«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2004-02-11 | #23, 2004-02-12 | #24, 2004-02-13


ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍԻՐՈ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

Օրեր առաջ խմբագրություն եկավ 22-ամյա գեղեցկատես մի հայուհիՙ Լիանա Բաղդասարյանը, եւ հուզված մեզ հանձնեց մի նամակ, որով խնդրում էր օգնել պարզաբանելու իր գլխին եկած անսպասելի փորձանքը, եւ կոչը, որ հայուհիները զգույշ լինեն օտարերկրյա փեսացուներից...

Ներկայացնենք այդ դառը սիրո պատմությունը... 2001 թ. գարնանային մի պայծառ օր երկու քույրեր զբոսնել են Աբովյան փողոցով։ Նրանց է մոտեցել մի հայ տղա Ավստրալիայիցՙ Հենրիկ Մելիք-Վարդանյանը, զրուցել են, սուրճ խմել։ Նա խնդրել է քույրերին, որ օգնեն իր եղբորըՙ Էմիլ Մելիք-Վարդանյանին ծանոթանալու Հայաստանի տեսարժան վայրերին։ Վերջինս մի քանի օրից Սիդնեյից ժամանում է Երեւան ու մտերմանում քույրերի հետ։ Շատ կարճ ժամանակում կարողանում է «գողանալ» Լիանայի հոգին, եւ սկիզբ է առնում «ազնիվ սերը»։ Երեք շաբաթ անց Էմիլը Լիանային ծանոթացնում է իր ծնողների հետ, որոնք Հայաստան են ժամանում Էմիլի մյուս եղբորՙ Էդմոնդ Մելիք-Վարդանյանի եւ Աննայի հարսանյաց հանդեսի առիթով։ Լիանան մեծ տպավորություն է թողնում Էմիլի ծնողների վրա, նրանք այցելում են Լիանայենց տուն, ծանոթանում ծնողների հետ։ Քանի որ Նոր տարվա գիշերը մոտ էր, վերջիններս որոշում են Երեւանի «Արմենիա» հյուրանոցում անցկացնել այդ գիշերը, որին ներկա են լինում նաեւ Էմիլի ծնողներըՙ։ Հրաշալի ժամանակ են անցկացնում եւ հենց այդ օրն էլ որոշվում է, որ Էմիլն ու Լիանան շատ հարմար զույգ են եւ պիտի ամուսնանան։ Միմյանց հավատարմության խոստում են տալիս, Էմիլը հունվարի 4-ին մեկնում է Սիդնեյ (Ավստրալիա)։

Լիանան, որ այդ ժամանակ 3-րդ կուրսի գերազանց առաջադիմությամբ ուսանողուհի էր, որոշում է լրացուցիչ հաճախել ամերիկյան համալսարանի անգլերենի դասընթացներինՙ քաջ գիտակցելով, որ ՀՀ բուհի դիպլոմով արտերկրում, առանց անգլերենի իմացության, աշխատանք չի կարող գտնել։ Իհարկե, այդ քայլը համաձայնեցվում է Էմիլի հետ էլեկտրոնային փոստով, որն էլ վճարում է ուսման վարձը եւ շատ ոգեւորվում Լիանայի որոշման առթիվ։ Մի քանի ամսից հետո նրանք դիմում են ներկայացնում Ավստրալիայի դեսպանատունՙ նշանվածի կարգավիճակով մեկնելու եւ Ավստրալիայում պսակադրությունն իրականացնելու։ 2002 թ. նոյեմբերի 10-ին, ստանալով ամուսնական վիզա, Լիանան մեկնում է Սիդնեյ, որտեղ էլ նրան օդանավակայանում դիմավորում են Էմիլն ու նրա ծնողները։ Հենց օդանավակայանից Մանյա եւ Համլետ Մելիք-Վարդանյաններն իրենց հարսնացուինՙ Լիանային տանում են իրենց տուն, մինչեւ պսակադրվելը միասին ապրելու։ Այդպես անցնում է 5 ամիս, սակայն պսակադրության մասին խոսք չի բացվում։ Մոտենում է արդեն վիզայի ժամկետի ավարտը, եւ միայն այդ ժամանակ որոշում են գնալ գրանցվելու։

2003 թ. ապրիլի 5-ին Սիդնեյի Births Geaths and Marriages registry-ում Էմիլը եւ Լիանան ճանաչվում են ամուսիններ։ Մնում էր պատրաստվել հարսանիքին։ Նախ վերանորոգեցին բնակարանը ու հետո մանր-մունր գործեր կարգավորեցին։ Սակայն 14 ամսվա ընթացքում, երբ Լիանան ապրել է ամուսնու հետ ծնողների ընտանիքում, նրանք միշտ աշխատել են բոլորից թաքցնել Լիանայի ներկայությունը, թույլ չտալ պատասխանելու հեռախոսազանգերին, չշփվել համայնքի հետ, պատճառաբանելով, որ հայկական գաղութում կդառնան բամբասանքի առիթ, որ առանց պսակադրության ապրում են մի տան մեջ։ Իսկ պսակադրությունն ամեն անգամ անհիմն պատճառներով հետաձգվում էր։

Մի օր Էմիլը հայտնում է, որ պետք է այցելեն բժշկիՙ ստուգվելու համար։ Այդ լուրը շատ տարօրինակ է թվում Լիանային, քանի որ մինչեւ Երեւանից գալն արդեն Էմիլի հետ եղել էին բժշկի մոտ, բոլոր ստուգումներն անցել էին, եւ որեւէ հիվանդություն չէր հայտնաբերվել։ Ինչեւէ, քանի որ աղջիկն այդ ընտանիք էր մտել հարսնացուի կարգավիճակով, ուստի պիտի հետեւեր իր ամուսնու պահանջներին։ Ի վերջո, Լիանան ենթարկվում է ստուգումների, սակայն, չգիտես ինչու, նրա ողնաշարից հեղուկ են քաշում (մի բան, որը շատ ցավոտ է ու հետեւանքն էլ մի քանի օր զգացվում էՙ թուլություն, գլխապտույտ եւ այլն)։

Լիանան սկսում է զգալ, որ այդ ընտանիքն իրենից ինչ-որ բան է թաքցնում։ Չանցած մի քանի օր, ամուսնու ծնողներն անձնական հարցերով մեկնում են ԱՄՆ։ Ինչ-որ մեկից Լիանան լսում է, որ սկեսուրը ծանր հիվանդ է, կուրծքն էլ վիրահատել են ու բուժման կարիք ունի... Ծնողները մեկնում են ու ամեն բան դառնում է անորոշ... Լիանան ընդունվում է աշխատանքի, իսկ ստացած գումարը ծախսում են ընտանիքում։ Միասին ապրած 14 ամսվա ընթացքում նրանք եղել են երջանիկ ու համարյա միշտ տանն են անցկացրել երեկոները։ Լիանայի մտքով անգամ չէր անցնում, թե ինչու է իր ամուսինը հաճախակի դեղահաբեր խմում, կամ ինչու հենց իր ողնաշարից հեղուկ հանեցինՙ սկեսուրը մեկնեց ԱՄՆ, ինչու էին իրեն մեկուսացած պահում, եւ Էմիլն էլ ամեն անգամ մի պատմություն էր հորինում կամ Ամերիկա, կամ Պարսկաստան մենակ գնալու համար։

Մի օր էլ շատ անսպասելի Էմիլը Լիանային հայտնում է, որ գնալու են Հայաստանՙ եկեղեցով պսակադրվելու, սակայն հորդորում է ոչ ոքի չասել։ Լիանան, բնական է, նման ուրախությունը չէր կարող գաղտնի պահել իր հարազատներից։ 2004 թ. հունվարի 9-ին Էմիլը եւ Լիանան ժամանում են Հայաստան։ Օդանավակայանում Լիանայի հարազատներից բացի, դիմավորում է նաեւ Էմիլի եղբայրըՙ Հենրիկը, որն ինչ-որ տարօրինակ գործերով է զբաղվում տարբեր երկրներում, եւ որի ներկայությունը շատ է զարմացրել նաեւ եղբորը։ Եղբայրները գնում են ճամպրուկները ստանալու եւ անհետանում են։ Չորս օր շարունակ ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն չստանալովՙ Լիանան հազար ու մի վատ բան է մտածում։ Փնտրում են բոլոր հիվանդանոցներում, հյուրանոցներում, Էմիլի եղբորՙ Հենրիկի աշխատանքի վայրում, որտեղ տեղեկացնում են, որ նա արդեն 6 ամիս չի աշխատում։ Զանգահարում են Էմիլի մյուս եղբորըՙ Էդմոնդին, նրա կնոջը, բայց ոչ մի լուր...

Ամեն հնարավոր ու անհնարին հասցեներով փնտրելուց հետո դիմում են ՀՀ «Զվարթնոց» օդանավակայանի տրանսպորտի վարչությունՙ հետախուզում հայտարարելու համար։ Ոստիկանությունում շատ վատ են վերաբերվում Լիանային, որից էլ վրդովված, ահա թե ինչ է գրել նա. «Այդ ամենից ես հասկացա, որ Հայաստանը մի երկիր է, ուր եթե գումար ունես, ապա իրավիճակի տերն ես...»։ Ոստիկանությունը մի քանի օր փնտրում է Լիանայի ամուսնուն, տեգորը եւ ոստիկանության աշխատակիցներից Գառնիկ անունով մեկը շատ զարմանալի մի պատասխան է տալիս Լիանային. «Համակարգչային սիստեմում Երեւան ժամանածների որեւէ ցուցակում Լիանայի եւ իր ամուսնու տվյալները գրանցված չեն, որ նրանք չեն ժամանել Հայաստան...»։

Հունվարի 15-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ Լիանայի ամուսինը հետ է գնացել Սիդնեյ (իր հետ տանելով նաեւ Լիանայի փաստաթղթերը, որոնք վերջին պահին իր ձեռքում էին)։ Խաբված ու արհամարհված երիտասարդ աղջիկը դեռ չհարսնացած դժբախտացավ... «Էմիլը եւ իր ընտանիքը օգտվեցին իմ անկեղծությունից ու միամտությունից, չարաշահեցին իմ հավատարմությունը եւ անմեղությունը...», գրում է նա։ Մի քանի օր հետո ստուգում է էլ. փոստը եւ այնտեղ գտնում մի նամակ, ուր Էմիլը գրել է ընդամենը մեկ բառՙ բաժանվում եմ... «Մի՞թե կարող է նման կերպ բաժանվել այսպես կոչված քաղաքակիրթ երկրում մեծացած երիտասարդը, որը կեղտոտ ճանապարհներով վաստակած գումարներով ամեն կեղծիքների եւ զրպարտանքների է գնացել...

Նրանց ընտանիքը երբեք չի հավատա, որ այս պատմությունը կհրատարակվի։ Ես այդ ամենը գրում եմ որպես ահազանգ ու պարզապես կոչ եմ անում հայ աղջիկներին, որ զգույշ լինեն Էմիլի նման գայլերից, որոնք հանդես են գալիս գառան մորթով։ Ինչպես ասում ենՙ երբ մի հոգի ոտքդ չի տրորում, նրան չես ճանաչում։ Ես նրանց ընտանիքին մեծարել եմ, բայց նրանց վերջին արարքը պատռեց նրանց իսկական դիմակը։ Հիմա, երբ արդեն հետ եմ նայում իմ ապրած 14 ամիսներին, հասկանում եմ, որ այս ամենն ի սկզբանե պլանավորել է Մելիք-Վարդանյանների ամբողջ ընտանիքը։ Եվ դեռ ավելինՙ Հայաստան մեկնելուց առաջ Էմիլը խնդրեց, որ իմ հաշվից որոշակի գումար փոխանցեմ իր հաշվին։ Այդ գումարներն իմ քրտինքով էի վաստակել, դե հիմա տեսեք, թե ինչպիսի մարդիկ են ապրում Սիդնեյում եւ զգույշ եղեք...»։

Այսպիսի տողերով է ավարտում խաբված աղջիկն իր պատմությունը, որի մեջ անորոշ ու մութ տեղեր կան հենց իր համար, եւ որոնք լիովին պարզելու համար գուցե արձագանքներ ստացվեն Ավստրալիայի հայ գաղութից կամ... Էմիլից ու նրա հարազատներից։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4