«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2004-02-14 | #26, 2004-02-17 | #27, 2004-02-18


ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՄԻԱՅՆԱԿ ԹԱՓՈՐԸ

Վերջերս Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դահլիճում, ներկայացվեց արձակագիր Նելլի Շահնազարյանի «Թափորը» մոնոդրամը։ Նշենք, որ «Արմմոնո» փառատոնի այս տարվա սեպտեմբերյան օրերին բեմադրությունը ներկայացվել է (ռաժիսորՙ Վահե Շահվերդյան, դերասանուհիՙ Գրետա Մեջլումյան) եւ արժանացել մրցանակի, սակայն խոսքը Ն. Շահնազարյանի գրական երկի մասին էՙ նախնական հորինվածքով պատմվածքը, որ մոնոդրամի վերածելով հեղինակը որոշ փոփոխությունների է ենթարկել ու ամբողջացրել բեմական ասելիքի հարթության վրա։

Ո՞վ է Շահնազարյանի Թերեզըՙ աստվածաշնչային Հռութի (Նոյեմիի հարսի) ժամանակակից մի տարբերա՞կ, զտարյուն հայուհի՞, որ բոլոր ժամանակների համար, ցավոք, արդիական է, թե՞ պարզապես կին, որ աշխարհի անխղճության ու սեփական խղճի արանքում տառապում է։ Ուժերից վեր հոգսը ուսած, քաշում է այս կինն իր անցյալի բեռը, որն, իբրեւ խտացումՙ առարկայացել է սկեսուրի դագաղի խորհրդանիշով...

Այսպես է սկսվում պատմությունը. գյուղական լքված ու խղճուկ տան դռները կրնկի վրա բացվել են, բայց ո՛չ ոք չի սպասում տանտիրոջը Անցյալի ջարդուփշուր հիշատակների, քայքայվող տան ու իրերի վրա դաժանորեն աշխատել ու դեռ աշխատում է ժամանակը «Մահամերձի վերջին կամքն օրենք է». Թերեզը հավատարիմ է այս չգրված կարգին, բայց աշխարհը հավատարի՞մ է իրՙ նույնքան անհերքելիՙ ճշմարիտ տեսությանը. «Մեռնելուց հետոՙ ո՜վ ասես կթաղի»։ Ոչինչ չկա զարմանալու, պարզապես, դառնորեն կրկնվում է կյանքի փորձը. «Երբ պետք է եղելՙ ոչ մեկին չի գտել, ինքն իր ցավի հետ մենակ է մնացել»... Որքա՜ն ծանոթ ու մարդկային դիտարկում, որ պարզորոշ հաստատում է անհատիՙ ըստ էության, մշտապես միայնակ աստանդավորի կարգավիճակը, ու վերահաստատումՙ իր աժդահա ամուսնու կողքին էլ միայնակությունը ճաշակած կնոջ հոգեվիճակը, որ բնավ էլ ամուսնու օտար արյան կամ գինեմոլության շրջանակներում չի մասնավորեցվում ու եզրագծվում Թերեզը շատ ավելի միայնակ է, քան պարզապես լքված կինը։ Նրա խղճին ուրիշ բեռ կա ծանրացածՙ տարիների ընթացքում սեփական անզորության գիտակցումն ու խղճմտանքի մամլիչ նժարը, որ անկախ սեփական մասի լինել-չլինելուցՙ իրենն է համարում ծերանոցում հայտնված եւ այնտեղ էլ մահկանացուն կնքած սկեսրոջ հանդեպ չգործած իր «անտարբերության» մեղքը։

Պատմվածքում արդենՙ Թերեզի միայնակ կերպարը, որ սակավ աջակիցների կիսապարզած ձեռքի թափանցիկ ներկայությունն է ակնարկում (բեռնատարի վարորդը, դուստրերը, գերեզման փորող մեկ-երկու երիտասարդ), մոնոդրամի ժանրային կնիքովՙ առավել մենակ է ու օտարված։ Եվ, սակայն, լուսավոր են նրա նկրտումներըՙ երազի նման կուզեր անհնարինը շրջել ու սրտից անցածն անել հանգուցյալի համար։ Հետո ի՜նչ, որ իրեն անիծում էր, որ հրեշտակ չէր ու ոչ մեկին լավություն չէր արել... մարդ էր, որ անօգնական վիճակում հայտնվել էր իր աչքի առաջՙ սեփական որդիներից մերժված...

Հուզիչ է հեղինակի անդրադարձը ծերանոցին, եւ հատկապես հուզիչ է բեմական տարբերակում... Որբության ու որբանոցի հոտ է գալիս թշվառության ու ծերության այդ կացարանի հիշատակումից եւ, փա՜ռք Աստծո, որ կան հոգսատարի հուշերը, որոնք գալիս են հաստատելուՙ տարիներ շարունակ իր երեք զավակների կողքին, իբրեւ չորրորդըՙ սկեսուրին խնամած փխրուն կնոջ կերպարի զուլալման համարՙ միանգամայն սգակիր դարձնելով նրան։

Անվրեպ ու ժամանակի համար անչափ կարեւոր դիտողականությամբՙ Ն. Շահնազարյանն օրավուր անտարբերությունը վարպետորեն տարրալուծել է անհատական շահի նեղլիկ խառնարանում։ Կիսակայարանի վերաբնակները գալիս են լրացնելու օտարման ֆենոմենը. այսինքնՙ բույսեր, որ խորունկ արմատներ չունեն, ու քամու հետ ո՛չ նեցուկ են, ոչ էլ դեմ կլինեն գլորվելու ու նոր հողի մեջ հաստատվելու։ Այս հողը կոշտ է... ու գերեզմանափոս փորելն էլՙ դժվար է։ Լավ է, որ փորողը Թերեզը չէ. - սաՙ պատմվածքում։ Նրա ներքին խռովքն ու կռիվըՙ չոր արցունքի, ասված ու չասված խոսքերի ուժով, ասես, քարանում են ընթերցողի կոկորդում։

Այլ է բեմադրության ավարտը. ծանրամեծ քլունգը ձեռքինՙ փոքրամարմին, բայց բյուրեղացած կինը գերբնական իր ուժի վերջին կայծերը պարպում է հողը փորելիս ու ամեն հարվածի հետՙ ավելի է զորեղանումՙ տեսարան, որին դերասանուհի Գրետա Մեջլումյանը տարերքի ուժ է տալիս, որը օրգանական հակակշիռն է նույնքան ազդուՙ հոգեհաց ուտելու, ասես դանդաղացրած, տեսարանի։

Որքան ճիշտ է հեղինակի շտկումըՙ պատմվածքային տարբերակի բնակարանը (շենքի վերին հարկում)ՙ մոնոդրամում փոխարինել հողաշեն գյուղական տան հետ։ Տո՛ւն, ո՛չ թե բնակարան, տո՛ւն, որը լքված է, որտեղ փուշ ու տատասկ է աճելՙ հին գերեզմանոցի, «չապրվող գյուղի» ու «չթաղվող մեռելների» օրինակով։ Այստեղ է, որ ռեժիսորի դիտողականությունը պիտի հիշատակեմ (դերասանուհու եւ ռեժիսորի ճշմարիտ գնահատականն, այնուամենայնիվ, թողնելով թատերագետներին), ու կրկին պիտի անդրադառնամ գրողին։

Իր հոգին քամելով ու երեւակայության ուժովՙ հեղինակը շունչ է տալիս կերպարին։ Եվ որքան այդ կերպարը ծանոթ է ու ճանաչ, այնքան ընկալելի է, որքան եզակի է ու բարդ, այնքանՙ փնտրված, որքան առեղծվածային, այնքանՙ ցանկալի։

Ն. Շահնազարյանի ստեղծած կերպարը թե՛ ընկալելի է, թե՛ փնտրված ու ցանկալի է այնիվ, որ ազգային գրականությանն ու, առավել եւս, բեմինՙ օդ ու ջրի պես պետք են կնոջ խորքային կերպարներ։ Կին է հեղինակը, ու համարձակ կնոջ ազնվությամբՙ բարձրաձայնել է շատ ավելին, քան Թերեզի տարիների լռությունըՙ սեղմված պատմվածքի կամ մոնոդրամի ծավալում, ուստիՙ մենք եւս վերջին բազմակետումով արձագանքենք կնոջ անափ համբերանքին, որ արվեստագետի պարագայումՙ ներշնչանք է...

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4