«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ՍՆՆԴԻ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՄԻԱՅՆ ՅՈԴԱՑՎԱԾ ԱՂ

Ինչի համար կառավարությունն ընդունել է ազգային ծրագիր

Հայաստանի կառավարությունը երեկ հաստատեց յոդի անբավարարության դեմ պայքարի եւ կանխարգելման ծրագիրը, որը լրագրողներին ներկայացրեց գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը։ Ծրագրի գլխավոր դրույթն այն է, որ հարկ է սննդի մեջ օգտագործել յոդացված աղ, իսկ առանց յոդացման աղի ներմուծումը Հայաստան արգելվելու է։

Ինչպես նշեց գլխավոր սանիտարական բժիշկը, մեր երկիրը լինելով լեռնային եւ նախալեռնային գոտիներում գտնվող երկիր, դասվում է յոդի անբավարարություն ունեցող երկրների թվում։ Դա կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում վահանաձեւ գեղձի գերաճի (զոբ), ֆիզիկական եւ մտավոր թերզարգացման, բնածին արատների, հղիության ընդհատումների, անպտղության, խուլ-համրության, վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության անկման եւ այլն։ Վլադիմիր Դավիդյանցը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում 1970 թ.-ից արտադրվում է «Էքստրա» յոդացված աղը։ Աղի յոդացումը դադարեց 90-ականներին, բայց ներկայումս վերականգնվել է շնորհիվ Ավանի աղի կոմբինատում տեղադրված նոր սարքավորման։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4