«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ժողպատգամավորի» միջնորդական առաքելությունը ղեկավարվում է այս շեշտադրմամբ

Հայտնի է, որ «Ժողովրդական պատգամավոր» խումբը մտադիր է միջնորդական առաքելություն իրականացնել կոալիցիոն ու մնացած պատգամավորների եւ ընդդիմադիրների միջեւՙ վերջիններիս հորդորելով վերադառնալ խորհրդարան։ Հիշեցնենք, որ այս խմբում միավորվել են նախկին ու ներկա, տնտեսական ու պետական կառավարման դաշտում որոշակի դիրքի հասած, կայացած տնտեսվարողներ, որոնց համոզմամբ, այս երկիրը ոչ իշխանությանն է, ոչ ընդդիմությանը, եւ ոչ ոք իրավունք չունի սեփականաշնորհելու այն։

Կարեն Կարապետյանի բացատրությամբ, սակայն, իրենց նախաձեռնությունը չպետք է ընկալել ուղղակի իմաստով։ Իրենք ընդամենը մտահոգված են խորհրդարանում առաջացած կացությամբ, եւ քանի որ խորհրդարանում մնացած հատվածը հարկադրաբար զբաղվելու է մենախոսությամբ, իրենք փորձելու են վերականգնել երկխոսությունը պառակտված հատվածների միջեւ։ Այնուամենայնիվ, խուսափի, թե ոչ մամուլի կողմից իրենց շնորհված միջնորդի կարգավիճակից խմբի ղեկավարը, այն, ինչ մտադիր են իրականացնել, այլ անվանում չունի։

Բայց ինչ է հաջողվել անել կամ չի հաջողվում անել «Ժողպատգամավորին» ընդհանուր եզրերը վերականգնելու համար։ Կարեն Կարապետյանը պատմեց, որ իրենք արդեն հանդիպել են 2 կողմերի անհատ պատգամավորների եւ խմբակցությունների ղեկավարների հետ։ Իրենց նախաձեռնության գլխավոր դրդիչն ու բացատրությունը ղարաբաղյան խնդիրն է, քանի որ խորհրդարանական բարքերը կարող են ազդել մեր երկրի միջազգային վարկի վրա ու վնասել Ղարաբաղին։ Այսինքն, եթե ներսում թույլ ու խոցելի իրավիճակ է, հնարավոր է, որ իբրեւ Արցախի հարցի լուծման ուղի մեզ առաջարկվի կամ նույնիսկ պարտադրվի անընդունելի տարբերակ,

Թերեւս հասկանալի է դառնում այն իրողությունը, թե ինչու անցած շաբաթ ընդդիմադիր ու իշխանամետ պատգամավորական խմբերի ղեկավարների հանդիպման ժամանակ խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու դիլեման ստորադասվեց Ղարաբաղի հարցում միասնական կարծիքի հրապարակմանը։ Ընդդիմադիր դաշտից թերեւս միայն «Ազգային միաբանությունը», հարազատ մնալով անհանդուրժողականության տրամաբանությանը, հրապարակավ անհամաձայնություն հայտնեց նույնիսկ Ղարաբաղի հարցում։

Հայտնի է, որ այդ քննարկումները շարունակվելու են, բանակցային գործընթացներըՙ նույնպես։ Թե կողմերից յուրաքանչյուրի որ սպասելիքները կարդարացնեն դրանք կամ կարդարացնե՞ն արդյոք, դժվար է կանխատեսումներ անել։

Երկրի անվտանգությանը սպառնացող մյուս գործոնը «Ժողպատգամավորը» համարում է տնտեսական կայուն վիճակի պահպանումը։ «Եթե երկրում կա սոցիալապես անապահով շերտ, եթե անընդհատ ասում ենք, որ մարդկանց մի մեծ շերտ ընչազուրկ է, ապա այդ խնդրի լուծումը տնտեսական դաշտում է։ Այնտեղից է բյուջե փող գնում, այդտեղից նպաստներ ու աշխատավարձեր են վճարվում։ Ցանկացած այսպիսի անցուդարձ բացասական ներգործություն է ունենում տնտեսության վրա եւ ուղղակիորենՙ նաեւ անապահով շերտի», այս տրամաբանությամբ է այսօր իր միջնորդական նախաձեռնությունը նախագծում «Ժողպատգամավոր» խումբը։

«Ազգ»-ի այն դիտողությանը, թե ընդդիմադիր պատգամավորների ըմբոստության այս արտահայտությունը եւս հիմնավորվում է ժողովրդի սոցիալական վիճակով, եւ հենց այդ նպատակով են հանրահավաքներ կազմակերպելու, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Հանրահավաքը կարող է նաեւ ծայրահեղ քայլերի տանել լսարանին, բայց եթե քաղաքական երկխոսություն լինի ընդդիմության ու իշխանության միջեւ, ապա կողմերը գոնե կգիտակցեն, որ երկու դաշտում էլ որեւէ բան ձեռնարկելիս շատ զգույշ պետք է լինել», սա էլ խմբի գործողության մյուս չափանիշն է։

Արդյոք առանց ընդդիմության խորհրդարանն իրեն զգո՞ւմ է ճգնաժամային վիճակում։ Այս հարցին Կարեն Կարապետյանն այսպիսի պատասխան տվեց. «Եթե պառլամենտն աշխատում է, ուրեմն ճգնաժամ չկա, բայց երեւույթը տհաճ է։ Երկու կողմն էլ իրենց բաժնով պատասխանատու են երկրի առջեւ»։

Այն, որ հեռացած ընդդիմությունը կարող է պարզապես անտեսել «Ժողպատգամավոր»-ի միջոցառումը, որովհետեւ վերջինս միասնաբար դեմ քվեարկեց հանրաքվեի օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, խմբի ղեկավարը անտրամաբանական է համարում։ Դեմ քվեարկելը եղել է իրենց տեսակետի արտահայտությունը, եւ պարտադիր չէ, որ համընկներ ընդդիմության կարծիքին։

Մնացած հարցերում ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության ներկայացուցիչների հետ իրենք բարի կամեցողական հարաբերություններ են պահպանում, այնպես որ 2 կողմերն էլ կարող են վստահել իրենց։

Իսկ եթե ընդդիմությունը չվերադառնա խորհրդարան, ինչ է մտադիր անել «Ժողպատգամավորը»։ «Նորմալ է վերաբերվելու, ինչպես ներկա, այնպես էլ այդ պահին, դիտարկելով դա սահմանադրության ու օրենքի շրջանակներում իրականացվող քաղաքական ակցիա։ Իսկ իշխանությունը պետք է որոշակի առաջարկներ աներ, որպեսզի կոշտ հարաբերություններ չառաջանային։ Կոալիցիան է վերցրել պատասխանատվությունը, ինքն էլ պիտի փորձի տակից դուրս գալ»։

Վերջնահաշվում, «Ժողպատգամավորի» ղեկավարի գնահատմամբ, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունները չեն տուժելու, եւ ամեն ինչ ջարդվելու է էլի ընչազուրկ խավի գլխին։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4