«Ժամանակն իր շավղից» այնքան է սայթաքել, որ հայ մտավորականությունը եւ ընդդիմադիր քաղաքական դաշտն արդեն միասնաբար են փորձում ելքեր գտնել փակուղուց դուրս գալու։
Երեկ ՀԳՄ դահլիճում սկսված հայ մտավորականության անդրանիկ ֆորումի ժամանակ գնահատական տրվեց արդի հայ իրականության ընդհանուր վիճակին։ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը ներկայացրեց հավաքի նպատակը, որն ըստ էության ապրելու եւ գոյատեւելու մեր տարրական իրավունքների պաշտպանությունն է։ Ի՞նչ է պատահել։ Անկախ պետականության առկայությամբ, պետականության բոլոր ատրիբուտների, կառույցների գոյությամբ այսօրվա հայ իրականությունը հանկարծ համեմատվեց սարդարապատյան ճակատամարտի օրերի հետ։ Այն օրհասական օրերին բոլոր եկեղեցիները տագնապի ահազանգեր հնչեցրին։ Այսօր այդ տագնապի ահազանգը հնչեցնելու հերթը հայ մտավորականությանն է։ Սակայն նրա մի մասը կրավորական կեցվածք ունի, ոմանք անտեսված են կամ անտարբեր, անպտուղ խորհրդածություններ են անում, մյուսները որոշակի ճիգեր անելուց հոգնածՙ հուսահատությունից լքում են երկիրը, էլ չհաշված նրանց, ովքեր ծառայամտությամբ իշխանության քղանցքներն են համբուրում։
Ընդհանրապես ընդունված է մտավորականությանը դիտել իբրեւ հասարակական մտքի առաջ մղիչ ուժի եւ ընդդիմության պարագլխի։ Սակայն մեզանում հակառակ երեւույթը նկատվեց. աստիճանաբար մտավորականությունը մանրացավ, գլխատվեցՙ դառնալով աննկարագիր (բացառությունները չհաշված)։ Մտավորականության այս ընդհանրական կերպարը ստեղծվեցին հասարակությանն առավել հուսահատեցնելու նպատակով, մինչդեռ Հայաստանում կան ազնիվ նկարագիր ունեցող մտավորականներՙ սերված մեր արմատներից, հավատարիմ մեր ազգային սրբություններին, որոնք էլ այսօր կոչված են «կանխելու գերագույն չարիքը»։
Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, հետահայաց քննելով արցախյան ազատամարտի ողջ ընթացքը, եզրահանգեց, որ մեր երկրի ամենածանրՙ երկրաշարժի, ցրտի, մթի, պարտադրված պատերազմի տարիներին աշխարհը պաշտպանում էր մեր ազատագրական պայքարը։ Սակայն ամեն անգամ, երբ մեր իշխանությունները սխալ ուղի են որդեգրելՙ շեղվելով ժողովրդավարությունից, արտաքին աշխարհը մեզ կարմիր քարտ է ցույց տվել։ Եվ իբրեւ կարմիր քարտ առաջ է քաշվել ղարաբաղյան հարցը։ Այս քարտը խաղարկվում է արդեն երկրորդ անգամ, երբ նախկին իշխանությունները, չարաշահելով եւ ոտնահարելով ժողովրդի իրավունքներն ու վստահությունը, կորցրին հիշողությունը, թե ինչու են եկել իշխանության, եւ երբ Քոչարյանը, որ հնարավորություն ուներ պատժելու պատեհապաշտներին, շարունակեց նախկինների խրախճանքը, որն իր գագաթնակետին հասավ անցած տարվա խայտառակ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նման պայմաններում մեր առաջ խնդիր է դրվումՙ կամ վերադարձնել Ղարաբաղը, կամ փոխել իշխանությունը։
Այսօր իշխանության վրա որեւէ հույս դնելն անհեթեթություն է, նրանից ազգաբնակչությունը երես է թեքել, որովհետեւ վաճառվում են ռազմավարական բոլոր կարեւոր օբյեկտները, բարոյական օրենքները ոտնահարվում են, խայտառակ կադրային քաղաքականություն է տարվում, կազմալուծում են մշակութային օջախները (ՀՀ հանրագիտարան, լեզվի, տնտեսագիտության ինստիտուտներ, Մշակույթի հայկական ֆոնդ), տարածաշրջանում Հայաստանի միակ առավելությունը հանդիսացող գիտական ներուժըՙ վտանգելով դրա ապագան (մագիստրատուրայի եւ ասպիրանտական թեկնածուների բանակ զորակոչելը), սոցիալական քարտերի ծրագիրը, ջրի միջոցով զանգվածային թունավորումները, համատարած թանկացումները, որոնք բոլորը նպաստում են երկրի հայաթափմանը, արտագաղթին։
Այս տարիների ընթացքում իրավապահ եւ դատական մարմինները, իշխող չինովնիկները, ԱԺ պատգամավորների մեծ մասը ստեղծել են իրենք իրենց վերարտադրող փակ շղթա, որից առաջացած ներքին ճգնաժամն այսօր ստեղծել է մի այնպիսի լարված իրավիճակ, երբ ղարաբաղյան հարցը վերածվել է ողջ հայ ժողովրդի եւ հայ պետականության անվտանգության խնդիր։
Նման մտահոգություններ հնչեցրին ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը, Դավիթ Սեդրակյանը, Ռաֆայել Ղազարյանը, Խորեն Պալյանը, գեներալ Էդվարդ Սիմոնյանցը, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը, բժիշկ Վահան Վարդապետյանը, գեղանկարիչ Կարեն Սմբատյանը։ Հեռակա հնչեց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ազդեցիկ խոսքը։
Հայաստանում այսօրվա տիրապետող մթնոլորտը, երբ «բոլորը վախենում են մեկից, իսկ մեկըՙ բոլորից», հարկավոր է ցրել, որովհետեւ վախը վտանգավոր է, իսկ ժողովրդական ասացվածքն ասում է. «Երկու վախը մի մահ է»։ Այս վախը հաղթահարելու համար մեր ժողովրդի ներկայով ու ապագայով մտահոգվածները պետք է միակամ լինեն, իսկ մտավոր ներուժը որեւէ քաղաքական կուսակցությունից ավելի հզոր է։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ