«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2004-02-12 | #24, 2004-02-13 | #25, 2004-02-14


ՎԵՐՍՏԻՆ ԱՍՊԱՐԵԶ Է ԻՋՆՈՒՄ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ

Նրա առաջադրանքը Հայաստանի «մեկուսացվածության» չարչրկումն է եւ Տեր-Պետրոսյանի գովերգումը

Ինչպես տեղեկացրել էինք, «Արմինյն միրոր սփեյքթեյթր» շաբաթաթերթը փետրվարի 7-ի համարում անդրադարձել էր ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի դասախոսությանը, որը նա հունվարի 29-ին կարդացել էր Նյու Յորքի «Գրոլիեր» ակումբում։

Այս ակումբը ինչպիսի՞ նկատառումով է ամբիոն տրամադրել շատ ազգընտիր նախագահի ոչ պակաս ազգընտիր խորհրդականին, թե ո՞րն է դրա առնչությունը Հարավային Կովկասում ավելի ակտիվ դեր խաղալու եւ այդ ակտիվությունը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմամբ պայմանավորելու Եվրամիության նկրտումներին, դժվար է ասել։ Բայց որ Լիպարիտյանը թուրք-ամերիկյան ինչպես «գիտական», այնպես էլ պետական կառույցներին տուրք տալու մղումով ցանկալին որպես իրողություն ներկայացնելիս «Հայաստանի մեկուսացվածությունը» թեման վերստին չարչրկելու փորձեր է կատարում, ակնհայտ է։

Լիպարիտյանը ելույթում համեմատություններ էր կատարում Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչակարգերի միջեւՙ հանգելով Հայաստանի «մեկուսացման ճանապարհով շարժվելու» եզրակացության։ Նա մտացածին այս մեկուսացումը հիմնավորելու համար նշում է, որ Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը լավ հարաբերություններ է ունեցել ԱՊՀ երկրների եւ «հատուկ» հարաբերություններ Ռուսաստանի հետ, դրանք Վրաստանի պարագայում եղել են «հաջողակ», իսկ Իրանը «կայուն, վստահելի, պատասխանատու» գործընկեր էր եւ Ղարաբաղի հարցում որդեգրել էր չեզոք դիրքորոշում։

Մնում է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ իբր վատթարացել են, դրանք Ռուսաստանի դեպքում սովորական, իսկ Վրաստանիՙ անհաջողակ են դարձել, Իրանը ներկայումս մեր հանրապետության անկայուն, անվստահելի, անպատասխանատու գործընկերն է եւ Ղարաբաղի հարցում կողմնապահ դիրքորոշում է որդեգրել։

Եթե այս ենթադրությունները համապատասխանեին իրականությանը, ապա Հայաստանն ինքնաբերաբար կհայտնվեր ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի քաղաքական ուղեծրում։ Այս պայմաններում Լիպարիտյանը, ինչ խոսք, կազատվեր Հայաստանիՙ իր իսկ երեւակայության արդյունքը հանդիսացող մեկուսացվածության բոլոր հոգսերից, այլեւս չէր ունենա մտացածին այս մեկուսացվածությունը շեփորահարելու պարտավորություն, ոչ էլ դրա կարիքը կզգար։

Լիպարիտյանի պարագայում, սակայն, խնդիրը սոսկ թուրք-ամերիկյան կառույցներից ստանձնած պարտավորությունը չէ, այլ դրանց տրամադրությունները։ Թերեւս այդ տրամադրություններն էլ ստիպում են նրան նենգափոխել իրականությունը, եւ նա կարծիք է հայտնում, որ Տեր-Պետրոսյանի վարչակարգը պատրաստ էր «առանց նախապայմանների» կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, մինչդեռ Քոչարյանը «Ցեղասպանության հարցը դրեց արտաքին քաղաքականության օրակարգում»։

Նման մոտեցմամբ Ցեղասպանության հարցը դառնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման։ Իրականում «1915 թ. Ցեղասպանության մասին չհիշատակելը» որպես նախապայման այլ նախապայմանների թվում դեռեւս 1991-ին Հայաստանին էր առաջադրել Թուրքիան եւ անկախ հարցը պատմաբանների հայեցողությանը թողնելու Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունից առ այսօր ուժի մեջ է պահում։

Լիպարիտյանը, որ բազմիցս գաղտնի հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ղեկավարության հետ, քաջատեղյակ լինելով թուրքական նախապայմաններին, դրանք քողարկում է, որպեսզի նախապայման առաջադրողի դերում հայտնվի Հայաստանը։ Ավելինՙ նա միաժամանակ ողջամտորեն շրջանցում է նաեւ «Թուրքիայի հետ առանց նախապայմանի քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական բնագավառներում համապարփակ երկխոսություն ստեղծելու Հայաստանի պատրաստակամության» մասին նախագահ Քոչարյանի հայտարարությունը, առավել եւս հավաստիացումը, թե Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ երկու երկրների համագործակցության համար։

Ինչո՞ւ։ Որովհետեւ նախապայմաններն անհարիր են միջազգային պրակտիկային, դրանց առաջադրումն, այն էլ հարեւան երկրին, թշնամանքի ակնհայտ դրսեւորում է։ Թուրքիան սոսկ նախապայմաններ չի առաջադրել, այլեւ դրանք օգտագործել է որպես Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մերժման արդյունավետ միջոց։ Ուրեմն Լիպարիտյանը Ցեղասպանության հարցն իր քմահաճույքով նախապայմանի վերածելիս առաջնորդվում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բացակայության պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու առաջադրանքով։ Այդ ընթացքում նախադրյալներ են ստեղծում, որ Թուրքիան արդարացնի Հայաստանի նկատմամբ իր որդեգրած թշնամական քաղաքականությունը։

Լիպարիտյանը, սակայն, Թուրքիայի թշնամական քաղաքականությունն արդարացնելով չի սահմանափակվում։ Նա միաժամանակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալումից բխող թուրքական մտահոգությունն է արտահայտում։ Այլապես Լիպարիտյանը «հայկական քաղաքականության նկատմամբ թուրք դիվանագետների կասկածամտության աճը» Ցեղասպանության հարցի բարձրացումով չէր պատճառաբանի, ոչ էլ Պետրոսյանին կգովերգեր։

Ի դեպ, նա վերջինին գովերգում է նաեւ ղարաբաղյան խնդիրը լուծելու պատրաստակամության համար, որպեսզի «Հայաստանն առաջ գնա»։ «Որքա՞ն է Ղարաբաղը կարեւոր Հայաստանի համար», հարցնում է Լիպարիտյանը, ապա եւ ավելացնում. «Հայաստանը վերջին 5 տարիներին չի ունեցել տնտեսական ձեռքբերումներ ղարաբաղյան հարցի պատճառով»։ Քանի որ այդ հարցը, ըստ Լիպարիտյանի, գլխավոր խնդիրն է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ուստի Քոչարյանի վարչակարգին մնում է կանգնել Տեր-Պետրոսյանի դիրքերում եւ Հայաստանի տնտեսական ձեռքբերումների գիտակցությամբ անհապաղ հրաժարվել ե՛ւ Լեռնային Ղարաբաղից, ե՛ւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, որպեսզի հնարավոր լինի ղարաբաղյան հիմնահարցը լուծելիս միաժամանակ կարգավորել նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները։

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի դիրքերում։ Որովհետեւ դրանք թուրք-ադրբեջանական դիրքերից էապես չեն տարբերվում։ Ուրեմն Լիպարիտյանի տեսակետներն էլ չպետք է տարբերվեն Հայաստանի, Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում գերիշխող տեսակետներից։ Դրանում համոզվելու համար կարելի է հետեւել ադրբեջանական թերթերին, թուրքականներով հանդերձ, Անկարայում գործող Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի Հայկական հետազոտությունների ինստիտուտի հրապարակումներին, ինչու չէ, նաեւ Թուրքիայի արտգործնախարարության ու թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի ինտերնետային էջերին։ Այն տարբերությամբ, որ եթե Լիպարիտյանը Տեր-Պետրոսյանին գովերգում է, ապա Ադրբեջանն ու Թուրքիան առ այսօր նրա կարոտախտով են տառապում։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4