Բոլոր արվեստներից ամենահինը խոհարարությունն է, եւ պատմության մեջ ամենահամեստ արվեստագետները խոհարարներն են եղել։ Իսահակյանն ասում է. «Սրիկա է նա, ով հայր է լինում», բայց ինքը հայր է դառնում։ Շոպենհաուերն իր հիմնադրույթների մեջ բարձր է գնահատում ինքնասպանությունը, բայց ինքնասպան չի լինում։ Հյուգոն ստեղծագործում է ռոմանտիկի նման, բայց ապրում է ինչպես քաղքենի... Չնայած այդ կարգի բազմաթիվ օրինակների, այդ հակասական երկվությունը պարտադիր չէ որակել իբրեւ երեսպաշտություն (թեպետ կարող է դիտվել նաեւ որպես ամբոխահաճություն), պարտադիր չէ, որովհետեւ հեղինակը տվյալ մարդու ինքնության ընդամենը մի հատվածն է, եւ այդ հակասականությունը մինիտրամաչափերով կայանում է նաեւ ոչ պրոֆեսիոնալ ստեղծագործողների մոտ ոչ որպես պաշտոնական ինքնագործունեության բռնկումներ։ Այդ հակասականությունը յուրօրինակ հոգեբանական ինքնասպանություն է։
Փաստացի ինքնասպանների կարեւորագույն սխալն այն է, որ նրանք չափից ավելի են հարգում հասարակությանը։ Հասարակությունը, չէ թե մեկ մարդու կյանք, այլ նույնիսկ երեխայի մի կաթիլ արցունքն անգամ չարժե։ Ինքնասպանների երկրորդ հիմնական սխալն այն է, որ արդարամիտ չեն համարում այն տանջանքները, որ իրենք կրում են։ Մեր մրսածություններն ապօրինաբար ձեռք բերած մեր մարդկային ջերմությունների հատուցումն են։ «Դավիթ Մարգարեի վերջաբանը»։ Մարդկությունը անմտորեն հարատեւաբար մրսում է։ Իբրեւ երեխա աշխարհ եկանք որպես ադամական թե նախակարմայական մեղապարտներ, էլ ո՞ւր ենք ավելացնում առանց այն էլ ծանր բեռը եւ ի չիք ենք դարձնում այն, որ Տիրոջ Որդին անձնազոհ եղավ մեր անցյալ, ոչ գալիք մեղքերի քավության համար։ Արժե՞ այսօր, որ մարդ դառնա դահիճն այն զոհի, որպիսին ինքն է լինելու։ Ուրիշը չէ ձեր դատավորը։ Ինքներդ եք ձեր դատավճիռը կայացնում ըստ ձեր պատասխանատու բնավորության, ձեր իսկ զարգացրած ճակատագրովՙ լինի դա անհատական թե համազգային։ Կայանում է աստվածային քերականության կիրառում մարդկային պոռոտախոսության վրա։
Խաղը լավ է, եթե մեջն աղ կա ու ոչ թե խաղկատակություն։
Պատահականությունները քո Փրկչի զինամթերքն են. ապավինիր։ Տիրոջ աջի տակ աշխարհի անօգնականը կարող է ապրել թե մեռնելՙ նույնն է, քանի որ այս ու այն կողմը համարժեք են պայմանականորեն։ Եսՙ ննջեցյալս, դա հաստատում եմ։ Փաստացին համոզիչ փաստն է, գերփաստացին քեզանից հավատ է պահանջում, որն անհատույց չի մնա։ Պարադոքս է, երբ քեզ գայթակղում են նրանք, որոնց ուզում ես փրկել։
Անձնական փորձառությունը, որ կարեւոր բջիջ է, առավել եւս կարեւորվում է, երբ միահյուսված է լինում սերնդակիցների եւ պատմական փորձառությունների համակարգի հետ։ Քո դիակը քո սեփական անդունդի գագաթնակետն է, որտեղից պիտի բխեն հրաբուխները այսՙ կյանքում քո կուտակած եռանդի բոցերից։ Քո մարմնի ոչնչացմամբ է կայանում քո հոգու վերածնունդը։ Քո հոգեվարքը քո հանգչող մարմնի զոհաբերվող արգանդի վերջին ճիգն է, եւ անհոգի մարդը չբեր դիակ է։
Բարեկամություն, չարակամություն, դժկամություն, կամակորություն, թուլակամություն, կամազուրկ, կամովին, կամուրջ, կամակատար... չորս կողմը կամքն է վճռում ճակատագրի տարբերակը, որն իբրեւ ուղեծիր ի վիճակի է խախտելու ընթացքների չվացուցակը։
Քաղաքացիների կոնֆորմիզմը պետության նպատակադրումն է։ Հասարակությանը մի զրկիր քո ինքնության չափակշռից։ Տերը քեզ պատահաբար չի ստեղծել։ Դու քո մնացորդն ես. որոնիր լրացուցիչը ինքդ քո միջից։ Ժողովուրդն ինքդ ես, երբ մտահոգված ես ժողովրդի ճակատագրով։
Կյանքը քաղցր է, մեր ատամներն է փչացնում, սիրում ենք նրան։ Մահը հավատարմորեն դարեդար պահպանում է կյանքի աքցաններից վրիպած մեր ատամները. մենք ատում ենք նրան։
Զնգացնում է, ձայն է տալիսՙ ժավելի սպի՜րտ... հավանաբար մտովի երգում է. «Զանգը ձեռիս աշխատում եմ։ /Հալալ ժավելս եմ վաճառում, (քանի որ իմ արտադրածն ստացել եմ իբրեւ աշխատավարձ)։ /Վայ էն մարդուն էս աշխարհում, /Որ ժավելի սպիրտ է խմում, (անշուշտ, ոչ քեֆոտվելու համար)։ Այդ ընթացքում Կիեւյան կամրջի շինարարները վերացնում էին տրամվայն ու դրա գծերըՙ ինքնասպաններին սպասարկելու մոնոպոլիայի համար պայքարելիս. ինքնասպաններ, որոնք զոհվում էին հանուն հայրենիքիՙ նրանից չհեռանալու համար։ Մայթերն այնպես են սառցակալել, որ ձու գնել չի լինում։ Մնում է, որ քաղաքապետարանը, շաբաթօրյակի կարգով, հավերին հավաքագրիՙ մայթերը սառցազերծելու համար։ Ոսկե հորթը քիչ համարեցին, ոսկի կովին են պաշտում։
Գլուխ մի դիր ուրիշի հետ, որ նրանից գլուխ հանես։ Գլուխը քարը, եթե գանգդ ավելի պինդ է, քան քարը։ Վատ երազի քո օգուտն այն է, որ անքնությամբ չտառապեցիր։ Ձին ջորու մասին ասաց. «Էշ չէ, որ չհասկանա»։ Էշը լսեց եւ, այնուամենայնիվ, հասկացավ, որ ինքը չհասկանալու իրավունք ունի։ Մեկը ծովի տակից, մյուսը հողի տակիցՙ «կապչյոնին» ի՞նչ կապ ուներ խաշած կարտոֆիլի հետ, երբ նրան վիճակվեց կուլ գնալ օղու բացած Շիրկանալով։
Քաղաքակրթությունները կործանվում են սատանաների փոխմրցակցությունից։ Մերթընդմերթ սատանաները հետեւում են «Սատանաներ բոլոր երկրների, միացե՛ք» կարգախոզին։
Այն, որ գաղափարական պայքարը շիրմա էՙ ի ծառայություն անձնական նյութական շահերի, դեռ չի նշանակում, որ գաղափարը զուրկ է բարոյական արժեքից։ Ընդհակառակը։
Լինում է նորմալ վերնագիր։ Լինում է պարույրսեւակավարի վերնագիրը վերջում։ Ցաքուցրիվ պատահում է անվերնագիրը։ Լինում է բորկավիանական վերնագիր, որ կապ չունի տեքստի հետ։ Ինչո՞ւ չլինի վերնագիրը մեջտեղներում։
ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ