոր է կրակի տակ պահել այդ ճանապարհը»։
Սերժ Սարգսյանը նույն «Առավոտի» նախորդ համարներից մեկում տված հարցազրույցում անդրադառնալով Դավիթ Շահնազարյանիՙ իշխանություններին ներկայացվող այն մեղադրանքին, թե իբր Հայաստանը տարածքներ է հանձնել Ադրբեջանին, ասել էր. «Շահնազարյանը պարզապես ստում է։ Մենք երբեք ոչինչ, թեկուզ կես մետր չենք հանձնել։ Այն, որ տվյալ ճանապարհը կարող է գտնվել կրակի տակ, ես չեմ բացառում, բայց այդ ճանապարհը կրակի տակ էր դեռ 1992-ից, եւ ես չեմ մեղավորը, որ պատեհ առիթը ժամանակին չեն օգտագործել եւ այդ կրակակետերը չեն մարել։ Ես լինեիՙ կանեի։ Ինքն էրՙ թող աներ»։
Խոսքը վերաբերում է վարչականորեն Ադրբեջանին պատկանող այն ճանապարհահատվածին, որը 1991-94 թթ. պատերազմի ընթացքում անցել է հայկական ուժերի վերահսկողության տակ։ Ռազմական առումով ադրբեջանական հենակետերն առավել նախընտրելի դիրքերում են, մասնավորապես Նոյեմբերյանի շրջանի մի շարք գյուղերի գլխավերեւում գտնվող ադրբեջանական Օդունդաղ սարից, ուր նստած են հակառակորդի նշանառուները, ճանապարհի ազատագրված այս հատվածը լիովին վերահսկելի է։ Այսինքնՙ ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են կրակ բացել հայկական ավտոմեքենաների վրա։
Շահնազարյանի պնդումները որեւէ կապ չունեն իրականության հետ։ Զարմանալի է, որ նման անտեղյակություն է դրսեւորում Հայաստանի անվտանգության նախկին ղեկավարը։ Շահնազարյանի պնդումը, թե զինադադարից մինչեւ 2002 թ. Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը լիովին անվտանգ էր, բացարձակապես կեղծիք է։ Այս ճանապարհն սկսած 1990 թ. հունիսից, երբ վարչականորեն Ղազախի շրջանին պատկանող Բաղանիս-Այրում գյուղում պատանդ վերցվեց առաջին հայը (մինչեւ օրս Խաչիկ Խաչիկյանի ճակատագիրն անհայտ է), երբեք հուսալի չի եղել։ 1994-2002 թթ. այս ճանապարհին տասնյակ հայեր են սպանվել, վիրավորվել, պատանդ վերցվել։
Շահնազարյանը պնդում է, թե «ներկայումս ադրբեջանական հենակետերը հայտնվել են այնպիսի դիրքերում, որտեղից հնարավոր է կրակի տակ պահել այդ ճանապարհը»։ Սերժ Սարգսյանը նկատել էր. «Նորից եմ ասում, եթե այդ տարածքում ինչ-որ բան արվել է, ապա արվել է միայն բարելավում։ Ուղղակի որոշ հանգամանքներ ինձ թույլ չեն տալիս խոսել մանրամասներից»։
2002 թ. դեկտեմբերի 25-ին ադրբեջանական ANS, «Space», «Lider» հեռուստաընկերությունները, իսկ հաջորդ օրը Բաքվի գրեթե բոլոր օրաթերթերը հաղորդեցին, թե իբր երկրի բանակն ազատագրել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող
Ղազախի շրջանի 14 (՞) գյուղերից երկուսը, վերահսկողության տակ առել Նոյեմբերյան-Երեւան ավտոմայրուղու որոշ հատվածներ։ Երկու օր անց ադրբեջանական լրատվամիջոցները հերքեցին «ադրբեջանական բանակի հաղթարշավի» մասին տպագրած տեղեկատվությունը։
Հասկանալի պատճառներով «Ազգն» իրավունք չունի թերթում գծագրել հայկական եւ ադրբեջանական հենակետերի դիրքերը։ Սակայն ովքեր հաճախ են օգտվում այս ճանապարհից, գիտեն ադրբեջանական եւ հայկական հենակետերի նախկին եւ ներկա դիրքերը, կհամաձայնեն Սարգսյանի ասածին, որ «եթե այդ տարածքում ինչ-որ բան արվել է, ապա արվել է միայն բարելավում»։
Պիտի արձանագրենք, որ պատերազմի տարիներին հայկական ուժերը թշնամուց մաքրեցին հայկական տարածք մխրճված ադրբեջանական 4 գյուղերՙ Աշաղը Աքսիբարա, Յուխարը Աքսիբարա, Բաղանիս-Այրում, Խերմլի։ Այդ գյուղերի ընդհանուր տարածքը մոտավորապես այնքան է, որքան ադրբեջանական ուժերի գրաված Արծվաշեն գյուղը։ Սա գաղտնիք չէ, եւ կարելի է հանդիպել օտարերկրյա լրագրողների հրապարակումներում։
Հ. Գ. «Ազգը» հերթական անգամ հերքում է Շահնազարյանի անհիմն պնդումները, քանի որ յուրաքանչյուր նմանօրինակ հրապարակում տեղացիների (ովքեր պատերազմի դժվար օրերին անգամ ոչ մի քայլ չեն զիջել) շրջանում առաջ է բերում խուճապային տրամադրություններ։ Արժե՞ արդյոք նման էժանագին ձեւով փորձել քաղաքական ինչ-ինչ դիվիդենտներ շահել։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ