«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2004-02-13 | #25, 2004-02-14 | #26, 2004-02-17


ԿԻՊՐՈՍԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ

ՄԱԿ, 16 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների ղեկավարները ուրբաթ օրը համաձայնության են հասել կղզու վերամիավորմանՙ ՄԱԿ-ի մշակած պլանի շուրջ, ինչը նրան հնարավորություն է տալիս մայիսի 1-ին Եվրամիության մեջ մտնել որպես միասնական պետություն։ Այդ մասին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է գլխավոր քարտուղար Կոֆի Անանը, որի նախաձեռնությամբ կայացել է կիպրական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերջին փուլը։ Այն սկսվել էր երեքշաբթի օրը եւ ավարտվել ուրբաթ առավոտյան։ Բանակցությունները վարում էին Կիպրոսի Հանրապետության նախագահ Թասոս Պապադոպուլոսը եւ թուրքական համայնքի ղեկավար Ռաուֆ Դենքթաշը։ Բանակցություններին ակտիվորեն աջակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, երաշխավոր պետություններ Հունաստանը, Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ը։

Համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ Հունաստանի եւ Թուրքիայի կողմից համաձայնեցված հայտարարության համաձայն, փետրվարի 19-ին կողմերը Կիպրոսում բանակցությունները կվերսկսեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալվարո դե Սոտոյի օժանդակությամբ։ Նրանք պարտավորվում են մինչեւ մարտի 22-ը բանակցություններն ավարտել միավորված երկհամայնքային եւ երկգոտի պետության ստեղծման ճանապարհով կիպրական հիմնախնդրի համապարփակ կարգավորման վերաբերյալ համաձայնագրի մշակմամբ։

Եթե նրանց, այնուամենայնիվ չհաջողվի համաձայնության գալ, Կոֆի Անանը վերստին երկու կողմերի հանդիպում կգումարի Հունաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբՙ փորձելու համաձայնության հասնել համաձայնագրի վերջնական տեքստի վերաբերյալ։ Դրանից հետո ենթադրվում է փաստաթուղթը ապրիլին հանրաքվեի դնել կղզու երկու մասերում։

Կողմերը նաեւ պայմանավորվել են ստեղծել վերամիավորման պլանի կենսագործման տնտեսական ու ֆինանսական հարցերի տեխնիկական կոմիտե, որը գլխավորելու է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։ «Մենք առայժմ չենք լուծել այդ հիմնախնդիրը, բայց ես իրապես հավատում եմ, որ 40 տարի անց քաղաքական կարգավորումը Կիպրոսում վերջապես հնարավոր է դարձել պայմանով, որ երկուստեք անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերվի», մամուլի ասուլիսում հայտարարել է Կոֆի Անանը։ Նա համոզված է, որ այժմ մինչեւ մայիսի 1-ը կղզու վերամիավորման իրական հնարավորություն է ստեղծվել։

ԱՄՆ-ը ողջունել է Կիպրոսի թուրքական եւ հունական համայնքների ղեկավարների բանակցությունների արդյունքները։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը, հանդիպման արդյունքները «երկու կողմերի կառուցողական տրամադրվածության եւ քաղաքական կամքի արգասիքն էին»։

Մեծ Բրիտանիան նույնպես ողջունել է Կիպրոսի թուրքական եւ հունական համայնքների ղեկավարների բանակցությունների արդյունքները։ Այդ մասին ասված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեկ Սթրոյիՙ Լոնդոնում տարածված հայտարարության մեջ։ «Ես շնորհավորում եմ կողմերին համաձայնության հասնելու առթիվ։ Կիպրոսն արժանի է, որ Եվրամիության մեջ մտնի որպես վերամիավորված պետություն», ասել է Սթրոն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4