«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ՀԵՐՔՎՈՒՄ Է «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱՅԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ տարածել է հայտարարություն, որում հերքվում է ռուսական «Նեզավիսիմայա գազետայում» (13 փետրվարի) տպագրված այն տեղեկատվությունն, ըստ որի իբր Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը փորձել է ռուսական իշխանություններից աջակցություն ստանալ, եթե Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարվի։ Ընդ որում, ռուսական թերթը, հղում անելով ՌԴ ԱԳՆ մի անանուն աղբյուրի, նշել էր, թե Հայաստանի ներքաղաքական հարցերում կարող է օգտագործվել Գյումրիում տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմակայանը։

«Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Երեւանում ՌԴ դեսպանության հայտարարությունը, հաղորդում է, որ նմանօրինակ հրապարակումներն ունեն ակնհայտ սադրիչ բնույթ եւ ուղղված են հայ-ռուսական համագործակցությունը խաթարելուն։ Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանը գործում է համաձայն հայ-ռուսական պայմանագրի, որը ստորագրվել է 1995 թ. մարտի 16-ին, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման նպատակով։ Այս պայմանագրի 9-րդ հոդվածն ասում է, որ «ռուսական ռազմակայանը, դրա անձնակազմը, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը եւ չեն միջամտում երկրի ներքին գործերին»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4