7 օր առաջՙ փետրվարի 6-ին Գյումրու Նոր ավան թաղամասի բնակչության շրջանում արձանագրվել են աղիքային թեթեւ խանգարման երեւույթներ։ Պատճառները պարզելու նպատակով անմիջապես իրականացված համաճարակաբանական ուսումնասիրություններից արձանագրվել է, որ վարակը տեղային է, իսկ աղբյուրըՙ խմելու ջուրը, որի աղտոտումը բացատրվում է վերջին օրերի տաք եղանակով պայմանավորված հալոցքով եւ ջրամբարների շրջակայքում հերմետիկության բացակայությամբ։ Կատարված մանրէաբանական հետազոտությամբ չեն հայտնաբերվել կեղտաջրերով աղտոտում եւ աղտածին մանրէներ։ Ինչն էլ հաստատում է ձնհալոցքի հետեւանքով խմելու ջրի աղտոտման վարկածը։ Ջրի աղտոտումը երկրորդային է։
Ինչպես տեղեկացանք առողջապահության նախարարությունից, արդեն ձեռնարկվել են վարակի հետագա տարածումը կանխարգելելու հակահամաճարակային բոլոր միջոցառումները, նաեւ ուժեղացվել է հսկողությունը հակահամաճարակային հսկողության կազմակերպությունների նկատմամբ։ Նույն նախարարության տրամադրած տվյալների համաձայնՙ փետրվարի 11-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվել է 32 հիվանդ, որոնցից 17-ըՙ Նոր ավան թաղամասից, 15-ըՙ Գյումրու տարբեր թաղամասերից։ Հիվանդների գերակշիռ մասըՙ 27-ը մինչեւ 14 տարեկան երեխաներ են։
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ