«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ՍԻՐՈ ՏՈՆ

Փետրվարի 14-ին Տեառնընդառաջի կամ քառասնօրյա մանուկ Քրիստոսիՙ տաճարին ընծայման տոնն է։ Այս տոնը մեր ժողովրդի ամենասիրած կրոնական տոներից մեկն է, որն աչքի է ընկնում գեղեցիկ եւ յուրահատուկ արարողություններով։ Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ մեկ այլ օտարամուտ տոն կարծես թե փորձում է ստվեր գցել Աստծուն նվիրված տոնախմբության վրա։ Խոսքը վերաբերում է նույն փետրվարի 14-ին հիշատակվող Սբ. Վալենտինի օրվան, որը հայտնի է նաեւ որպես սիրահարների օր։ Այդ օրը հեռուստատեսությունն ու ռադիոն մեծ ոգեւորությամբ գովազդում են սբ. Վալենտինի տոնը, ինչպես նաեւ դրանց միջոցով սիրահար երիտասարդներն ու երիտասարդուհիները շնորհավորում են միմյանց սիրահարների ցնծալից տոնի առիթով։ Ցավոք, այդ բազում խոսքերի ու շնորհավորանքների մեջ հաճախ չի հիշատակվում Քրիստոսինՙ Աստծուն նվիրված տոնը։ Եվ սրա պատճառը ոչ այնքան օտարամուտ տոնն է, այլ այն ցավալի իրողությունը, որ հատկապես մեր երիտասարդների գիտակցության մեջ (իհարկե, չհաշված գեղեցիկ բացառությունները) խախտվել է արժեհամակարգը։

Այն արժեքները, որոնք իրականում պետք է ամենից առաջնայինը լինեին, այսօր շատերի համար գրավում են վերջին աննկատ տեղերը կամ էլ ընդհանրապես ջնջվել են եւ դուրս նետվել գիտակցությունից։ Մերօրյա բազում երիտասարդների արժեհամակարգում առաջին տեղը գրավում է սեփական հաճույքը, մինչդեռ Աստծո մասին գաղափարը պատված է անտարբերության մշուշով։ Սրանում համոզվելու համար հարցրեք փողոցում հանդիպած որեւէ երիտասարդի, թե երբ է վերջին անգամ Աստվածաշունչ կարդացել եւ երբ է վերջին անգամ դիտել արեւմտյան աշխարհից եկած կրքահարույց ֆիլմերն ու երաժշտական տեսահոլովակները։

Այս երկու հարցերի պատասխանների համեմատությունից կտեսնեք, թե ինչն է նրանց ավելի շատ հետաքրքրում եւ ինչպիսին է նրանց վերաբերմունքը աստվածայինի հանդեպ։ Ահա այսպիսին է մեր երիտասարդների մտածելակերպը։ Եթե փետրվարի 14-ին երիտասարդն իր ընկերուհուն որեւէ նվեր չտա, ապա դա ամոթ կլինի. ինչպե՞ս կարելի է սիրահարների տոնի օրը գեղեցիկ անակնկալ չմատուցել սիրեցյալին, բայց եթե այդ օրը եկեղեցի չայցելեն կամ Աստծուն չհիշեն, ապա դա այնքան էլ ողբերգական բան չէ։ Մինչդեռ Աստված պատվիրել է, որ մարդիկ ամենից շատ Իրեն սիրեն։ Երկնային արժեքների հանդեպ երիտասարդության մեջ տիրող անտարբերությունն է պատճառը, որ Սուրբ Սարգիսը շատ երիտասարդների հայտնի է միայն աղաբլիթով եւ ալյուրի վրա թողած ձիու պայտի նշանով, իսկ եկեղեցինՙ մոմ վառելով։ Քիչ թիվ չեն կազմում այն մարդիկ, ովքեր Աստծուն պատկերացնում են հեռու երկնքում նստած մի ծերունու կերպարանքով, որի հանդեպ պարտքը երբեմն որեւէ խանութ գնալիս կամ քաղաք զբոսանքի ելած ժամանակ եկեղեցու կողքով անցնելու դեպքում ներս մտնելը եւ մոմ վառելն է, որպեսզի նաեւ գործերը հաջող լինեն։

Մուսուլմանների մասին ասում են, որ նրանք իրենց սուրբ գիրքը բռնած ժամանակ միշտ պահում են սրտի բարձրության վրաՙ իբրեւ հարգանքի նշան։ Չենք կարող ասել, թե մեզ մոտ Սուրբ Գրքի հետ անփույթ վերաբերվելովՙ պատռում են, բայց շատ տներում Աստվածաշունչը գտնվում է գրադարակի ցուցափեղկի հետեւումՙ ցուցադրության համար։ Այսպիսին է հաճախ նաեւ Աստծո հանդեպ վերաբերմունքը. սիրում ենք, որ նա եւս «փեղկի ետեւում» լինի։

Մեր շատ թերթերում երբեմն ներկայացնում են Հայ առաքելական եկեղեցու տոները, որոնց կողքին միեւնույն ժամանակ ներկայացվում են աստղագուշական տեսություններ եւ հաճախՙ երեխաների մոտ բարձրաձայն ասելու համար անպատշաճՙ ֆիլմերի անպարկեշտ վերնագրեր։ Հեթանոսա-քրիստոնեական այսպիսի մի խառնուրդ է նաեւ բազմաթիվ մարդկանց ներաշխարհը։ Նախ աղոթում են եկեղեցում եւ մոմ վառում իրենց ցանկությունների իրականացման համար, այնուհետեւ եկեղեցուց դուրս գալովՙ զբաղվում են աստղագուշակությամբ, որն արգելված է Աստվածաշնչով Աստծո կողմից (քանզի ըստ Աստվածաշնչի գուշակություն անող կամ դրան հետեւող մարդը պիղծ է Աստծո համար)ՙ իմանալու, թե արժե՞ այս շաբաթ որեւէ շահութաբեր գործ ձեռնարկել, թե՞ ոչ։ Եվ զարմանալի չէ, որ նման պայմաններում շատերը ցնծությամբ ընդունեցին սիրահարների տոնըՙ Աստծո տոնը մոռացության մատնելու հաշվին։

Գուցե առարկություններ լինեն, որ սա եւս քրիստոնեական տոն է, որովհետեւ հիշատակվում է սուրբ Վալենտինը։ Բայց նախՙ նա մեր Եկեղեցու կողմից տոնելի սրբերի կարգին չի դասված եւ չի հիշատակվում մեր Եկեղեցում, եւ երկրորդՙ այդ տոնի կողմնակիցներից գրեթե ոչ ոք չգիտե, թե ով է սուրբ Վալենտինը։ Հաղորդավարները հաճախ ասում են Վալենտինո կամ Վալենտինա (կարծելովՙ թե կին է), որոշ հեռուստաընկերություններ այդ օրվա համար առաջարկում են Վալենտինի օր արտահայտությունը բովանդակող վերնագրով ֆիլմեր, որոնք ոչ մի կապ չունեն Վալենտինի հետ, այլ պարզապես ներկայացնում են երկու սիրահարների ամոթալի եւ անբարոյական արկածները։ Եվ սրբի մասին շատերի անտեղյակությունը ցույց է տալիս, որ նպատակը ոչ թե մեկ այլ Եկեղեցու սրբի հիշատակը հավերժացնելն է, այլ պարզապես այդ օրը յուրահատուկ կերպով ու հիանալի տրամադրությամբ անցկացնելը, սեփական զգացմունքների համար տոն սահմանելն ու նշելը։ Մինչդեռ Քրիստոսիՙ տաճարին ընծայման տոնը նաեւ Քրիստոսիՙ Իրեն ընծայելն է մարդկանց, ովքեր Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով եւս Աստծո տաճարներ են։ Այսինքնՙ տերունական որեւէ տոն մարդկության հանդեպ աստվածային անսահման սիրո տոնն է։ Եվ եթե երկու բաներ համընկել են միեւնույն օրը, ապա պետք է ընտրություն կատարենք։ Ո՞րն ավելի վեր դասենք եւ հիշատակենքՙ Աստծո տո՞նը, ով անսահմանորեն սիրում է մարդկանց եւ տալիս է հավիտենականը, թե՞ մարդկային զգացմունքների տոնախմբությունը։ Այս հարցը տալուց հետո մեկ րոպե անցկացրեք լռությամբ եւ ցանկության դեպքում կլսեք, թե ինչպիսի պատասխան է տալիս ձեր խիղճը։

ԱԴԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4