«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՎՆԱՍԱԶԵՐԾԻ ՄԵՐ ԹԱՓՈՆՆԵՐԸ

Հայաստանում 1985-1990 թթ. ընթացքում կուտակվել են 36,7 մլն տոննա արդյունաբերական թափոններ։ Դրանցից 20 հազար տոննան վտանգավոր թափոններն են, որոնք պարունակում են սնդիկ, կապար, նիկել, քրոմ, ֆտոր եւ այլ նյութեր։ Թափոնների խնդիրները կարգավորելու նպատակով երեկ կառավարությունն ընդունեց «Թափոնների մասին» օրենքը, որի մանրամասները ներկայացրեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը։ Նա տեղեկացրեց, որ օրենքը չի տարածվում ռադիոակտիվ թափոնների, հոսքաջրերին խառնվող եւ բնական ջրատարներ թափվող նյութերի, արտանետման աղբյուրներից անջատվող գազային խառնուրդների հետ մթնոլորտ արտանետվող նյութերի, հանքարդյունահանող կազմակերպությունների մակաշերտի ապարների վրա, որոնք կարգավորվում են այլ իրավական ակտերով։

Բնապահպանության նախարարը հայտնեց, որ, նկատի ունենալով թափոնների, մասնավորապես վտանգավոր թափոնների վնասազերծումը ծախսատար գործ է, ենթադրվում է գործունեության այդ տեսակով զբաղվող տնտեսվարողների համար կիրառել տնտեսական խթաններ։ «Ազգի» հարցին, թե ի՞նչ խթանների մասին է խոսքը, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ նախարարությունն առաջարկում է արտոնություններ նախատեսել շահութահարկի եւ բնապահպանական վճարների գծով։ Նա նաեւ հայտնեց, որ մեկ տոննա վտանգավոր թափոնների վնասազերծումն արժե 1000-1200 դոլար։

Այս հանգամանքը թերեւս անիմաստ է դարձնում այս օրենքի գործունեությունը, քանի որ թափոնների վնասազերծման համար պահանջվող գումարները կկազմեն հարյուր միլիոնավոր դոլարներ։ Ասվածի ապացույց է այն փաստը, որ, օրինակ, Հայաստանում վերոնշյալ ժամանակահատվածում առաջացած թափոններից 20 հազար տոննա միայն վտանգավոր թափոնները վնասազերծելու համար անհրաժեշտ կլիներ առնվազն 20 մլն դոլար։

Ինչ վերաբերում է ըստ ոլորտների թափոնների չափին, ապա պատկերն այստեղ հետեւյալն էՙ հանքարդյունաբերությունՙ 33 մլն տոննա, շինարարությունՙ 1,2 մլն տոննա, սննդի արդյունաբերությունՙ 0,3 մլն տոննա, փայտամշակման արդյունաբերությունՙ 0,11 մլն տոննա, քիմիական արդյունաբերությունՙ 0,1 մլն տոննա։ Կենցաղային թափոնների ծավալը կազմել է 1,5 մլն տոննա։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4