«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԱՅՆ

10 տոկոսն է իրազեկ, թե ովքեր ունեն անվճար բուժսպասարկման իրավունք

Այս ամիս կավարտվի «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության եւ սպասարկման մասին» հասարակությանն իրազեկելու ծրագիրը, որը սկսվել էր անցած տարվա հունիսից։ Այն հանրապետությունում իրականացնում է «Բաց բժշկական ակումբ» կառույցըՙ «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության ֆինանսավորմամբ։

Մինչ ծրագրի սկիզբը կատարվել էին նախնական հարցումներ 500 մարդու շրջանումՙ հեռախոսազանգերի միջոցով, բնակչության միայն 10 տոկոսն է իրազեկ եղել, թե ովքեր ունեն պետության կողմից երաշխավորված անվճար բուժսպասարկման իրավունք։ Բժիշկները հիմնականում իրենց նեղ մասնագիտական մասով են իրազեկ այդ որոշումներին։ Ծրագրի ավարտից հետո եւս կանցկացվի ամփոփիչ հարցում, նախատեսվում է, որ բնակչության իրազեկության մակարդակը բարձրացված կլինի։

Ըստ «Բաց բժշկական ակումբ» կազմակերպության նախագահ Զառա Ջանիբեկյանի, ծրագրի շրջանակում 5 հազար տպաքանակով տպագրվել են գրքույկներ, որոնցում ամփոփված է 2003 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության մասին հիմնական տեղեկատվությունը։ Բացի այդ, նկարահանվել ու «Երեւան» հեռուստաընկերությամբ հեռարձակվել է երկու տեսաֆիլմ, 6 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս 10 ՀԿ-ների ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ։ Ըստ Զ. Ջանիբեկյանի, այս նախագծի ավարտից հետո նախատեսվում է իրազեկության ծրագիր սկսել 2004 թ. որոշումների մասին։

Նշենք, որ «Բաց բժշկական ակումբ» կազմակերպությունն անվճար բժշկական օգնություն է տրամադրում Սպիտակի, Գյումրու, Խարբերդի մանկատան երեխաներին։

ԱՐՄԵՆՊՐԵՍ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4