ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կազմակերպած «Կնոջ աշխարհը» երրորդ միջազգային տնտեսական ցուցահանդեսը մեկնարկեց երեկ, կառավարության շենքի դահլիճում։ Ցուցահանդեսին մանրակրկիտ մշակված թեմատիկան, ըստ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի, հասարակության ուշադրությունը սեւեռում է հայաստանաբնակ կանանց խնդիրներին ու պահանջներին։ Կազմակերպիչների նպատակն է կանանց համար ապրանքների հայկական արտադրողի համար ուրվագծել շուկայի պահանջները, ինչը կարեւորվում է, քանի որ, ըստ նրանց, նշված ոլորտի արտադրությունը դուրս է եկել նոր փուլ։
Ցուցահանդեսին մասնակից տասնյակից ավելի կազմակերպությունների շարքում են «կանանց առողջության պահպանման» ընկերակցությունը, «Ողնուղեղի դոնորների հայկական ռեգիստր» բարեգործական հիմնադրամը, «Միջազգային հոմեոպատների հայկական ընկերակցությունը», «Գեդեոն Ռիխտեր», «Գլաքսո Սմիթ Քլայն» դեղագործական ընկերությունները, մանկական հագուստի «Ռայմա», կանանց ներքնազգեստի «Տրիումֆ» խանութները եւ այլ կազմակերպություններ։
«Հայ օպտիկը» ցուցահանդեսում առաջարկում է 8 համաշխարհային համբավ ունեցող մոդելավորման տների արտադրած արեւային ակնոցների եւ օպտիկական շրջանակների լայն ընտրանի։ «Բազում» ֆիրման ներկայացրել է կանանց հագուստների իր ընտրանին։ «Դանիել ԿՄՊ» ՓԲԸ-ն իր իսկ ձեւակերպմամբ ցուցադրում է արծաթն ու կենցաղը միաձույլ արծաթե աշխարհում։ «ԳԱՀ-ԳԷՏ» ՍՊԸ-ն էլ առաջարկում է «Օդ-զեթ» մազաթափության դեմ կոսմետիկական յուղը։
Ցուցահանդեսին մասնակից թերեւս բոլոր կազմակերպությունների արտադրանքն ու ծառայությունները կհետաքրքրեն ոչ միայն կանանց։
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ