«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 31-ի համարը տեղեկացնում է, որ Սան Ֆրանցիսկոյի դատարաններից մեկը մերժել է երկու թուրքական կազմակերպությունների եւ նահանգի թուրք հյուպատոսի դատական հայցըՙ Ծոցի շրջանի (Bay area) հայկական համայնքի դեմ։ Հայցվորները պահանջում էին հանել Դավիդսոն լեռան հսկայական խաչի ստորոտում զետեղված հուշատախտակը, որը հավերժացնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հիշեցնենք, որ այդ տարածքը, որի վրա հառնում է 35 մետր բարձրությամբ սուրբ խաչը, աճուրդի էր հանվել 1997-ին, եւ նահանգի 32 ամերիկահայ կազմակերպություններ միասնաբար կարողացել էին ձեռք բերել այն։ Ցուցանակը, որի վրա փորագրված են խաչի ստեղծման պատմությունը (բացումը կատարել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը 1934-ին), հայկական կազմակերպությունների խորհրդին աճուրդով վաճառելու եւ 1915¬1918-ի թ.թ. ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի հիշատակը հավերժացնելու փաստերը, տեղադրվել է 1998-ին։ Բացման պաշտոնական արարողությունը կատարել է քաղաքապետ Վիլի Բրաունըՙ ցեղասպանությունը վերապրած հայերի ներկայությամբ։ Այս մասին «Ազգը» ժամանակին մանրամասն գրել է։
Դատական հայցը ներկայացրել էին «Հանուն արդարության ամերիկա-թուրքական միությունը», «Կալիֆոռնիայի ամերիկա-թուրքական ասոցիացիան» եւ Սան Ֆրանցիսկոյում հավատարմագրված թուրք հյուպատոս Բոնի Ջոյ Կասլանը։ Նրանց կարծիքովՙ նման կառույցի կամ ցուցանակի առկայությունը հակասում էր քաղաքի կանոնադրությանը։ Նրանց ներկայացնում էին իրավաբաններ Ռիչարդ Կարլստոնը եւ Քրիստոֆեր Դոյլըՙ «Ուոլնաթ Քրիք» իրավաբանական ֆիրմայից։
Հյուսիսային Կալիֆոռնիայի ամերիկահայ կազմակերպությունների խորհրդի շահերն էին պաշտպանում Դավիթ Բալաբանյանը, Ջեֆրի Հոլցը եւ Մաթյու Գրեյըՙ «Բինգհեմ Մկքաչեն» իրավաբանական ֆիրմայից։
Գերագույն դատարանի դատավորն է եղել Պոլ Ալվարադոն։
Ավելացնենք, որ խաչի առնչությամբ երրորդ անգամն է, որ թուրքական հայցը մերժվում է։ Խաչի գնմանը հաջորդող ամիսներին թուրքերը դարձյալ բողոքել էինՙ պահանջելով իշխանություններից եւ քաղաքական կուսակցություններից հրաժարվել տարածքը հայերին տրամադրելու մտադրությունից։ Պարզ է, որ նման քայլերը բաղադրիչ մասն են ավելի լայն արշավի, որ ընդհանրապես թուրքական կառավարությունը ծավալել էՙ կասեցնելու օտար երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Հ. Ծ.