«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՏՐԱՄՎԱՅԸ ԵՐԵՎԱՆԻՆ

Տրամվայի հավաքակայանի կոլեկտիվը բաց նամակ է հղել երկրի ղեկավարներին

Հավաքակայանի աշխատակիցները, դիմելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, նշում են, որ Երեւանի քաղաքապետարանի որոշումը տրամվայի վերացման վերաբերյալ կատարվել է առանց լուրջ հիմնավորման։ Այն հայտարարությունները, թե տրամվայը աշխատում է վնասով, անհիմն են, քանզի դա հետեւանք է այս ոլորտում «ոչ կոմպետենտ մարդկանց ղեկավար նշանակելու, նրանց ներկայացրած ոչ ստույգ տվյալների եւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության կողմից տարվող էլեկտրական տրանսպորտի փակման քաղաքականության»։ Նամակի հեղինակները անթույլատրելի են համարում «փակել տրամվայը, երբ քաղաքը հագեցած է երթուղային տաքսիներով, որոնք արդեն այսօր առաջացնում են ուղեւորների անվտանգության, երթեւեկության ծանրաբեռնվածության եւ հատկապես էկոլոգիական լուրջ խնդիրներ»։ Բացի այդ, նամակի մեջ հիշատակվում է, որ աշխարհի զարգացած երկրներում տրամվայները գործում եւ զարգանում են որպես էկոլոգիապես մաքուր, արագընթաց եւ հարմարավետ փոխադրամիջոց։

Իրենց հիմնավորումները ներկայացնելուց հետո տրամվայի հավաքակայանի կոլեկտիվն առաջարկում է երկրի նախագահին վերանայել տրամվայի փակման քաղաքապետարանի որոշումը, այն դուրս բերել «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ ենթակայությունից, հնարավորություն տալով կոլեկտիվին ընտրել ղեկավար մարմին, բացառել Չարբախ-Զեյթուն հատվածում 50 դրամանոց տրանսպորտային միջոցների երթեւեկը եւ վերոշարադրյալ բոլոր հարցերը քննարկել կոլեկտիվի հետ։

Որեւէ արդյունք կտա՞ «Վերադարձնենք տրամվայը Երեւանին» կարգախոսով գրված այս բաց նամակը։ Դժվար է ասել, քանի որ տրամվայի գործունեությունը բախվում է ինչպես երթուղային տաքսիների գծատերերի, այնպես էլ, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի շահերին։ Այլապես ինչով բացատրել տրամվայների նկատմամբ վերջինիս ընդգծված բացասական վերաբերմունքը։ Հակված չենք մտածելու, որ քաղաքապետը գենետիկ ատելություն ունի տրամվայների նկատմամբ, որը դրանց վերացումից հետո տրոլեյբուսների վրա է տարածվելու։

Ինչ մնում է երկրի նախագահին, ապա կարծում ենք, որ նա պետք է պետական գործչին բնորոշ դիրքորոշում ցուցաբերի այս հարցի առնչությամբ եւ կասեցնի Երեւանը էլեկտրատրանսպորտից զրկելու գործընթացը։ Գործընթաց, որի հետեւանքով մենք ավելի ենք մոտենում Աֆրիկային, որտեղ երբեւէ չեն եղել տրամվայներ եւ տրոլեյբուսներ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4