ՎԱՆԱՁՈՐ, 12 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վանաձորում, Գրիգոր Լուսավորչի եւ Նժդեհի փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկում դեղնախտովՙ հեպատիտ Ա, հիվանդացության միանգամից 5 դեպքն առիթ է տվել զգուշանալու համաճարակի բռնկման վտանգից։ Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռոբերտ Դիլբարյանի հավաստմամբ, շենքի խմելու ջրից վերցված փորձանմուշներում վտանգավոր հիվանդության հարուցիչ չի հայտնաբերվել, տվյալ տարածքում հիվանդության ակտիվացման պատճառները պարզվում են։ Իսկ շենքիՙ դեղնախտով վարակված 15-18 տարեկան բնակիչներից 4-ը ստացիոնար բուժում են ստանում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, մյուս հիվանդը, բժիշկների համապատասխան թույլտվությամբ, տնային բուժում է ստանում։ Ռ. Դիլբարյանի տվյալներով, մարզում նախորդ տարի հեպատիտ Ա-ով հիվանդացության 89 դեպք է գրանցվել։