«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԻՍԿԱՊԵՍ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ»

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ Եվրախորհրդարանի զեկուցող Պեր Գարթոնն օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարի առնչությամբ։ Թեեւ հայկական մամուլում արդեն որոշ մեջբերումներ են արվել Գարթոնի հարցազրույցից, այդուհանդերձ, հարկ ենք համարում ներկայացնել երեք հարցերի պատասխաններն ամբողջությամբ։

- Չէի՞ք կարող մանրամասն նկարագրել Հարավային Կովկասում առկա քաղաքական իրավիճակը։

- Այստեղ, անշուշտ, նկատվում է որոշ դրական առաջընթաց, քանի որ տարածաշրջանի երկրները խուսափեցին դիկտատուրայի հաստատումից։ Թեեւ այդ հանրապետություններում քաղաքական կարգը չի կարելի համարել կայացած ժողովրդավարական, այնուամենայնիվ, այդ հանրապետություններում թույլ է տրվում ընդդիմության գոյությունը։ Սա հիմնականում վերաբերում է Վրաստանին, ավելի պակաս չափովՙ Հայաստանին եւ Ադրբեջանին։ Այդ հանրապետություններում գործում են իրավապաշտպան կազմակերպություններ։ Դրանք արդեն բոլորովին էլ ոչ խորհրդային, ոչ էլ ֆաշիստական համակարգեր են, այլ ավելի շուտ ժողովրդավարությունՙ կայացման փուլում։

- Ի՞նչ կասեիք Ադրբեջանի մասին, որտեղ նախկին նախագահ Հեյդար Ալիեւին փոխարինեց որդինՙ Իլհամը։

- Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիեւին։ Հանդիպման ընթացքում նա ցույց տվեց երկու երես։ Իլհամ Ալիեւի առաջին դեմքը ես նկատեցի նրա օգնականի եւ ադրբեջանցի լրագրողների ներկայությամբ։ Նախագահը խոսում էր ադրբեջաներեն եւ շատ կոպիտ էր թարգմանչի նկատմամբ։ Երբ լրագրողները հեռացան եւ ես մնացի նախագահի հետ, Իլհամ Ալիեւը խոսեց մաքուր անգլերեն եւ ինձ երեւաց բացարձակապես այլ լույսի ներքո։ Թվում էր, որ նա շատ խաղաղ է տրամադրված եւ իրականում ցույց տվեց մարդկանց հանդիպելու ցանկություն, հատկապես Հայաստանի հետ հակամարտության հարցով։ Եթե նա այս ընթացքում բլեֆ չէր անում, իսկ ես կարծում եմ դա այդպես է, ապա Հայաստանի հետ հաշտեցման հնարավորություններ գոյություն ունեն։

Միջազգային հանրությունը պետք է գործի վճռականորեն եւ կողմերին, ինչպես Ալիեւին, այնպես էլ Քոչարյանին, մղի խաղաղության։ Նրանք կարիք ունեն նման «մղման», եւ իրենք են խնդրում (Քոչարյանը եւ Ալիեւը) դա։

- Որքանո՞վ է հավանական Լեռնային Ղարաբաղի անկլավի շուրջ երկու հարեւանների այդքան երկար վեճին ավարտ տալու հեռանկարը։

- Կարծում եմ, փոխզիջումների հնարավորությունը նվազագույն է։ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվի միջազգային հանրության կողմից որպես (անկախ) պետություն ՄԱԿ-ում։ Ի դեպ, դա այնքան էլ կարեւոր չէ հենց իրենցՙ ղարաբաղցիների համար։ Այդ մասին ինձ ասաց այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, բայց նրանք երբեք չեն համաձայնի լինել Բաքվի վարչական վերահսկողության տակ։ Սա է գլխավորը։ Ձեւականորեն, իրավական տեսանկյունից նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի կազմում, բայց փաստորեն լիովին ինքնավար են ամեն ինչում, ինչը կարեւոր է առօրյա կյանքում։

Լեռնային Ղարաբաղը չի պահանջում ՄԱԿ-ում, Եվրախորհրդում կամ որեւէ այլ կազմակերպությունում իր տեղը։ Նրանք դադարեցրել են նման պահանջները, քանի որ հասկացել են նման պահանջների իրականացման անիրական լինելը։ Այսօր միջազգային հանրությունը հակված չէ ինչ-որ նոր ինքնիշխան պետությունների ձեւավորման։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա իսկապես նրանք այլեւս չեն ցանկանում ղեկավարել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Ադրբեջանցիները գիտակցում են, որ այդ ամենը կորսված է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4