Ընդդիմության սահմանած շեմն ու իշխանությունների երազած փակուղիները
Ընդդիմությունը շարունակում է հանրաքվեի օրենքի նախագծի ու դրա հետ կապված վստահության հանրաքվեի իրականացման ուղիներ ու միջոցներ նախագծել։
Ընդդիմություն-իշխանություններ հարաբերական դադարի անորոշ ժամանակաընթացքում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը հնարավոր զարգացումների տարբերակներ ներկայացրեց լրագրողներին։
Խոչընդոտի դեպքում ընդդիմադիրները մտադիր են ապավինել ժողովրդի մասնակցությանը։ Իսկ երբ ժողովուրդը ներգրավվի իշխանությունների վրա ճնշումների գործընթացում, ապա հնարավոր է, որ հնչեն նաեւ ՀՀ նախագահի հրաժարականի պահանջներ։
Որ այդ ճանապարհով հավանական է հաջողության հասնել, «Արդարությունը» չի բացառում։ Նույն ժողովրդական ճնշման տակ եւ ոչ փոքրաթիվ պատգամավորների քվեներով 1992 թ. Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, որ որեւէ պաշտոնյա իրավունք չունի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը հավաստում է ԼՂՀ-ի առկայություն Ադրբեջանի կազմում։
Ըստ Շավարշ Քոչարյանի, այժմ իշխանությունները տակտիկական խորամանկ հնարքներ են բանեցնում, փորձելով դրդել ընդդիմադիրներին առավել անհեռանկար քայլերի։ Կիրառվում է անազնիվ, կեղծ քարոզչություն ԶԼ միջոցներով։ Կասկածելի վերլուծություններով ու գնահատականներով լցնում են քաղաքական մթնոլորտըՙ փորձելով կասեցնել ոչ միայն քաղաքական տարբեր շերտերի հնարավոր համախմբումները, այլեւ հասարակական տրամադրությունների կենտրոնացումը։ Իշխանությունների համար անսպասելի կայացավ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների միացումը, ուրիշ զարգացումներ էլ հնարավոր չէ բացառել։ «Արդարությունը» համոզված է, որ այս պահին ընդդիմության շարքերի միավորումներ են ընթանում, թեեւ իշխանությունները ճիշտ հակառակն են ներկայացնում։ Իբրեւ վարկաբեկիչ գործոն ակտիվորեն շրջանառվում է միավորմանը ՀՀՇ-ի մասնակցության փաստը։
Իշխանությունները շատ «կերազեին», որ առանց ընդդիմության պահանջները բավարարելու, վերջինս գլուխը կախ, հլու վերադառնա խորհրդարան։ Արդեն իսկ կոալիցիայի ճամբարից հրավերի ձայներ են հնչումՙ եկեք դահլիճ, որ ձեզ հետ քննարկենք հանրաքվեի օրենքի նախագիծը։ «Մենք խորհրդարան կվերադառնանք միայն մի դեպքում. եթե պառլամենտի մեծամասնությունը հրապարակավ հայտարարի, որ պատրաստ է քննարկելու եւ ընդունելու հանրաքվեի օրենքի նախագիծը։ Եթե մենք այս պահանջից նահանջենք եւ գնանք խորհրդարան իբր պայքարելու, կկոտրենք ամեն ինչ», ասում է Շավարշ Քոչարյանը։ Իշխանությունների համար մյուս ցանկալի փակուղին կլինի այն, որ ընդդիմությունը ընտրի անխելամիտ բռնության, ոչ սահմանադրական ճանապարհ։ Եվ իրենք ձեռքերն ազատելու եւ «անհնազանդների» հանդեպ ուժ կիրառելու հնարավորություն ստանանՙ հընթացս վարկաբեկելով նրան հասարակության աչքում, վերակենդանացնելով Արկադի Վարդանյանի հանդեպ կիրառված սցենարը։
Այսպիսով, կախված իրադարձությունների զարգացման ընթացքից, ընդդիմադիրները չեն բացառում խորհրդարան վերադառնալու հնարավորությունը։ Այդ հավանականությամբ են նրանք բացատրում այն իրողությունը, որ հակառակ հնչող մեղադրանքներին, առայժմ ձեռնպահ են մնում մանդատներից հրաժարվելու հարցը քննարկման դնելուց։
Հակառակ դեպքում իրենց կմնա միայն փողոցային պայքարը, «ինչը եւ երազում են իշխանությունները»։
Առայժմ կողմերից ոչ մեկը նահանջի քայլեր չի անում։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ