«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2004-02-12 | #24, 2004-02-13 | #25, 2004-02-14


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՀԼԻՃԸ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ Է

Սպորտային մարմնամարզությունը Հայաստանի սպորտի պատմության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում։ Ժամանակին մարզաձեւը բարի ավանդույթներ է ունեցել։ Հայկական սպորտին փառք ու պատիվ են բերել փառաբանված մարմնամարզիկներ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոններ ու մրցանակակիրներ Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Էդուարդ Ազարյանը, Էդուարդ Միքայելյանը, Արթուր Հակոբյանը, Էդուարդ Գեւորգյանը եւ այլք։ Ցավոք, անկախության տարիներին տնտեսական ծանր պայմանների հետեւանքով մարզաձեւը որոշ հետընթաց էր ապրել։ Վերջին տարիներին շնորհիվ մարզաձեւի նվիրյալների, նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ սպորտի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, այսօր արդեն սպորտային մարմնամարզությունում էլ որոշակի հաջողություններ են գրանցվել։ Այսօր էլ իր 75-ամյակը բոլորած փառապանծ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը մարմնամարզիկներ է պատրաստում։ Երեկ մարզադպրոց էր այցելել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ծանոթացավ մարզադպրոցի պայմաններին, դիտեց պատանի մարմնամարզիկների ցուցադրական ելույթները։ Սպորտի հետ բարեկամացած նախագահը չզսպեց իր գայթակղությունը եւ ներկաներին ցուցադրեց պտտաձողի վրա վարժություններ կատարելու իր հմտությունը։

«Առնվազն մի քանի տարի չէի փորձել ուժերս մարմնամարզական գործիքի վրա։ Փորձեցի, ստացվեց։ Պարոն Ազարյանը նույնիսկ առաջարկեց ինձ գալ այստեղ մարզվելու։ Այս մարզակառույցի մասին կարող եմ ասել, որ նաեւ ձերՙ լրագրողների շնորհիվ տեղեկացա, որ մարզադահլիճը չի ջեռուցվում։ Իրանից մարմնամարզիկներ էին եկել, պարապում էին, պատահաբար հեռուստացույցով դիտեցի, որ Ալբերտ Ազարյանն ափսոսանք էր հայտնում, որ դահլիճը չի ջեռուցվում։ Անմիջապես արձագանքեցի եւ հիմա մարզադահլիճն առանց ընդհատումների ջեռուցվում է։ Միայն բարձրակարգ մարզիկների, բարձր արդյունքների մասին չէ, որ պիտի մտածենք։ Նաեւ պետք է զարգացնենք մասսայական սպորտը, մտածենք առողջ ապրելակերպ ապահովելու մասին։ Կարծում եմ, երկու տարի անց այլեւս չջեռուցվող մարզադահլիճներ չեն լինի», լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Ազարյանն իր գոհունակությունը հայտնելով նախագահից, նշեց, որ նրա հրահանգով շինարարներն ընդամենը 20 օրում կառուցեցին կաթսայատունը եւ այսօր մարմնամարզիկները նորմալ պայմաններում մարզվում ու նախապատրաստվում են մրցումներին։ Միակ մտահոգությունը մարզագույքն է։ Այսօր այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին, մարմնամարզիկները մարզվում են 60-ական թվականների արտադրության գործիքների վրա։ Մարմնամարզական 6 գործիքների եւ ներքնակների ձեռքբերման համար 120 հազար դոլար է անհրաժեշտ, թեեւ գերմանական ֆիրմաներից մեկը պատրաստ է մարզադպրոցին գույք տրամադրել 80 հազար դոլարով։ Այսօր մարզադպրոցում 24 մարզիչների գլխավորությամբ 400 մարմնամարզիկներ են պարապում։ Շուտով Հայաստանի հավաքականն Իրանում կմասնակցի միջազգային մրցաշարի, իսկ ապրիլի վերջին հանդես կգա Եվրոպայի առաջնությունում։ Մեր հավաքականի առաջատար Վահագն Ստեփանյանը, որն անցյալ տարի Եվրոպայի առաջնությունում 9-րդ տեղն է զբաղեցրել, ամենայն հավանականությամբ կմասնակցի Աթենքի օլիմպիադային։

Ցավոտ հարց է նաեւ մարզիչների ցածր վարձատրությունը (6-15 հազար դրամ)։ Այս առնչությամբ ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ շուտով գործելու է մարզիչների վարձատրության նոր կարգՙ պայմանավորված ցույց տված արդյունքներով։ Ըստ այդ կարգի, մարզիչը մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ կարող է ստանալ։ Ինչ վերաբերում է մարզադպրոցը մարզագույքով ապահովելուն, ապա Իշխան Զաքարյանը նշեց, որ Հայաստանի կառավարության հետ գույքային մեծ ծրագիր է մշակված, Ճապոնիայի կառավարությունից դրամաշնորհ է հատկացվելու մարզահամերգային համալիրը եւ մարմնամարզության դպրոցը կահավորելու համար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4